22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Արիության և համբերության մասին

Սկյութիայի անապատի խորքերում` Սկյութիայից տասնութ մղոն հեռու, մի ներքինի էր ապրում: Մեծն Դանիել ծերունին պատվի­րեց իր աշակերտներից մեկին, որ ամեն երեկո փոքր ամանը լցնի ջրով և դնի քարայրից դուրս: Եվ ներքինին ամեն շաբաթ գիշերով լռելյայն գնում էր տասնութ մղոն, վերցնում էր ջուրը, խմում և դառնում դեպի իր քարանձավը` առանց որևէ մեկին տեսնելու և որևէ մեկի հետ խո­սելու: Տասնութ տարի անց Դանիելի աշակերտը այրի դռանը գտավ մի խեցի` գրված. «Ե՛րբ գաս, հա՛յր Դանիել, բե՛ր քեզ հետ աշակերտներից մեկին և բահ ու բրիչ»: Եվ ծերունին ընթերցելով` ասաց. «Վա՜յ ներ­քին անապատին, որ այսպիսի սյուն է կորցնում»: Եվ իր աշակերտին, որ քսանութ տարի այրի մոտ ջուր էր դնում, ասաց. «Վերցրո՛ւ բահ և բրիչ, և արի շտա՛պ գնանք, թերևս հասցնենք ծերունուն կենդանի տեսնել և նրա օրհնությունը ստանալ, որովհետև պատրաստվում է երթալու ի Քրիստոս»: Եվ լացելով ճամփա ընկան: Երբ հասան տեղ, նրան գտան սաստիկ ջերմության մեջ: Ծերունին ընկավ նրա լանջին, հորդաբուխ արցունքներով ողբաց ու ասաց. «Երանի՜ է քեզ, որ այս օրը մտապահելով` արհամարհեցիր աշխարհի փառքը»: Ասաց ներքի­նին. «Երանի՜ է քեզ, Դանիե՛լ, քանզի նախահայր Աբրահամի հետ է դասված քո հոգին, որովհետև տքնության բազում պտուղներ ընծայե­ցիր Քրիստոսին»: Դանիելն ասաց. «Աղո՛թք արա մեզ համար և օրհ­նի՛ր մեզ»: Ներքինին ասաց. «Նախ դո՛ւ աղոթք արա և օրհնի՛ր մեզ»: Դանիելն ասաց. «Եթե ես քեզնից առաջ գնայի ի Քրիստոս, կանեի աղոթք, այժմ դու ես առաջ անցել, օրհնի՛ր մեզ»: Եվ նա, բարձրացնե­լով ձեռքերը, մեծապես օրհնեց նրանց և ծերունուն գրկելով` համբու­րեց նրա գլուխը և Հաղորդություն վերցնելով` պատվիրեց Դանիելին, որ իր վրայից չհանի փսիաթը, և նույն պահին էլ ավանդեց հոգին առ Աստված, և փայլեց նրա երեսը՝ որպես հուր: Սաստիկ արտասվեցին և փոս փորելով այրի առջևում` նրան այնտեղ դրին: Եվ ծերունին, հանե­լով պարեգոտը, տվեց իր աշակերտին, որպեսզի փռի մարմնի վրա: Երբ աշակերտը բացեց կուրծքը, որպեսզի համբուրի, տեսավ կնոջ ստինք­ներ՝ տերևի պես չորացած, և սալաքարը դնելով` ծածկեց: Ապա հո­ղը կիտեցին վրան, սաղմոսներով և օրհնաբանությամբ ուղարկեցին Քրիստոսի մոտ և վերադարձան Սկյութիա: Աշակերտն ասաց. «Հա՛յր, գիտե՞ս, որ ներքինին կին էր»: Եվ ծերունին ասաց. «Այժմ ես կպատ­մեմ քեզ նրա մասին»: Եվ ծերը պատմեց, թե նա մի նշանավոր և խիստ մեծահարուստ պատրիկի կին էր՝ թագավորանիստ Կոստանդնուպոլիս քաղաքից: Եվ երբ մահացավ նրա ամուսինը, նրա գեղեցկության հա­մար ցանկացավ նրան Հուստիանոս թագավորը, որը գաղտնի պատ­գամախոսների ուղարկեց նրա մոտ՝ բազում գանձերով: Սակայն նա, թողնելով այնչափ մեծությունը, հարստությունը, անունը, ծառանե­րին ու աղախիններին, գիշերով միայնակ փախավ­ գնաց Ալեքսանդ­րիա քաղաքը և լեռան վրա շինեց մի մեծ վանք, այնտեղ հավաքեց բազմաթիվ կանանց, և այդ վանքը ցայսօր կոչվում է Պատրիկիա: Եվ ճգնեց մեծ առաքինությամբ, իսկ նրա աստվածային վարքի համբավը դուրս եկավ այդ սահմաններից և հասավ մինչև թագավորի ականջը: Բազում մարդիկ էին գնում նրա մոտ, որպեսզի աղոթք և օրհնություն ստանան նրանից: Իսկ նա, աբեղայի զգեստ հագած, փախավ գիշերով իր վանքից և եկավ ինձ մոտ, պատմեց ինձ իր բոլոր խորհուրդները և ինձնից խնդրեց այն քարայրը, և ես տվեցի նրան: Նրա անունն էր Անաստասիա: Եվ քսանութ տարի՝ մինչև իր մահը, ոչ ոք չիմացավ նրա մասին այն, ինչ իմացար միայն դո՛ւ: Ե՛վ թագավորը, և՛ Ալեք­սանդրիայի պատրիարքը բազում ցանկացողների էին ուղարկում, որ­պեսզի գտնեն նրան և օրհնվեն նրանից, սակայն չկարողացան գտնել նրան: Կրոնավոր կանայք նույնպես մեծ բաղձանքով փնտրում էին նրան և չէին գտնում, քանզի Աստված ծածկեց նրան և պահեց մինչև մահ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․