13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի և հարազատ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այսօր մեր Եկեղեցու Հայրերը Հիսնակաց այս առաջին կիրակիին որպես ավետարանական ընթերցում Ս. Պատարագի ընտրել են Ղուկասու Ավետարանի անմիտ հարուստի առակը, որում ասվում է. Մի մարդ, որ հողեր ուներ, ցանում է, բերք է հավաքում և բերքը այնքան շատ է լինում տարեցտարի, որ նա մտածում է, ինչպես ավելի մեծացնեմ ունեցվածքս, ինչպես կալվածքներս ավելի մեծացնեմ, ինչպես դրամս բազմապատկեմ: Ավետարանիչը սակայն այս մարդուն անվանում է անմիտ (Ղուկ. 12:16-24): Եկեք՝ քննենք այսօրվա մեր հայացքով, թե ինչո՛ւ է այս մարդը անմիտ և ինչո՛ւմ է կայանում իր անմտությունը, չէ՞ որ մենք էլ յուրաքանչյուրս մտածում ենք, թե ինչպես մեր վաղվա օրը կարգավորենք, թե ինչպես առաջ գնանք:
Եկեղեցին ինքը միձևության մեջ լինելով՝ միձևության մեջ չէ, այլ միշտ Սուրբ Հոգով աճում է: Նույնն է և մարդու պարագային: Մարդը, ծնողը մտածում է իր զավակի մասին, որն էլ մեծանալով, իր հերթին մտածում է իր զավակների մասին: Մարդկային հոգսը երբեք մեր մտքերից չի պակասում, սակայն այդ մեծահարուստին անմիտ ենք անվանում: Մենք նաև միշտ պետք է հիշենք Հակոբոս առաքյալի թուղթը, ուր նմանօրինակ մի դեպք է նկարագրվում. Մի մարդ ասում է, այսօր այստեղ եմ, վաղը պիտի գնամ այլ քաղաք, մեկ տարի այնտեղ պիտի լինեմ, պիտի ծախեմ և պիտի առնեմ և պիտի այսքան գումար վաստակեմ և պիտի ետ վերադառնամ: Այս մարդը ևս սակայն անվանվում է անմիտ (Հմմտ. Հակ. 4:13-17):
Սիրելիներ, այս մարդկանց անմտությունը կայանում է նրանում, որ իրենց կյանքից ներս Աստված տեղ չունի: Մարդկային իրենց դատողությամբ հաշվարկներ են անում և մարդկայնորեն փորձում են իրենց համար լավը գտնել: Լավն ու բարին, սակայն, Աստծո՝ մեր երկնավոր Տիրոջ արտացոլանքն է աշխարհիս վրա: Առանց Աստծո հնարավոր չէ լավն ու բարին տեսնել, լավն ու բարին գտնել, ունենալ: Եվ, հետևաբար, այս մարդիկ առանց Տիրոջ կամքի է, որ ուզում են հարստանալ, առանց Տիրոջ կամքի է, որ ուզում են բարգավաճել: Աշխարհիս վրա ամեն ինչ որ լինում է, Տիրոջ կամքի մեջ է և, հետևաբար, Ավետարանիչը այսպես է ասում նման մարդկանց, որ թերևս պիտի ասեք, որ Աստծո կամքով պիտի այսպես լինի, որ Աստծո կամքով պիտի գնանք քաղաք, պիտի վաճառենք և պիտի ունեցվածք ունենանք: Հետաքրքիր է, որ նման մարդիկ մոռանում են, թե ի՞նչ է ի վերջո հարստությունը, չէ՞ որ դրամ, չէ՞ որ նյութական ամեն բան նյութ է, արժեք երբեք չէ, այլ միջոց է: Որ պահից ի վեր, երբ մենք հարստությանը, դրամին, ունեցվածքին և կամ փառքին տանք արժեքի նշանակություն, այն պահից կդադարենք մենք ինքներս մարդ լինելուց:
Ավետարանական նույն այս հատվածում անմիտ հարուստը այսպես է ասում. «Կեր, խմիր և ուրախ եղիր»: Նույն բառերը տեսնում ենք նաև Սողոմոնի «Ժողովողի» գրքում: Ինչպես ասում է Սողոմոն թագավորը՝ «Ես կառուցեցի երկրի վրա ամենամեծ տաճարները, նվաճեցի հյուսիսից մինչև հարավ, կառուցեցի պալատներ, ազգերը ստրուկ դարձրեցի իմ ժողովրդին, սակայն մի օր պիտի գնամ այս աշխարհից և ուրիշ մեկը պիտի գա և պիտի վայելի այն ամենը, ինչ որ ես կառուցել եմ: Հետևաբար, կեր, խմիր և ուրախ եղիր»: Սակայն, սիրելիներ, ո՛վ է մեզանից, որ շապիկով է եկել այս աշխարհ, ո՛վ է հարստությամբ եկել և ով է, որ հարստություն պիտի իր հետ տանի հանդերձյալ աշխարհ: Հոբը իր բոլոր տառապանքների մեջ այսպես է ասում. «Աստված տվեց և Աստված վերցրեց, թող օրհնյալ լինի Աստծո անունը» (Հոբ 1:22):
Հետևաբար, սիրելիներ, չմոռանանք երբեք, որ մեր ամենամեծ հարստությունը կյանքն է, կյանքն է, որ Աստված մեզ տվել է: Վաղվա օրվա վրա մենք ոչ մի իշխանություն չունենք, չունենք իշխանություն նաև մեր անցյալի վրա: Քրիստոնեական ողջ վարդապետությունը ուսուցանում է մեզ, որ ապագան մի հորիզոնական և անցյալը մի ուղղահայաց է, կարծես մի խաչ, սակայն մեր՝ յուրաքանչյուր քրիստոնյայիս պարտականությունն է, որպեսզի մենք մեր ներկայի մեջ մեզ կարողանանք ճիշտ դրսևորել, Աստծուն հավատարիմ լինել և Իր պատվիրանները կատարել: Երևակայեցեք՝ ներկան այս պահն է, ներկան այս օրն է, ինչ որ անում եք այսօր՝ դա մնում է, դառնում է անցյալ: Ինչ որ պիտի ծրագրեք, ինչ որ պիտի անեք՝ դա էլ ապագա է: Սիրելիներ, Ավետարանը ասում է՝ մեր կյանքը ինչ է, եթե ոչ՝ մի մշուշ, որ մի պահ երևում է և հաջորդ վայրկյանին անհետանում:
Կյանքը կգա և շուտ կանցնի, սակայն Ավետարանի խոսքի համաձայն՝ մենք մեր գանձերը երկրի վրա պիտի չդիզենք, այլ պիտի երկնքում գանձ և հարստություն հավաքենք, Աստծո մոտ, Աստծո սրտի մեջ, որտեղ ոչ գող և ոչ ցեց կարող է մերձենալ, որպեսզի մեր հարըստությանը վնասի: Բայց սրանով հանդերձ, սիրելիներ, մեկ ուրիշ շտեմարան էլ կա, որտեղ կարող ենք մենք մեր հարստությունը հավաքել: Դա մեր նմանի, մեր մերձավորի սիրտն է: Մարդ երբ որ գնում է այս աշխարհից, ոչ մի բան իր հետ չի տանում, բայց փոխարենը կարող է բարի անուն թողնել, բարի համբավ թողնել, և սրանով մարդիկ կարող են իրեն օրհնել, և սա է հաճո Աստծո համար:
Հետևաբար, սիրելիներ, բարիք արեք, բարի արեք ձեր կյանքի բոլոր օրերին, որովհետև չգիտեք, թե ձեր կյանքի վերջին օրը որն է, այսօ՞ր, թե՞ վաղը: Աստված է ձեր կյանքի տերը և Աստված է ձեր կյանքի օրեր շնորհողը: Հետևաբար, ուզում եմ խոսքս ավարտել դարձյալ սաղմոսերգուի բառերով, որ ասում է. «Ով Տեր, ինձ Քո խրատները և Քո պատվիրանները սովորեցրու, որպեսզի ճանաչեմ Քո կյանքը և իմ կյանքը նմանեցնեմ Քեզ և որպեսզի իմ կյանքի բոլոր օրերը լցվեն Քո երեսի տեսության ուրախությամբ»:
Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տ. Վազգեն աբեղա Նանյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. Պատարագին, 13 նոյեմբերի 2005 թ.)