21 Դեկտեմբեր, Շբ
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական լուսաբանումը:
Յուրաքանչյուր մարդ անկրկնելի անհատականություն է: Ավետարանական լույսը շեշտում է այդ իրողությունը: Մարդկանց մեջ կարող ենք գտնել բազմաթիվ նմանություններ, բայց չենք կարող գտնել միևնույն մարդուն երկու կամ երեք կամ ավելի անգամ: Աստվածային նախախնամության հրաշքներից մեկը հենց անձի, անհատականության անկրկնելիությունն է: Այդպես էլ Ադամն անկրկնելի և միակն էր, ինչպես Քրիստոս համամարդակային պատմության մեջ որպես Նոր Ադամ: Փրկվել՝ նշանակում է գտնել Աստծուն և ինքդ քեզ. յուրաքանչյուր մարդ յուրօրինակ անհատականություն է, որով արտահայտվում է Արարչի գեղեցկությունն ու իմաստությունը: Ոմանք փրկությունը համարում են հրաժարում իրենց անհատականությունից, որն անէանում է ինչ-որ վերացական երևույթներում: Այս մոտեցումը բավականին ընդգծված է արևելյան կրոններում: Մարդը պետք է ոչ թե ազատվի ինքն իրենից, այլ իր ներսում գտնվող օտարից՝ պահպանելով իր անձն ու անհատականությունը, որպես Աստծուց տրված շնորհ: Եթե ստեղծագործության նպատակը լիներ միօրինակությունը և միաձևությունը, այդժամ Աստված կարող էր մեզ ստեղծել միաձև և նույնական ձևով: Յուրաքանչյուր մարդ ունի անկրկնելի մարմնական կառուցվածք և անկրկնելի հոգի: Հետևաբար աստվածային ստեղծագործությունը միաձև և միօրինակ չէ, այլ բազմաձև ու բազմազան: Այստեղից բխում է, որ մարդը կոչված է ազատության, որովհետև բազմազանությունն արտահայտվում և երևում է ազատության մեջ, սակայն ազատությունը կորցնում է իր էությունն ու բովանդակությունը, եթե այդտեղ գոյություն չունի համաչափությունն ու ներդաշնակությունը: Այդ իսկ պատճառով 21-րդ դարում վեր հառնած հեթանոսական կեցության իրավունքն իրականում ազատություն չէ, այլ կախվածություն, աններդաշնակություն և ինքնաոչնչացում: Դա 21-րդ դարի մեծագույն խաբկանքն է, մասնավորապես շատ երիտասարդների համար, որոնց թվում է, թե իրենք քրիստոնեական բարոյականության սահմանները ջնջելով ազատ են դառնում, բայց իսկության մեջ ոչ թե իրենք իրենց յուրօրինակ անհատականությունն են կերտում, այլ, փոշիացող և ինքնաոչնչացող մեղավոր աշխարհի միօրինակ դիմագիծն են որդեգրում, կորցնելով իրենց ինքնատիպ դիմագիծը և հայտնվելով այնպիսի կախվածության մեջ, որը թույլ չի տալիս մարդու մտքին տեսնել իրական ազատության լույսը: Ինչպես կուրացած խլուրդի համար է անհասկանալի արեգակի լույսի նշանակությունը, այդպես էլ մտքով կուրացած մարդու համար է անհասկանալի քրիստոնեական արժեհամակարգի բարոյականությունն ու էությունը: Հարցն այն է, որ մարդը պիտի կարողանա տարբերել, թե ինչն է իրենը, և ինչն է օտարը: Ավելի հասկանալի լինելու համար, ինչպես օրինակ՝ մարդը խուսափում է հիվանդություններից, մանավանդ մահացու հիվանդություններից: Ինչո՞ւ է այդպես, որովհետև դրանք իր բնությանը հարազատ ու համահունչ չի համարում, քանի որ դրանք օտար են իր բնությանը և քայքայում, սպանում են իր էությունն ու բնությունը: Արդ, մարդը պետք է իրեն գտնի օտարի մեջ, որը բոլոր ուղղություններով ներխուժել է իր անձի մեջ: Իսկ օտար ասվածը իսկության մեջ մեղքն է: Բայց հոգևոր ճանապարհի մեջ հաճախ հանդիպում է հենց այն սխալը, որտեղ հավատացյալը ոչ միայն պայքարում է մեղքի դեմ, այլև հենց իր անհատականության դեմ՝ խեղելով Աստծո կողմից իրեն տրված անփոխարինելի պատկերը: Սա նուրբ հարց է, որտեղ մարդը կարող է իր հոգևոր անհատականությունը կազմալուծել և ավերել՝ որոշ ժամանակ անց հայտնվելով հոգևոր դատարկության առջև: Այս դեպքում մարդը վնասում է իրեն և հոգևոր կյանքը, ինչպես մի երգիչ, որը ձգտում է երգել ոչ թե իր, այլ ուրիշի ձայնով: Սա հարկադրանք է, բռնություն և իմիտացիա: Անշուշտ, մարդը կարող է նմանակել որևէ կերպարի, ինչպես օրինակ՝ գրքերից, ֆիլմերից, այն համարելով որպես իր անհատականության ձևավորման իդեալի նմանություն և այդ մասին երազելով՝ մոռանա, որ այդ օրինակը այլ մարդու կյանք է, այլ անձի անհատականություն, իսկ վերացական կերպարը մշտապես միահյուսված է տենդագին երևակայության հետ և որևէ կապ չունի հատկապես այն ռեալ իրականությանը, որով տվյալ անձն այս դեպքում բնորոշում է իր և Աստծո միջև փոխհարաբերությունը: Այստեղ առաջանում է մարդ-Աստված փոխհարաբերության ճգնաժամ: Սա ձախողման ուղի է, որովհետև ինքն իրեն իրապես չճանաչած մարդը, ապրելով այլ մարդկանց կերպարների երազանքներով, չի կարողանում ընկալել կամ սխալ է հասկանում, թե Աստված հենց իրեն ինչ է ասում, այլ ոչ թե իր որդեգրած կերպարին: Ուրիշին նմանակելը սերտորեն առնչվում է երևակայության հետ, հետևաբար այն դառնում է հոգու համար շղարշված սուտ: Մենք մշտապես մնում ենք այնպիսին, ինչպիսին կանք,և երբեք չենք դառնա մեկ այլ մարդու անհատականություն, բայց այդ սխալ ճանապարհով մեր անձը կարող ենք փչացնել և վնասել, այսինքն՝ կորցնել մեր յուրօրինակ ուղին: Յուրաքանչյուրը պիտի գտնի ինքն իրեն, բնականաբար հաշվի առնելով մյուսների փորձառությունը և օրինակը, պետք է ոչ թե իմիտացիա անել, նմանակել, այլ բացահայտել ինքդ քեզ, տարբերակել, թե ինչն է քոնը և ուրիշներինը, ինչն է բնորոշում քո հոգին և ինչն է մակերեսային բնույթ կրում: Կյանքի հատվող եզրագծերում մարդը պետք է բացահայտի իր ուղին, այլ ոչ թե հետևի կամ նմանակի ուրիշի ուղուն: Արդ, էական է չկորցնել անհատականությունը, բայց չլինել այնպես, ինչպես մեղավոր աշխարհն է թելադրում, ուր անհատականությունն արտահայտված է հպարտության, ինքանկենտրոնության և եսասիրության բնութագրիչներով, այլ արտահայտված լինել ներքին անկրկնելիությամբ՝ բացահայտված Սբ. Հոգու կողմից տրված շնորհներով: Հակառակ դեպքում մարդը սկսում է կեղծել իր կերպարը՝ նմանակելով գրքերի կերպարներին, կամ իր շրջապատի մարդկանց կամ տարված իր երազանքներով և այլն: Կարևոր է նաև, որ մարդն իրեն չնույնականացնի իր կրքերի, իր հպարտության, մեղավոր ցանկությունների, իր ոչ բնական վիճակների հետ, ինչպես մարդն իրեն չի նույնականացնում իր ներսում գտնվող հիվանդության հետ և ձգտում է դրանից ազատվել: Իսկության մեջ մարդը