Յուրաքանչյուր օրը Աստծո պարգևն է մարդուն շնորհված: Եկեղեցու հայրերից աբբա Եսային հորդորել է՝ ապրիր այնպես, կարծես թե ապրածդ օրը վերջինն է, ու Աստծո առջև մեղք չես գործի: Մահվան մասին հիշողությունը նպաստում է, որ մարդն արժևորի և իմաստավորի իր ներկան: Անհատույց և անանձնական սիրով հարստացած օրը կարող է միայն երջանկություն և բարօրություն տարածել: «Պետք է ապրեք այնպես, որ անցյալը երբեք ավելի լավը չլինի ապագայից կամ ներկայից»,- ասել է Ս. Բարսեղ Մեծը:
Փետրվարի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Սեդա Մանուկյանին (51 տ.) հանձնեց դրամական օգնություն (150 եվրո), որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տեր և տիկին Շահէ և Մարալ Թոփչեանները: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով երկու տարի առաջ Սեդան իր կրտսեր որդու՝ Ջոզեֆ Քասաբյանի (23 տ.) և դստեր՝ Աննա Մարիա Քասաբյանի (15 տ.) հետ գաղթեց Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Մուրացանի փ. 44/1 հասցեում:
«Տասներկու տարի առաջ ամուսինս հիվանդության պատճառով մահացավ, ավագ որդիս՝ Քասաբյան Գրիգորը (24տ.), ծառայում է Սիրիայի զինված ուժերում: Այստեղ մենք ֆինանսական խնդիրների առջև ենք կանգնած, կրտսեր որդիս որպես ատաղձագործ է աշխատում, բայց իր վաստակածը չի բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները, ես էլ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեմ աշխատելու»,- ասաց Սեդան և իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:
Կարինե Սուգիկյան