Առաքինության առաջին աստիճանը

Յուրաքանչյուր անձ իր բնավորության լավ և վատ կողմերը ձեռք է բերում աստիճանաբար և որ ուղղությունն ընտրում է, այդ ուղղությամբ էլ առաջադիմում է: Ինչպես որ մարդն աստիճանաբար է որևէ արհեստի կամ մասնագիտության տիրապետում, այնպես էլ աստիճանաբար է ձևավորվում նրա բնավորությունը: Եթե երկրաչափության, մաթեմատիկայի և այլ առարկաների ուսուցման մեջ պահանջվում է գիտելիքը գործնականորեն արտահայտել, նույնն է և քրիստոնեական կյանքում. կատարելության ուղին պահանջում է հավատը գործնականորեն արտահայտել, իսկ գործնական արտահայտություններից մեկը պահեցողությունն է: Աշխարհի բոլոր կրոնների հիմնադիրները սահմանել են պահեցողություն և սահմանել տարբեր կերպերով: Քրիստոնեության հիմնադրման իսկ օրից քրիստոնեական առաջին համայնքներում քրիստոնյաները հետևում էին առաքյալների կողմից սահմանված պահեցողության օրերին:

Հրազենի ուժը կախված է վառոդի հատկությունից. եկեղեցու հայրերը նշում են, որ մարդու կրքերը կախված են նաև այն սնունդից, որը նա ընդունում է: Եթե ընդունած սնունդը մարդու գոյության համար անհրաժեշտ քանակից չի անցնում և սպառվում է ֆիզիկական աշխատանքի վրա, ապա մարդը խաղաղ է, կրքերից չի տանջվում և ստիպված չէ ավելորդ սնունդը սպառելու համար դիմել անզուսպ կրքերին: Պողոս պատրիարքն ասում է, որ հովիվը, եթե իր շանը շարունակ ոչխարի մսով կերակրի, նրան գայլ կդարձնի, իսկ եթե մեկն իր մարմինը հարատև պարարտ կերակրով սնի, ապա կդարձնի իրեն գազան և արդեն ըմբոստացած, այլևս չի հնազանդվի հոգու կամքին, այլ բռնադատելով՝ կծառայեցնի իր հաճույքներին: Ըստ քրիստոնեական եկեղեցու՝ պահեցողությունը չի վերաբերում միայն կերակրին, այլ այն ինքնաքննության և զղջման, կրքերից ձերբազատման մի շրջան է: Օրինակ՝ առաքյալները և նրանց հետևող եկեղեցու հայրերը Մեծ պահքի շրջանը սահմանել են գարնանը՝ բնության զարթոնքին, որպեսզի մարդը կարողանա զսպել բնության հետ իր մեջ առավել արթնացող կրքերին: Պահեցողությունը նաև օգտակար է առողջության տեսանկյունից, ոչ պահոց կերակուրների չարաշահումը ոչ միայն անզուսպ կրքերի, այլև մի շարք հիվանդությունների դուռ է բաց անում մարդու համար: Ինչպես որ սանդուղքի վերջին աստիճանին հնարավոր չէ ցատկելով հասնել, այնպես էլ առաքինության բարձունքին հասնելու համար, նախ անհրաժեշտ է պահեցողությանը վարժվել, քանի որ պահեցողությունն առաքինի կյանքի առաջին աստիճանն է, ուր ոտք չդրած՝ չենք կարող թռիչքներ գործել: Այն անձը, ով հավատի գործնական արտահայտություններից պահեցողությանը կարևոր նշանակություն չի տալիս, նրա համար կարևոր չի լինի նաև տեսականը, փոքր գործին անընդունակը չի կարող մեծ գործին ընդունակ լինել: Մի իմաստուն հետևյալ խոսքն է ասել՝ ո՞վ է իմաստունը. ով ամենքից որևէ բան է սովորում, ո՞վ է հզորը. ով զսպում է իրեն, ո՞վ է հարուստը, ով գոհ է իր վիճակից:

Եթե մանուկ հասակից երեխային հոգևոր, ապա երիտասարդության տարիներին նաև սննդի պահեցողությանը չսովորեցնեն, հետագայում նա կստրկանա իր կրքերին, որոնց իշխանության ներքո էլ կապրի մինչև ծերություն, իսկ երբ պահեցողությամբ սովորի ոչնչացնել մի արատը, կկարողանա ոչնչացնել նաև տասնյակ արատներ: Այսպիսով, պահեցողությունը անհրաժեշտ պայման է առողջության, ժուժկալության, աստվածահաճո գործեր կատարելու ընդունակության և մարդու բնավորության կրթության համար: Ահա, թե ինչ կարևոր նշանակություն ունի պահեցողությունը և ինչու են այն սահմանել առաքյալներն ու եկեղեցու հայրերը: Հայտնի ասացվածքն ասում է. «Մասնակից դարձրեք բարի գործին և այն սովորություն կդառնա, կրկնեք այդ սովորությունը և այն բնավորություն կդառնա, գործադրեք այդ բնավորությունը և կստեղծեք հավասարակշիռ ու բարոյական հասարակություն»:

 

 

Կարինե Սուգիկյան

24.01.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․