գտնում է իրեն, երբ պայքարում է մեղքի դեմ և տեսնում իր անաղարտ պատկերը, ինչպես պղտոր լճակի ջուրը սկսում է մաքրվել և կապուտակ ջրի մաքրության մեջ արտացոլվում է հիասքանչ բուսական և կենդանական աշխարհը՝ բացահայտելով տվյալ լճակի եզակիությունն ու անկրկնելիությունը: Գիտենք, որ Աստված յուրաքանչյուր մարդու տվել է որևէ տաղանդ: Աստված, իբրև Երկնավոր Հայր, ամեն մարդու տվել է նաև հատուկ ունակություններ և առանձնակի կոչում: Պարզապես անհրաժեշտ է տեսնել այն, ինչը քեզ է տրված և անհատական բնորոշիչ էությունը այլով չփոխել, որպեսզի մարդու կյանքն իրական բովանդակությամբ լցվի: Ավետարանական պատվիրանները ներքին ազատություն և անսահմանություն են տալիս: Մենք պատվիրանները չպետք է փոխենք արտաքին կանոնակարգերի, որոնց դեպքում անձը չի առաջնորդվում Ավետարանի իդեալով, այլ ճնշվում է ֆորմալ օրենքներով, ինչպես օրինակ՝ երբ Ավետարանում հարց առաջացավ, թե մարդն է շաբաթ օրվա համար, թե շաբաթն է մարդու համար: Սա հիմնական տարբերությունն է քրիստոնեության և հուդայիզմի միջև, այսինքն՝ քրիստոնեության պարագայում՝ մարդն Աստծո մեջ գտնում է վերածնվող, վերանորոգվող իր անձի բացահայտումը, իսկ Թալմուդը, երկաթյա սեղմող նորմերով, օրենքներով, որոնց մի մասը թույլատրում են, մյուսներն արգելում, ձևավորում է ընդհանրական հրեայի մի կերպար յուրաքանչյուր անձի դեպքում, որտեղ մարդը կորցնում է իր ուրույն դիմագիծն ու դեմքը՝ ճնշված լինելով սեղմող օրենքների ներքո: Ավետարանն իր ունիվերսալիզմով ուղղված է դեպի յուրաքանչյուր անձը, իսկ Թալմուդը՝ դեպի ազգային պատկանելիություն, որն ինքնուրույն սուբյեկտ է և բարձրագույն արժեք: Մեկ այլ կրոնում՝ մահմեդականության մեջ, թագավորում է անհրաժեշտության օրենքը, որտեղ անհատականությունը նույնպես երկրորդվում է: Հինդուիզմում և բուդիզմում անձը իսկության մեջ գոյություն չունի, այն միայն անցողիկ և փոփոխական մի ընդհանուր ձև է: Եվ անհատի անկրկնելիության քրիստոնեական ուսմունքն ու Քրիստոսի հարության փաստն անիմաստ են դարձնում արևելյան կրոնների փրկագործության ուղու վերամարմնավորման օրենքը: Անհատականության և ազատության հասկացությունները անքակտելիորեն միահյուսված են միմյանց: Հիսուս Քրիստոս բացել է մեր առջև ներքին ազատության անսահմանափակ տարածությունը: Սա հնարավորություն է ապրել Աստծո կողմից տրված այն անհատականությամբ, որը յուրօրինակ է, ինչպես մյուսների դեպքում: Այն հնարավորություն է վերադառնալ ինքդ քեզ և Աստծուն և չլինել հոգևոր ինտելեկտուալ ամեոբա, այլ դառնալ փայլատակող և ինքնուրույն անձ՝ քայլելով Աստծո հետ: Երբ գտնում ես ինքդ քեզ, այլևս չես տագնապում, խռովվում կամ նայում ուրիշներին, թե ինչու են նրանք այսպիսին, այն այնպիսին, կամ այս հաջողված դիրքում, կամ ձախողված ճանապարհում, որովհետև ինքդ քեզ Աստծո մեջ գտնելով հասկանում ես, թե ինչ ես ուզում կյանքից և աշխարհից, և թե ինչ առաքելություն ունես կամ ինչ պետք է իրականացնել և ինչպես ապրել:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը