«Աննշան» սկիզբը

«Աննշան» սկիզբը | Annshan Skizby

«Ո՞վ կարող է արհամարհել «փոքր» ջանքերը» (հմմտ. Զաք. 4.10)։

Մակերևութային մարդն է միայն, որ նայում է արտաքին երևույթներին, հպարտ մարդն է սնոտի փառք տենչում, տգետն է «գնահատում» շողացող ու փայլփլուն իրերը: Միայն նա, ով հավատում է, որ տիեզերքը Արարիչ ունի, և իր կյանքի փորձառությամբ էլ կարողանում է ըմբռնել Նրա դերը, կարող է ներկայի մեջ ապագան տեսնել և չարհամարհել «փոքր» արժեքները:

Գերության ավարտն էր: Կյուրոսն արտոնել էր, որ հրեաները վերադառնային իրենց երկիր. շուրջ 50000 հոգի՝ վստահ և ուրախ, Զորաբաբելի առաջնորդությամբ ժամանել էին հայրենի երկիր: Ճշմարիտ է, որ նրանց էր վերադարձվում իրենց հայրենիքը, սակայն այնտեղ ամեն բան ողբալի վիճակում էր: Եվ իսկապես, սարսափելի «փոթորիկը» սրբել-տարել էր ամեն բան. պաշտամունք, թագավորություն, ազգ: Աքսորից վերադարձողներին ահռելի անելիք էր վերապահված: Պետք էր ոտքի կանգնեցնել ժողովրդին, վերահաստատել պաշտամունքը, վերաշինել մայրաքաղաքը, վերսկսել պատմությունը:

Թեև առջևում հսկայական գործեր կային անելու, բայց նրանք բնավ չէին ընկրկում: Խանդավառությունը դյութել էր նրանց, և նրանք իրենց զորեղ էին զգում: Հայրենիքի ու Աստծու նկատմամբ սերը, ինչպես մեծաթռիչ երկու թևեր, նրանց վեր էր բարձրացնում, վեր բոլոր արգելքներից: Հազիվ վերադարձած Երուսաղեմ՝ նրանք եռանդով ձեռնամուխ են լինում Տաճարի շինությանը․․.

Բայց ահա նրանց խանդավառությունը հանկարծ մարում է, դժվարություններն ավելանում են, նրանց նախաձեռնած գործն ավելի ու ավելի շատ ժամանակ, դրամ և հոգնություն է պահանջում. մի բան, որ սկզբում չէին էլ երևակայում: Մյուս կողմից, հարևան ցեղերը, Իսրայելի վերածնունդը տեսնելով, նախանձով էին լցվում և սպառնալից դիրք ընդունում: Բնական է, որ հուսահատությունը պիտի ընկճեր հրեաներին: Դարձյալ, նրանք մտաբերում էին Սողոմոնի երբեմնի զմայլելի Տաճարն ու այն համեմատում շինվելիք նոր Տաճարի հետ, որը ոչ մի դեպքում չէր կարող նախկինի փառքն ունենալ:

Իրավունք ունեին ծերունիները, երբ Տաճարի հիմքի առաջին քարերը դնելիս հեկեկալով լալիս էին ապշահար բազմության առջև: Նրանք տեսել էին անցյալի ողջ շքեղությունը, Տաճարի փառահեղ սյուները, հոյակերտ քանդակները, և վերջապես տեսել էին ոսկեդրվագ Սրբարանը, որն իր պատկառելի տեսքով ասես հսկում էր Իսրայելը:

Իսկ այժմ տեսնում էին ներկա ողորմելի կացությունը: Ո՞ւր էր 180000-անոց այն ժողովուրդը, որը յոթ տարում գլուխ էր բերել Տաճարի շինությունը, ո՞ւր էին այն մարմարիոնները, Լիբանանի մայրիները, հմուտ գործավորները, արհեստավորներն ու ճարտարապետները, որոնք հազարներով գալիս էին Փյունիկիայից: Աստծու Տաճարը վերաշինելը, ժողովրդին ոտքի կանգնեցնելն անկարելի էր թվում: Իսրայելի ջանքերն անզոր, տկար ու ապարդյուն էին՝ ծիծաղելի ամենքի աչքին:

Զաքարիա մարգարեն ահա այդ առթիվ է ոգևորիչ խոսքերով դիմում վհատված հրեաներին: «Ո՞վ կարող է արհամարհել «փոքր» ջանքերը»: Արտաքնապես շատ ողբալի տեսք ունեցող՝ Աստծու այս մարդը տեսնում է անմահության կնիքն ունեցող այն ժողովրդի ճիգը, որ երդվել էր բնավ չմեռնել: Թեև ներկայում ցանված սերմը թույլ ու խղճուկ էր, բայց նրա ապագան սքանչելի և փառավոր պիտի լիներ: Տիրոջ ծառա Զորաբաբելն իր ձեռքում ուներ հարթաչափը. նա անշուշտ հաջողությամբ պիտի ավարտեր սկսված գործը:

Տերն Ինքն էր հսկում այդ գործի ընթացքը: Իսրայելը թեև քայքայված էր, բայց Տերը ոտքի էր կանգնեցնելու նրան, և փույթ չէ, որ նրանց գործադրած միջոցներն աննշան էին: Այս երկրորդ Տաճարի փառքը պիտի գերազանցեր առաջինին, քանի որ պիտի ընդուներ Տիրոջ Օծյալին: Ուրեմն անմիտ են բոլոր նրանք, ովքեր արհամարհում են որևէ բան սկսելու համար գործադրված փոքրիկ ջանքերը:

Ինչպես տեսնում ենք, Իսրայելի վերականգնման օրը գործադրված փոքրիկ ջանքերի նման կրոնական բոլոր մեծ շարժումների սկիզբը ևս փոքրիկ քայլերով է նշանավորվում: Քսան դար առաջ մի փոքրիկ երկրի գյուղերից մեկում, այն էլ՝ ախոռում մի Մանուկ է ծնվում: Նա մեծանում է խղճուկ պայմաններում, անճանաչ է մնում և մինչև երեսուն տարեկանը ոչ ոք չի էլ մտածում Նրա հետ խոսելու մասին: Նա երկու-երեք տարի շրջագայում է Հռոմեական կայսրության ամենափոքր նահանգներից մեկում, մի քանի քարոզ է խոսում և մի քանի բժշկություն կատարում: Ահա ամենը: Իսկ ապա ոճրագործի, գերու նման մեռնում է խաչի վրա:

Օ՜հ, ինչպիսի՜ ճղճիմ «սկիզբ», և ինչպե՞ս Նրան չարհամարհեին աշխարհի իշխանները: Հրեա քահանաներն այս մարդու երեսին գոռացին. «Դու սուտ մարգարե ես»: Հռոմեացի կառավարիչը «երազատես» կոչեց Նրան: Հեթանոս պատմիչները նույնիսկ չեն բարեհաճել հիշատակել Նրա անունը, սակայն տեսե՛ք, ահա այսօր Հռոմեական կայսրությունը կործանված է, հրեա ժողովուրդը ցրված է ամեն կողմ, քաղաքակիրթ «նկատված» հեթանոսության միայն հիշատակն է մնացել, մինչդեռ Հիսուս շողում է իբրև հոգիների Արեգակ, և հարյուր միլիոնավոր շուրթեր Նրան համարում են իրենց Փրկիչն ու Թագավորը, իսկ Նրա սիրո արյամբ հիմնված թագավորությունը չի դադարի զորանալուց մինչև ժամանակների վախճանը:

Կրոնական շարժումների ծագման մեջ չէ միայն, որ հանդիպում ենք այսպիսի «աննշան» սկզբնավորությունների. դրանք տեսանելի են նաև մարդկային կյանքի ֆիզիկական ու բարոյական բոլոր ոլորտներում: Այսպես, օրինակ, նոր ծնված մարդուն մենք տկար ու դյուրաբեկ ենք համարում. չէ՞ որ այդ նորածին մանուկն անկարող է շարժվելու, խորհելու և սիրելու: Սակայն այդ փոքրիկ էակը, որ ոչինչ չի կարող խոսել, անել կամ գիտենալ, ահա հանճար է դառնում՝ ունակ չափելու երկինքը, զննելու անհուն հորիզոնները: Եվ կամ նա դառնում է Աստծուն հավատացող մեկը, ով ի վիճակի է հաղորդակցվելու անհունի հետ, կամ էլ սրբանում է՝ «մարդկության համար» զոհվելով:

Հիվանդությունների խորացման հիմքում ևս նույն օրինաչափությունն ենք տեսնում: Հիվանդությունը սկզբնավորվում է իբրև մի անտեսանելի մանրէ և հաճախ նույնիսկ բարդ է զատորոշել այդ մանրեի «տեսակը», սակայն ահա այդ աննշան մանրէն առաջացնում է մի սարսափելի ժանտախտ, որ կարող է սասանել ամբողջ աշխարհը:

Տիեզերքի բնաշրջության (էվոլյուցիա) գործընթացում նույնպես հանդիպում ենք այս երևույթին: Ըստ գիտնականների ենթադրության, որը ես ևս հակված եմ ընդունելու, կենդանի օրգանիզմների ձևավորման և գործունեության «հիմքում» ընկած է նախնական բջիջը: Ահա այդ բջջից, որի մեջ խտացած են կենսական բոլոր սերմերը և հոգու ողջ զորությունը, այդ «բեղուն ոչնչությունից» են Հավիտենական Աստծու ձեռքով առաջանում բնությունը, կենդանությունը, մարդը, տիեզերքն իր անսահման հարստությամբ և պտղաբերությամբ:

Արդ, ո՞վ կուզենա արհամարհել այդ «աննշան» սկզբնավորությունները: Մի՞թե այդ ամենի մեջ դուք տիեզերական օրենք չեք տեսնում: Մի փոքր խորհրդածելը բավական կլինի տիեզերական այդ օրենքի մեջ հիացմունքով և պատկառանքով Ամենազորի կամքը տեսնելու համար:

***

Աստծու այդ օրենքն անշուշտ բարիք է մարդու համար, քանի որ, նկատի՛ ունեցեք, այդ «աննշան սկզբի մասին» օրենքի շնորհիվ մարդու մեջ ծնունդ են առնում երեք հրաշալի ուժեր.

Հավատքը,

Խոնարհությունը,

Հարատևությունը:

Նախևառաջ հավատքը: Հավատքը հոգու հատկություն է: Հավատքի միջոցով են հաջողվում բոլոր մեծամեծ ձեռնարկումները: Արդ ենթադրենք, որ բոլոր ձեռնարկումները զուրկ լինեին աննշան թվացող սկզբնատարրերից և մեկ օրում իրենց կատարելությամբ հիացում պատճառող ստեղծագործություններ դառնային: Մի՞թե կարծում եք, որ դա արդյունավետ կլիներ: Որևէ ձեռնարկ իր որոշակի նպատակն ունի. եթե այն նախաձեռնած օրն իսկ հասնեիք այդ նպատակին, ի՞նչ եք կարծում, ձեր մեջ խանդավառություն կառաջանա՞ր: Վստահեցնում եմ ձեզ՝ ո՛չ խանդավառություն, ո՛չ եռանդ, ո՛չ ներշնչանք, ո՛չ վեհացում, ո՛չ հավատք, ո՛չ վստահություն և ո՛չ էլ դեպի լավագույնը որևէ ձգտում կունենայիք:

Սերմանելն ու հնձելը մեկ պիտի լիներ, և հետևաբար հավատքն աշխարհում տեղ չէր ունենա: Իսկ եթե հակառակ իրավիճակը պատկերացնենք և բոլոր մեծ ձեռնարկումների սկզբում զետեղենք նախնական «ջանքերը», կտեսնենք, որ այդժամ մարդ կարիք կզգա վստահելու ապագային, կսովորի նայել դեպի անտեսանելին, անշոշափելին:

Այդ դեպքում մարդ այլևս չի կարող սահմանափակվել իր տեսածի ու շոշափածի նեղ շրջանակով, քանի որ ինչ տեսնում և ինչին հպվում է, խղճուկ ու ճղճիմ է, իսկ ինչ փափագում և ինչին նվիրվում է, մեծարժեք է: Հետևաբար մարդ ստիպված պիտի լինի սովորելու, որ Աստծուն է պետք վստահել, Նրան պիտի ապավինել սեփական ջանքերը հաղթանակով պսակելու համար:

Աստված, անտեսանելին, ապագան. սրանք մեծասքանչ իրականություններ, անշոշափելի երևույթներ են, որ շոշափվում են միայն հավատքով: Հավատքով է մարդ ինքն իրենից վեր բարձրանում, հավատքի շնորհիվ են զարթնում նրա հոգու զորավոր, թաքնված ուժերն ու այն բոլոր աստվածային ձգտումները, որոնք ծածուկ բնակվում էին նրա մեջ: Եվ ահա այս «փոշենման» մանուկը, այս միօրյա մրջյունը կարող են դառնալ քաղաքացի, հավիտենակության ընտրյալ:

Հավատքից հետո խոնարհությունն է: Ենթադրենք, որ բոլոր մեծամեծ ձեռնարկումներն իրականանում են մեկ օրում: Չե՞ք կարծում, որ մարդու մեջ մեծ տեղ կզբաղեցներ անտանելի հպարտությունը: Չե՞ք կարծում, որ մարդ, իր ձեռնարկումի նմանատիպ արդյունքը տեսնելով, քաղդեացի բռնակալի պես կգոչեր. «Չէ՞ որ մի օր ես շինեցի Բաբելոնը»:

Արդ, հպարտությունը ոչ միայն զզվելի թերություն, այլև տկարություն է, որ կուրացնում է մարդուն, իսկ կուրությունն էլ հանգեցնում է ավերածության… Իսկ եթե բոլոր ձեռնարկումների սկզբում «տեղադրեք» փոքրիկ հաջողություններով ուղեկցվող աննշան քայլերը, հպարտության՝ այդ անպտուղ փշաբույսի փոխարեն կտեսնեք անուշաբույր մանուշակի՝ խոնարհության ծաղկելը:

Նա, ով որևէ գործ է ձեռնարկում, տեսնում է միայն իր ներդրած ջանքերի նվազությունը, համոզվում է, որ միայն ապագան կարող է ի հայտ բերել իր ձեռնարկի ողջ մեծությունը, և միայն ապագայում այդ գործը հաջողությամբ կպսակվի իր արդյունքներով ու օգուտներով հանդերձ: Արդ, այս պայմաններում հնարավո՞ր է, որ մարդ հպարտանա մի բանով, որ միայն ապագային ու անորոշությանն է «պատկանում» և Աստծու գաղտնիքն է:

Մինչդեռ երբ մարդ ի հեռուստ տեսնում է իր ձեռնարկի փառավոր արդյունքները, պտուղներն այն մթին նախաձեռնության, այդժամ ներշնչվում և ուրախանում է այնպես, ինչպես կփառավորվեր, երբ հասներ իր սպասումների իրականացմանը: Ուստի մարդ իր «անզորության» հետևանքով ներկայում խոնարհ և հեզահամբույր է լինում, որ և մարդկային հարաբերությունները հաստատող եղբայրության կապն է, կապ, որ մարդուն միաժամանակ զոդում է Աստծուն:

