Ցավոք, այսօր մենք ազատութունը ոչ թե բարու, սրբության հասնելու համար ենք օգտագործում, այլ՝ աշխարհի ունայնության: Առաջ ողջ շաբաթն աշխատանքային էր, իսկ կիրակին հանգստյան օր էր: Այժմ շաբաթը նույնպես հանգստյան օր են դարձրել: Սակայն, արդյո՞ք այժմ մարդիկ ավելի հոգևոր կյանքով են ապրում, թե՞ ավելի շատ են մեղք գործում: Եթե մարդիկ իրենց ժամանակը հոգևոր վարժանքի համար գործածեին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ՝ նրանք մտահավաք կլինեին: Սակայն մենք՝ նզովյալ մարդիկս, ուզում ենք գողանալ հոգևորի մի մասը, հափշտակել այն, ինչ Քրիստոսինն է: Եթե աշխարհիկ մարդիկ պետք է հավելյալ օր աշխատեն, ապա միմյանց հետ պայմանավորվում են կիրակի օրն աշխատել: Նրանք ազատ կիրակի են գտնում կիրակնօրյակի համար, ինչ-որ տոն՝ շաբաթօրյակի համար, և հետո Աստծո զայրույթն է իջնում նրանց վրա: Դրանից հետո սրբերն ինչո՞վ օգնեն նրանց: Մի՞թե տոնական կիրակին աշխատանքի համար է: Եվ եթե աշխարհիկ մարդիկ ուզում են ինչ-որ բանով օգնել մեզ՝ վանականներիս, ապա դա թող ոչ թե կիրակի օրվա աշխատանք լինի, այլ որևէ այլ օգնություն:
Մենք Աստծուն թույլ չենք տալիս կառավարել մեզ: Իսկ այն, ինչ կատարվում է առանց առ Աստված ունեցած հավատի, Աստծո հետ առնչություն չունի: Այդ պատճառով, այն, ինչ անում ենք, օրհնված չէ, և նշանակում է, որ բարի արդյունք էլ չի լինի: Իսկ հետո ասում ենք. «Սատանան է մեղավոր»: Ոչ թե սատանան է մեղավոր, այլ մենք ինքներս Աստծուն թույլ չենք տալիս օգնել մեզ: Աշխատելով այն օրերին, երբ ըստ եկեղեցական կարգի չի կարելի աշխատել, մենք սատանային իրավունքներ ենք տալիս մեր նկատմամբ, և նա հենց սկզբից միջամտում է այն ամենին, ինչ անում ենք: «Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավոր մեծ հարստությունը» (Սղմ. 36:16),- ասում է սաղմոսը: Այ դա՛ օրհնված է, իսկ մնացյալը տաշեղներ են, անհեթեթություն: Սակայն պետք է հավատ, նախանձախնդրություն և երկյուղածություն ունենալ, պետք է ամեն ինչ վստահությամբ Աստծուն հանձնել: Այլապես, և՛ տոներին անփույթ կաշխատես, և՛ մյուս օրերին զուր ժամանակ կվատնես:
Եվ տեսեք. Աստված երբեք չի թողնում [Իրեն հավատարիմ եղողներին]: Ես երբեք չեմ աշխատել կիրակի և տոնական օրերին, և Աստված երբեք չի թողել ինձ, Նա օրհնել է իմ աշխատանքը: Հիշում եմ, մի անգամ մեր գյուղ կոմբայններ եկան՝ ցորեն հնձելու: Հորս ասացին, որ մեր դաշտից կսկսեն, իսկ հետո կանցնեն մյուսներին: Կիրակի էր: «Ի՞նչ անենք,- հարցրեց ինձ հայրս:- Կոմբայններն եկել են»: «Ես,- ասացի,- կիրակի օրը չեմ աշխատի: Սպասենք մինչև երկուշաբթի»: «Բայց եթե այդ հնարավորությունը բաց թողնենք,- կրկին ասաց հայրս,- ապա հետո կտանջվենք ձիերով հնձելուց»: «Ոչինչ,- ասացի,- կհնձեմ թեկուզ մինչև Սուրբ Ծնունդ»: Գնացի եկեղեցի, ասես ոչ մի կոմբայն էլ չէր եկել: Իսկ դրանք գնացին հնձի: Եվ հենց ճանապարհին էլ փչացան: Այդժամ կոմբայնավարները կրկին հորս մոտ գնացին և ասացին. «Ներողություն ենք խնդրում, մեր կոմբայնները փչացել են: Այժմ Յանինա կգնանք՝ դրանք
վերանորոգելու, իսկ երբ երկուշաբթի վերադառնանք, հենց ձեզնից էլ կսկսենք»: Այդպես էլ հունձը կիրակիից երկուշաբթի տեղափոխեցին: Նման շատ դեպքեր են պատահել, որ աչքովս եմ տեսել:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի