23 Դեկտեմբեր, Բշ
Փետրվարի 18-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»: Այս արարողությունը սովորաբար կատարվում է Մեծ պահքի առաջին շաբաթվա երրորդ օրը, որ չորեքշաբթի է: Կանոնը վերցվել է Մեծ կամ Մայր Մաշտոցի 1807 թ Կ. Պոլսի հրատարակությունից:
Արարողության սկզբին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը քարոզին նշեց, որ բոլորս մուտք ենք գործել տարվա մեջ ամենաերկար պահեցողության շրջանը, որ հայտնի է Մեծ պահք անվանումով: Եվ որ ապաշխարության այս շրջանը յուրաքանչյուր քրիստոնյայի համար ապահովում է բոլոր պայմանները մաքրվելու մարմնավոր և հոգևոր բոլոր մեղքերից, ձերբազատվելու վնասակար սովորություններից ապաշխարության և հոգևոր աճի համար:
«Այս հրաշալի շրջանին, երբ փակվում է եկեղեցու վարագույրը, ժամանակն է բացելու մեր հոգու վարագույրը և քննելու, գնահատելու մեր ներսը: Պահեցողությունը ապաշխարության և աղոթքների հետ միասին օգնում են մարդու մաքրագործված հոգուն դեպի վեր բարձրանալ, քանզի ինչպես մեր Տերն է ասում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև Երկնքի Արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 4:17): Մեծ Պահքը ևս մի հրաշալի պարգև է` Տիրոջ կողմից մեզ ընծայված և ևս մեկ հնարավորություն` փրկության ճանապարհը ընտրելու»,- քարոզը եզրափակեց Տեր Գրիգորը:
Ողջ արարողությունը ապաշխարության էր կոչում յուրաքանչյուրին իր խրատներով, աստվածաշնչային ընթերցումներով, ապաշխարության սաղմոսներով, քարոզով, հորդորակով, աղոթքներով և մաղթանքներով:
Կանոնի սկզբին ներկաներն ունկնդիր եղան հետևյալ համառոտ խրատին. «Ապաշխարողը պարտավոր է սրտաբեկ, սրտաթափ և սրտառուչ լինել՝ մինչև իր մահվան օրը: Եվ ընդդեմ անիրավ մեղքերի դնել արդարությունը, ընդդեմ ոխակալության՝ սերը, ընդդեմ ստության՝ ճշմարտությունը, ընդդեմ ձանձրության՝ ժուժկալությունը, հանապազ Եկեղեցի գնալ, աչքերն՝ արտասուքներով, լեզուն առ Աստված աղոթքներով, լսելիքը՝ Աստծո պատվիրաններն ունկնդրելով, և ձեռքերը՝ աղքատներին ողորմելով: Եվ այս է արդարության մեջ լինելը, որով խառնվում է սրբերի գնդերին, հրեշտակների թվին և որդեգրվում է Երկնավոր Հորը և դառնում Երկնային Արքայության ժառանգորդ, որին Տերը թող արժանացնի Իր Անվանը բոլոր հավատացողներին»:
Քանի որ մեր Տերը մեղավորի մահը չի տենչում, այլ նրա չար ճանապարհից հետ դառնալը և ապրելը (Եզեկիել 18:23), ուստի, հուսալով Աստծո ողորմությանն ու գթությանը, կանոնի այս աղոթքի համաձայն խնդրենք Տիրոջից. «Տե՛ր Աստված փրկիչ մեր, որ Նաթան մարգարեի միջոցով՝ Դավթի ապաշխարությանը նայելով՝ թողություն շնորհեցիր նրա բոլոր մեղքերին, ընդունեցիր Մանասեի ապաշխարությունն ու աղոթքները, որ անառակ որդու ձայնը լսեցիր, գթացիր արտասվող Պետրոսին, անտեսեցիր մաքսավորի հանցանքները, սրբեցիր պոռնիկի մեղքերը, ավազակի առջև բացեցիր դրախտի դուռը՝ նրա ճշմարիտ խոստովանության համար, ելար փնտրելու մոլորյալ ոչխարին և գտնելով նրան՝ Քո կենսաբեր ուսի վրա վերցրեցիր ու բերելով ՝ խառնեցիր Քո չմոլորված հոտին: Աղաչում ենք Քեզ, Տե՛ր, ընդունի՛ր մեր ապաշխարությունը, և Քո մարդասիրությամբ անտեսելով մեր կամա և ակամա հանցանքները՝ թողությո՛ւն տուր, Դու, որ հրամայեցիր ներե՛լ մարդկանց յոթանասուն անգամ յոթը մեղքերը, որովհետև ինչպես Քո մեծությունը, նույնպես և ողորմածությունը՝ չափ չունի, քանի որ, բարերար և մարդասեր Աստված ես, և Քեզ վայել է փա՜ռք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:
Կարինե Սուգիկյան