Օգոստոսի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-3 թաղ. 7-րդ հողակտորում վարձակալությամբ բնակվող Բաբայան ընտանիքին: Հինգ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը չորս տարի է, ինչ բնակվում է երկու սենյականոց վթարային տնակում, որի տանիքը կաթում է: «Տանիքը նորոգելու ամուսնուս բազմաթիվ փորձերը անարդյունք են անցել, քանի որ այն մի քանի կտորից է բաղկացած: Կաթոցների պատճառով տնակում խոնավ է, իսկ ձմռանն այնքան ցուրտ է լինում, որ փորձում ենք տնակը փայտի վառարանով ջեռուցել: Բնակարանի հարցով շատերին ենք դիմել, բայց ապարդյուն»,- ասաց ընտանիքի մայրը՝ Բաբայան Հասմիկը (28 տ.): Երեք անչափահաս տղաների մայրը, ոտքի անոթների թրոմբ ունենալով, աշխատում է, որպեսզի իր և ամուսնու նվազագույն աշխատավարձերով կարողանան հոգալ իրենց նվազագույն կարիքները: Տեր Գրիգորը Հասմիկին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցծրագրերի մշտական աջակից՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:
Յուրաքանչյուր օրը մարդու համար փոքրիկ մի կյանք է, հնարավորություն՝ հավատքով և բարի գործով դեպի Կյանք ընթանալու: Մարդկության փրկության համար աշխարհ եկած Աստվածորդին վերականգնեց մարդու մտքի, զգացումների և գործի միջև եղած ներդաշնակությունը: Աստծո խոսքը հիշեցնում է, որ հավատով և բարի գործով է հնարավոր փրկվել (Հակոբ. 2:20): Առաքինի մարդն ամուր է իր հավատքով և հարուստ՝ բարի գործերով: Եկեղեցու հայրերից երանելի աբբա Դորոթեոսն ասում է. «Փրկության ձգտող յուրաքանչյուր անձ չարից հեռանալուց զատ, պարտավոր է բարին գործել, ինչպես ասված է սաղմոսում. «Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր» (Սաղմ. 33:15): Օրինակ՝ երբ մեկը բարկացկոտ է, ոչ միայն չպետք է բարկանա, այլ պետք է լինի հեզաբարո, հպարտացողը ոչ միայն չպետք է հպարտանա, այլ պետք է լինի խոնարհ: Այդպես և յուրաքանչյուր կիրք ունի իրեն հակադիր առաքինությունը. բարկություն-հեզություն, հպարտություն-խոնարհություն, ատելություն-սեր, ագահություն-ողորմածություն»:
Կարինե Սուգիկյան