25 Նոյեմբեր, Բշ
Հայր Մարկելիոսի մասին հայր Թեովնան մեզ պատմեց և ասաց. «Նա հանդարտությամբ բնակվում էր մի այրում, որը մոտ էր մի մեծ գյուղի` Լիբանանի լեռան կողմում, իսկ այրը լեռան կատարին էր, ուր բնակվում էր նա: Եվ այս հայր Մարկելեն անսահման հեզ և քաղցրաբարո մարդ էր` բազում այլ առաքինություններով հանդերձ, և իր մեջ ուներ Աստծո կատարյալ երկյուղը և մարմնի սրբություն, որի համար էլ նրա նկատմամբ մեծ հավատ ունեին այդ գյուղի մարդիկ, այն աստիճան, որ շատերը ելնում էին նրա մոտ և ուսանում նրանից: Եվ այսքան դժվարին տեղում՝ այրի մեջ, ապրեց նա վեց տարի և բազում փորձությունների համբերեց, սրբությունների թշնամի դևերին դիմակայեց, ինչպես ինքն էր ասում, թե ջանում էին իրեն դուրս հանել այրից և խափանել իր բարի գործերը, սակայն նա դիմացավ ամեն ինչի: Իսկ դևը, նրա վրա փորձանք բերել կամենալով, իր չարությանը բնորոշ գործ հղացավ: Ինքը` դևը, ընդունեց ծեր Մարկելեի կերպարանքը և դեպի գյուղ գնալով` գյուղից դուրս թաքնվեց, և որտեղ կին էր տեսնում` գյուղից մենակ դուրս եկած, ծերի կերպարանքով գնում էր նրա մոտ, խոսում էր նրա հետ և ասում. «Կնոջը մերձենալը մեղք չէ, քանզի բնական է այդ»: Եվ պատրում էր նրան, կենակցում նրա հետ և գնում դեպի լեռը: Եվ կրոնավորի տեսքով դևն այդ անում էր բազում անգամ. որտեղ միայնակ կին էր տեսնում, մոտենում էր նրան՝ Մարկելիոսի տեսքով, բռնանում էր և ննջում նրա հետ: Իսկ կանայք՝ ձանձրացած այս ամենից, պատմեցին իրենց տղամարդկանց: Այս խոսակցությունը տարածվեց ամբողջ գյուղում, մեծ բազմություն հավաքվեց կիրակի օրը եկեղեցում, և մեծ աղմուկ բարձրացավ: Քահանայապետը կանչեց իր մոտ այդ կանանց և ստուգելու համար հարցրեց. «Այդպե՞ս է եղել, ննջե՞լ է ձեզ հետ ծերը»: Եվ այդ կանայք՝ մոտ քսան հոգի, ասացին. «Արդարև, այդպես է եղել` ոչ մեկ անգամ կամ երկու, այլ բազում անգամ, որովհետև այս էլ երեք տարի է, որ մեզ բռնելով` բռնաբարում և նեղացնում է»: Երբ այս լսեց քահանայապետը, չիմացավ, որ դա դևի խարդախությունն է և ակնապատիր երևույթ է: Ուղարկեցին այդ կանանց երիտասարդ ամուսիններին և ասացին. «Գնացե՛ք և այնտեղից չարաչար հալածե՛ք այն չար ծերին»: Գյուղի տղամարդիկ, երբ հասան այնտեղ, սկսեցին բրերով սաստկապես ծեծել այն անպարտ ծերին, փետում էին մորուքը, գանահարում էին և ասում. «Մոլագա՛ր ու չա՛ր մարդ, մենք հավատացինք քեզ՝ իբրև Աստծո սրբի, իսկ դու քո անառակ գործով խայտառակեցիր մեր կանանց` նրանց պղծելով»: Եվ այնչափ վիրավորեցին նրան, որ ոտքից գլուխ ողջ տեղ չէր մնացել նրա վրա: Ոտքերից բռնած