Գրքեր

Ապաշխարության արցունքներ և փառաբանության արցունքներ

- Հա՛յր, աբբա Իսահակի խոսքերն ի՞նչ են նշանակում, երբ նա գրում է արցունքների մասին. «Արցունքներ կան, որ այրում ու մաշում են մարմինը, իսկ կան այնպիսիք, որ առույգացնում ու սնում են այն. արցունքները, որ ծնունդ են առնում խոնարհ սրտի խանդաղատանքից մեղքի պատճառով, այրում ու մաշում են սիրտը… Իսկ այլ կարգի արցունքները առաջանում են տնօրինումից ու դատողությունից, դրանք զարդարում են դեմքն ու սնուցում մարմինը»:

- Առաջինը ապաշխարության արցունքներն են: Անկեղծորեն և խորապես ցավում ես գործածդ մեղքի համար և լալիս խոնարհությամբ: Այդ արցունքները տանջում են մարդուն, սակայն նրանցում նաև աստվածային մխիթարություն կա: Իսկ երբ հոգին հաշտվում է Աստծու հետ, գալիս են երախտագիտության և փառաբանության արցունքները, և դրանք ուրախության արցունքներ են: Այդժամ հոգին մեկ այլ տեղ է գտնվում, ուրախությամբ սավառնում է փափուկ քաղցրության մեջ՝ դրախտային քաղցրության: Այս երկրորդ վիճակում մարդ բավարարվում է սակավ ուտելիքով: Սիրտը լի է խնդությամբ, և այն քիչը, որով նա սնվում է, բավարար է մարմնին, և սակավ քունն էլ նրան չի վնասում: Ոչ թե նա իրեն ստիպում է չքնել, այլ չի կարողանում քնել գերառատ ուրախությունից: Նրա սրտում բոցավառվում է աստվածային սերը, և նա մոռանում է քնի մասին: Այդ մեծ ուրախությունն ամբողջովին լրացնում է քնի անբավարարությունը:

- Հա՛յր, իսկ մարդ կարո՞ղ է արտասուքով երգել. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:

- Այո՛, երախտագիտության արտասուքով:

- Այսինքն՝ մարդ կարող է արտասվե՞լ Աստծուն փառաբանելիս:

- Այո՛, մի այնպիսի աննկարագրելի ուրախություն է զգում փառաբանությունից, որ չի կարողանում զսպել իրեն: Դա փառաբանության իսկական զեղում է: Մշտապես կրկնեք. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված, փա՜ռք Քեզ, Տե՛ր»: Հետո ամեն բանից խանդաղատանքով կլցվեք, ամեն ինչի համար մեծ երախտագիտություն կզգաք Աստծու հանդեպ, և Աստված ձեզ կխենթացնի Իր օրհնության առատությամբ:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

30.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․