Արիություն փորձության մեջ

Ոմն եղբայր ընկավ փորձության մեջ և բազում տրտմությունից կորցրեց իր մենակեցության կարգը: Եվ երբ ուզում էր վերսկսել, սրտի տխրությունը թույլ չէր տալիս, այլ այսպես էր ասում մտքում. «Ինչպե՞ս կարող եմ դառնալ այնպիսին, ինչպիսին էի»: Եվ այդպես վհատվում էր և չէր կարողանում վերսկսել իր մենակեցության գործը: Մի օր էլ վեր կենալով գնաց մի ծերի մոտ և պատմեց նրան այդ ամենը: Եվ ծերը նրան այսպիսի մի առակ պատմեց. «Մի մարդ ծուլացավ իր անդաստանում, իսկ անդաստանը լցվեց փշերով և մոլախոտերով: Հետո ուղարկեց իր որդուն և ասաց. «Գնա մաքրի՛ր անդաստանը»: Որդին, գնալով և տեսնելով բուսած փշերի ու մոլախոտերի վիթխարի քանակությունը, վախեցավ և ասաց. «Ես ինչպե՞ս կարող եմ մաքրել այս ամենը»: Նա պառկեց և քուն մտավ: Եվ շատ օրեր այսպես արեց: Եկավ հայրը, գտավ նրան և տեսնելով, որ ոչինչ չի արել, ասաց նրան. «Այս ի՞նչ բան է, որդյա՛կ, դու ոչինչ չես արել»: Եվ նա պատասխանեց. «Երբ կամենում եմ աշխատել, զարհուրում եմ՝ մացառների բազմությունը տեսնելով»: Եվ հայրն ասաց. «Որդյա՛կ, ամեն օր քո ննջատեղին հավասար տարա՛ծք մաքրիր»: Եվ նա անսալով՝ այդպես արեց: Եվ երբ սկսեց, օրավուր ավելացնում էր աշխատանքը, և քիչ ժամանակ անց ողջ անդաստանը մաքրվեց: Արդ, այդպես էլ դու. մի՛ զարհուրիր, այլ սկսի՛ր, և Աստված իր շնորհներով քեզ կվերահաստատի քո նախկին կարգի մեջ, և այսպես անելով՝ ապահով կլինես փորձություններից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․