քարշ տվեցին լանջն ի վայր՝ մինչև լեռան ստորոտը, և նրան անշունչ գցեցին ճանապարհի վրա: Այդ ճանապարհով անցնում էին բյուրիտացի ուղևորներ, որոնք տեսան սուրբ ծեր Մարկելիոսին` արնաշաղախ ընկած ճանապարհի վրա, և հարցրին. «Ինչո՞ւ և ովքե՞ր են արել այսպես»: Իսկ ծերը ոչինչ չհայտնեց նրանց, այլ միայն խնդրում էր, որ իրեն տանեն այն այրը: Նրանք տարան նրան իր այրը և նրանից օրհնվելով` գնացին: Իսկ գյուղի մարդիկ, երբ լսեցին, թե նա կենդանի է, գնացին այնտեղ, հայհոյեցին, նախատեցին և անարգեցին նրան: Բայց սուրբ ծերն իր վրա եկածը ոչինչ էր համարում և գոհանում էր Աստծուց՝ դևերի կողմից իր վրա եկած փորձանքների համար: Սաստիկ ամոթի, պատկառանքի ու նախատինքի մեջ ապրեց սուրբ ծերն իր այրում շուրջ մեկ տարի և միշտ աղերսում էր Աստծուն, որ թողություն շնորհի նրանց: Դրանից հետո տեսիլքի մեջ հայտնություն եղավ քահանայապետին, թե այդ ամենը դիվային պատրանք էր և կանանց աչքին էր երևացել, իսկ ծերը սուրբ է և ոչնչից տեղյակ չէ: Այդ կանայք և նրանց ամուսիններն այդ գիշեր դիվահարվելով` սկսեցին փրփրել և լլկվելով՝ թավալ տալ, որից էլ համոզվեցին գյուղի բոլոր բնակիչները, թե այն երևույթը դիվական էր եղել, որ տեսել էին այդ կանայք: Կանայք իրենք էին պատմում` մտաբերելով, թե իբրև ուրվատեսիլ մեկն էր խառնակվում իրենց հետ, և սրաթռիչ անհետանում էր դեպի լեռնակողմը: Այնժամ մեծապես ցավելով և զղջալով՝ կոծում էին նրանք այն անպարտ սուրբ ծերին տանջելու և գանահարելու համար: Եվ ամենքը ողջ գյուղով՝ կանանց ու երեխաների հետ, վեր կենալով գնացին դեպի այրը` ծերից թողություն խնդրելու: Իսկ ծեր Մարկելիոսն իմանալով այդ՝ փախավ և չերևաց նրանց, և գնաց բնակվելու Նիտրա լեռանը, և այլևս նրանց չտեսավ և չխոսեց նրանց հետ: Իսկ գյուղի մարդիկ, երբ չգտան Աստծո մարդուն իր այրում, անմխիթար սգով վերադարձան այնտեղից իրենց գյուղը և միշտ սգում ու լաց էին լինում չար դևերից իրենց հետ պատահած փորձանքի համար և ամեն օր Տիրոջից թողություն էին խնդրում, որ մեղանչեցին սուրբ և անմեղ ծերունու հանդեպ` անողորմաբար գանահարելով նրան: Իսկ Մարկելիոս ծերն ասում էր ինձ. «Ասում եմ քեզ, հա՛յր Թեովնա, եթե կամենում ես անխռով մնալ և անսասան` բարու մեջ և խաղաղությամբ ավարտել քո կյանքը, քաղաքներին կամ գյուղերին, որտեղ կանայք և երիտասարդներ կան, երբեք մոտիկ մի՛ ապրիր, որովհետև գայթակղեցուցիչ փորձությունները նրանցից են գալիս, իսկ ովքեր կամենում են ազատվել այս ամենից, թո՛ղ փախչեն այն տեղերից, որտեղ նրանք են»»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016