21 Դեկտեմբեր, Շբ
Դեկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում ամանորյա ուրախ տրամադրություն էր տիրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Ալ մայասս» ռեստորանի սեփականատեր Ռազմիկ Խաչատուրյանի աջակցությամբ՝ Արև երեխաներն ուրախ Ամանոր նշեցին: Սեր, ջերմություն և ժպիտ ճառագող Արև երեխաների ներկայությունը կրկնապատկել էր տոնական ուրախությունը: Երգ ու պար սիրող Արևներն ողջ ցերեկույթի ընթացքում պարեցին, նրանց ուրախ պարերին էին միացել ծնողները, Mickey ու Minnie Mouse մուլտհերոսները: Երեխաների ուրախ տրամադրությունը լրացրեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Այնուհետև Արև երեխաներին իր օրհնությունը բերեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը: Ներկաները, Սրբազան Հոր գլխավորությամբ, «Տերունական աղոթք»-ն ասացին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր որդիական խոնարհումը բերեց և շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը՝ նշելով, որ իր հայրական օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ համագործակցաբար փորձում է հնարավորինս օգտակար լինել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ իրականացնելով սոցիալ-առողջապահական մի շարք ծրագրեր:
«Անչափ ուրախալի է, որ այսօր միմյանց հետ անմիջականորեն հաղորդակցվելու առիթն ունեցանք: Շնորհակալություն Տեր Հորը, ով համբերությամբ և սիրով իրականացնում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների աջակցության վերաբերյալ աստվածահաճո այս ծրագիրը»,- ասաց Նավասարդ Սրբազանը:
«Արև-երեխաներ» ՀԿ-ն շնորհակալագրեր հանձնեց Սրբազան Հորը, ամանորյա միջոցառման աջակից Ռազմիկ Խաչատուրեանին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին:
Արև երեխաների ուրախությամբ ոգևորված ծնողներն իրենց գոհունակությունը հայտնեցին «Արև-երեխաներ» ՀԿ-ին և աջակից ընտանիքին: Ծնողներից մեկն իր ուրախությունը կիսեց՝ ասելով. «Երեխաների ուրախությամբ մենք էլ մեծ ուրախություն ապրեցինք: Արև երեխաները հրաշք բալիկներ են, նրանք կարող են ամեն ինչ անել: Անգնահատելի աշխատանք է կատարում «Արև-երեխաներ» ՀԿ-ն, շնորհակալ եմ իրենց, Տեր Գրիգորին և վստահ եմ, որ ապագայում իրենց ջանքերի և մեծ աշխատանքների շնորհիվ, Արև երեխաներն իրենց հաջողությունը կունենան, կինտեգրվեն հասարակության մեջ՝ դառնալով նրա լիարժեք անդամը»:
Արև երեխաների ուրախությունն ավելի կրկնապատկվեց, երբ Ձմեռ պապի ու Ձյունանուշի կողմից նրանց նվերներ փոխանցվեցին: «Արև-երեխաներ» ՀԿ-ի և աջակից ընտանիքի
միասնական և սիրով լի ջանքն ու եռանդն իսկապես կարողացան Արև երեխաների օրը դարձնել տոնական և անմոռանալի:
Կարինե Սուգիկյան