Ողորմածությունը մի առաքինություն է, որ զերծ է սահմաններից: Քրիստոնեությունն իր հետևորդներին կոչում է առանց սահմանափակումների սիրել Աստծուն, մերձավորին և ինքն իրեն՝ որպես Աստծո պատկերը կրող արարածի: Հայր Պաիսիոս Աթոսացին ասում է, որ Աստծո կամքի կատարումը ոչ թե Աստծուն, այլ մեզ է հարկավոր. «Մեզ հարկավոր է Աստծո կամքը կատարել, որպեսզի ազատագրվենք մեր հին մարդուց: Հավատավոր մարդու բոլոր ուժերը պետք է ուղղված լինեն նրան, որ նա հավատարմորեն հետևի Աստծո պատվիրաններին: Երբ մարդը ձգտում է Աստծո կամքի կատարմանը, ապա նա մոտենում է Աստծուն, և եթե անգամ չի խնդրում, միևնույն է, արժանանում է աստվածային օրհնության, այլ խոսքով ասած՝ ջուր է խմում բուն աղբյուրից»:
Անսահման սիրո վառ օրինակներից են Քրիստոսահիմն եկեղեցու համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց շրջանակներում յուրաքանչյուր անդամ իր կարողության չափով, սիրով և հոժարակամ պատրաստ է ձեռք մեկնել իր մերձավորին:
Հուլիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Սարիբեկյան կարիքավոր ընտանիքին, որ բնակվում է Նոր Արեշ 42 փ. 88/1 հասցեում: Ընտանիքի մայրը՝ Համեստ Մանգասարյանը (40 տ.), ասաց, որ ինքը և իր երկու զավակներն առողջական խնդիրներ ունեն. «Աղջիկս՝ Միլենան (11 տ.), երեք տարի է, ինչ տառապում է շաքարային դիաբետով, ինչի հետևանքով նրա մոտ առողջական այլ խնդիրներ են առաջացել: Չեմ կարողանում աշխատել, քանի որ օրը երեք անգամ ինսուլին եմ ներարկում աղջկաս: Փոքր տղաս էլ արագ քայլելիս կամ վազելիս ընկնում է, և ըստ բժշկի նշանակմամբ, պետք է մերսումների տանեմ: Ես էլ ֆինանսական խնդրի պատճառով առայժմ չեմ կարողացել բուժհետազոտություն անցնել՝ հասկանալու համար, թե առողջական ինչ խնդիրներ ունեմ»:
Սարիբեկյան ընտանիքը ժամանակավոր ապրում է ազգականի տանը, ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի, և ընտանիքը գոյատևում է ընտանեկան նպաստի ու երեխայի հաշմանդամության գումարներով: Տիկին Համեստը նշեց, որ փետրվար ամսից գազի վարձը չվճարելու պատճառով անջատել են իրենց գազը, և ձմռանը ստիպված են եղել տունը ջեռուցել փայտի վառարանով:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց, այնուհետև Կարեն Վարդանյանն ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), իսկ նրա որդին՝ վեցամյա Միքայելը, ընտանիքի զավակներին նվիրեց քաղցրավենիքի փաթեթ:
«Մենք շատ հաճախ ընտանիքով մասնակցում ենք Ս. Պատարագի: Աղջիկս մեծ հավատք ունի, նա հավատում է, որ Աստված կբժշկի իրեն, նա աղոթում է բոլոր երեխաների համար, որպեսզի ոչ ոք չհիվանդանա»,- ասաց Համեստը և իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին ու աջակից ընտանիքին:
Կարինե Սուգիկյան