Սուրբ Մակար Մեծի ժամանակակիցներից մեկը՝ սուրբ Ագաֆոն Եգիպտացին, ճգնում էր եգիպտական անապատում: Նա առանձնանում էր բացառիկ խոնարհությամբ՝ մարդկանց մեջ իրեն ամենամեղավորը համարելով: Մի անգամ մի քանի վանականներ եկան սրբի մոտ՝ հոգևոր զրույցի ակնկալիքով և հարցրեցին.
- Դո՞ւ ես Հայր Ագաֆոնը:
- Ձեր առջև է Աստծո մեղավոր ծառան,- պատասխանեց սուրբը:
- Լուրեր են պտտվում, որ դու հպարտ ու անժուժկալ մարդ ես,- շարունակեցին վանականները:
- Միանգամայն ճիշտ է,- համաձայնվեց սուրբը:
- Նաև լսել ենք, որ դու ստախոս ես ու սիրում ես ուրիշներին քննադատել:
- Դա էլ է ճիշտ,- հաստատեց սուրբ Ագաֆոնը:
- Բացի այդ, ասում են, որ դու հերետիկոս ես,- չէին հանձնվում վանականները, բայց միանգամից առարկության հանդիպեցին:
- Իզուր, քանի որ ես հերետիկոս չեմ:
Երբ հարցրեցին սրբին, թե մյուս արատներն իր վրա վերցնելով՝ ինչո՞ւ վերջինից հրաժարվեց, սուրբը բացատրեց.
- Չես էլ կարող այդ արատները քեզ չվերագրել, քանի որ յուրաքանչյուր մարդու էլ հատուկ է մեղանչելը և մեր աղճատված բնության պատճառով բոլորս էլ ակամայից տարվում ենք արատներով, իսկ հերետիկոսությունն աստվածուրացություն է, Աստծո ճշմարտությունից ինքնակամ հրաժարում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի