Մի անգամ հոգևորականները հայր Գաբրիելի մոտ ալկոհոլամոլությամբ տառապող մի տղայի բերեցին: Մտածում էին, որ հայր սուրբը կխրատի նրան, սաղմոս կկարդա, ավետարանական առակներ, բայց ոչ:
Ծերն ընդունեց նրանց իր խցում, լսեց, նայեց տղային, ժպտաց և մահճակալի տակից մի մեծ թիթեղյա աման հանեց կարմիր գինով լի և բոլորին առաջարկեց միասին խմել: Այնպես վստահորեն առաջարկեց, որ ոչ ոք չկարողացավ հրաժարվել: Նա կենացներ էր ասում և շնորհակալություն հայտնում Տիրոջն ու Սուրբ Աստվածածնին:
Երեք բաժակ հանգիստ խմեցին: Իսկ երբ նա չորրորդ անգամ լցրեց բաժակներն ու կենաց էր ասում, ձեռքերը տղայի կողմը թափահարեց, դիպավ նրա բաժակին ու գինին թափվեց: Այդպես կրկնվեց մի քանի անգամ: Բոլորն ամաչեցին, հատկապես՝ հոգևորականները, որոնք տղային պատմել էին, որ նրան մեծ, աստվածակիր ծերի մոտ են տանում, որը աղոթական օգնության և կանխատեսության շնորհ ուներ:
Բայց ի՞նչ կարող էին անել: Լուռ նստել ու երազում էին խցից շուտափույթ դուրս գալու մասին, բայց ծերը նրանց չէր արձակում: Ծերի օրհնությունն այնպիսին էր, որ բոլորը ստիպված էին հնազանդվել: Շուտով ծերը ոտքի ելավ ու սկսեց այնպիսի բառերով անարգել բոլորին, որ այնտեղ ներկա հոգևորականներն ամոթից կարմրեցին ու կարկամեցին: Ամենավերջին բառերով բոլորին վիրավորելուց հետո, նա հանկարծ ցատկեց աթոռակի վրա ու սկսեց պարել ու ասել, որ հիմա բոլորին «ստրիպտիզ» է ցույց տալու: Դրան արդեն ոչ ոք չդիմացավ և բոլորը դուրս վազեցին խցից այն համոզմունքով, որ հայր Գաբրիելը ուղղակի խելագար է:
Անցան ամիսներ: Ծերը վախճանվեց, իսկ այն տղան իր ընտանիքի հետ մենաստան եկավ: Նա… լիովին ապաքինվել էր գինեմոլության մեղքից: Ինչպես պատմեցին նրա ծնողները և հենց նա, այն ժամանակ խցում հայր Գաբրիելը իսկ և իսկ կրկնում էր այդ տղայի խոսքերն ու արարքները, որ վերջինս ասում ու անում էր հարբած ժամանակ: «Որդիս ամենավերջին բառերով վիրավորում էր մեզ,- հիշում էր նրա մայրը:- Պատահել է, որ սաստիկ հարբած վիճակում ցատկել է սեղանին ու սկսել մերկապար պարել, այդքան նա անկյալ ու մոլագար վիճակում էր»:
Բոլորը հուզվեցին՝ այս պատմությունը լսելով: Այդ ժամանակ պարզ դարձավ, թե ծերն այն օրն ինչու իրեն այդպես պահեց: Նա տղային կողքից ցույց տվեց այն մեղքի ողջ նողկալիությունը, որով նա բռնված էր եղել: Ցույց տվեց՝ առանց սեփական անվան մասին մտածելու, առանց մտածելու, թե մարդիկ իր մասին ինչ կասեն ու ինչ կմտածեն, և ապաքինեց:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը