Արգելված պտուղը

Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Ամենակարող Աստված դրախտից արտաքսեց առաջին մարդկանց, որովհետև նրանք խախտեցին աստվածային կամքը և կերան արգելված ծառի պտղից (Ծննդ. 3.17, 24): Այստեղ կարևոր չէ, թե ինչ տեսակի ծառ էր այդ ծառը և ինչ պտուղ էր, որ կերան, այլ էականն այն է, որ առաջին մարդիկ աստվածային կամքին դեմ գնացին: Աստվածաշնչյան այս թեման չարաշահվել է միջին դարերում Եկեղեցի մուտք գործած եսամոլ մարդկանց պատճառով: Առաջին եվրոպական համալսարաններն առաջ եկան դասական միջնադարի շրջանում: Այդ ժամանակ համալսարանների ամբիոններն ու ֆակուլտետները գլխավորում էին ֆրանցիսկյան և դոմինիկյան վանականները: Եվ նրանց ղեկավարությամբ համալսարաններում ուսանողներն աշխատություններ էին գրում հետևյալ վերնագրերով` «Ինչո՞ւ Ադամը խնձոր կերավ և ոչ թե տանձ» կամ «Քանի՞ հրեշտակ կարող է տեղավորվել մի ասեղի ծայրին»: Սակայն, ինչպես նշեցինք, կարևոր չէ, թե ինչ տեսակի ծառ կամ պտուղ էր Աստծո արգելածը, այլ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ աստվածային կամքին դեմ գնացին: Դրա համար էլ Աստվածաշնչում հիշատակություն չկա ծառի կամ պտղի տեսակի մասին:

Սուրբ Եկեղեցու հռչակավոր Հայրերից Սուրբ Գրիգոր Նյուսացին բացատրում է, որ դրախտում ուտելը պետք է հասկանալ խորհրդանշական իմաստով: Օրինակ` դրախտի մեջտեղի Կենաց ծառը (Ծննդ. 2.9) Խաչն է, որի պտուղը Հիսուս Քրիստոսն է: Իսկ արգելված ծառը կոչվեց չարի և բարու գիտության ծառ, որովհետև Աստված այս ծառից ուտելն արգելել էր` փորձելու համար Ադամի հավատարմությունը:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

23.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․