Հավատքին և խոնարհությանը հարկ է ավելացնել հարատևությունը: Հարատևությո՜ւն. կարծում եք, որ այն գոյություն կունենա՞ր, եթե մեր ձեռնարկումները փոքրիկ քայլերից չսկսվեին: Խորհեցե՛ք, այդ փոքրիկ քայլերը, այդ փոքր ճիգերն են պատճառ դառնում՝ մարդու մեջ ի հայտ բերելու մի զորություն, որն աշխարհի ամենազորեղ և ամենաբեղուն ուժն է: Հարատևությու՜ն. այսինքն՝ մարդու մեջ կուտակված և շարժուն կորով, որ հետզհետե ավելանում, հարատևում և հաղթահարում է անգամ ամենախրթին խոչընդոտները:

Այս երեք անզուգական առաքինությունները, այսինքն՝ հավատքը, խոնարհությունը և հարատևությունն ունեցեք ձեր հոգում, և դուք կդառնաք ազնիվ, քաղցրաբարո ու զորեղ: Ահա թե ինչու է աշխարհի Արարիչը սահմանել «փոքրիկ քայլերի» փառավոր ու սուրբ օրենքը, փրկարար մի օրենք, որ արհամարհում են միայն անմիտները, և միայն հավատացյալներն են օրհնում ու գովաբանում:

***

Աստվածային այդ օրենքի արժեքն ու նշանակությունը մատնանշելուց հետո ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հանուն հայրենիքի գործելու «սկզբնական» ու վսեմ քայլերի կարևորությանը: Դժբախտաբար տակավին կա մի այնպիսի խմբակ, որն արհամարհանքով է նայում հայրենիքում նախաձեռնվող փոքր ու աննշան թվացող ծրագրերին: Այդ խմբակն ամեն օր ողբալով ողբում է, թե ինչո՞ւ հայրենիքն անցյալում ունեցած իր վեհապանծ դիրքը չունի, թե ինչո՞ւ չի ձգվում ծովից ծով և Արարատից Արարա:

Իսկապես, համաշխարհային պատերազմի վաղորդայնին ամենքի միտքը տարված էր ընդարձակ հայրենիք ունենալու փափագով: Բայց ինչպիսի՜ հակադրություն: «Չքնաղ» զոհողությունների, անպատմելի բոլոր ջանքերի փոխարեն հայ ժողովրդին իր ակնկալիքների մի աննշան մասը տրվեց, մի փոքրիկ հողակտոր, որ շրջապատված էր նախանձով ու ատելությամբ լցված ազգերով և ինքնուրույնաբար ընդարձակվելու ոչ մի հնար չուներ:

Իսրայելի ծերունիների բարձրացրած աղաղակի պես ողբեր են հյուսվում նաև մեր ներկա հայրենիքի դժվարին կացությունը նկարագրելու համար: Բայց այդ ողբասացներին հարկ է հիշեցնել մարգարեի այն խոսքը, որը բնաբան եմ ընտրել իմ քարոզի համար. «Ո՞վ կարող է արհամարհել «փոքր» ջանքերը»:

Մի պահ ենթադրենք, որ մեզ ծովից ծով, լեռից լեռ ձգվող ընդարձակ տարածությամբ հայրենիք է վիճակվել: Մի՞թե կարծում եք, որ ընդարձակության ու մեր մյուս ակնկալիքների հանկարծակի իրականացումը բարիք էր բերելու մեզ: Վստահեցնում եմ, որ մեր հայրենիքի այդպիսի մեծությունն ահավոր վտանգ էր լինելու հայության համար և ոչ թե օգուտ:

Ուստի պետք էր փոքրիկ, աննշան ու չնչին թվացող բաժին տրվեր մեզ, քանի որ դա ավելի օգտավետ է՝ «ունակ» կասկածամիտ (սկեպտիկ) ու թերահավատ հոգիներում ապագայի հանդեպ անսասան հավատք զորացնելու՝ հայրենիքի զավակներին խոնարհության ու համեստության ոգին ներշնչելով և միևնույն ժամանակ նրանց անվհատ ու աննկուն հարատևության մղելով:

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատորՓարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

02.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․