6 Հոկտեմբեր, Կիր
1. Մի՛ հագիր հագուստներ, որով կարող ես գովաբանվել ու մեծարվել, որոնք կարող են քեզ հպարտացնել ու փառավորել (Անտոն Անապատական):
2. Մարմնին տուր այն, ինչ պետք է, ոչ թե` ինչ որ ուզում է (Նեղոս Սինայեցի):
3. Այս կյանքում ով սիրում է զարդարել մարմինը և փոփոխել հագուստը, նա փառք է ակնկալում մարդկանցից: Իսկ ով անտարբեր է սրա հանդեպ և ուշադրություն է դարձնում միայն մարմնի անհրաժեշտ կարիքներին, նա փառք է ձեռք բերում երկնքում (Եփրեմ Ասորի):
4. Նայենք գերեզմանի մեջ և կտեսնենք մեր էության գաղտնիքները` իրար վրա շարված ոսկորների կույտ և մարմնից մերկացած գանգ: Նայելով նրանց` կտեսնենք ինքներս մեզ: Ու՞ր է ծաղկող գեղեցկությունը, ու՞ր է անուշ բուրմունքը: Այս բաների մասին մտածելով, հրաժարվենք մարմնավոր ցանկություններից, որպեսզի հարության ժամանակ ամոթահար չլինենք (Եփրեմ Ասորի):
5. Ով զարդարում է իր զգեստները և լեցնում իր որովայնը, նա շատ մեծ հարձակումների թիրախ կդառնա, իսկ սթափը սարսափելի է թշնամու համար (Եփրեմ Ասորի):
6. Հագնելով ու հանվելով` աչքերիդ ազատություն մի տուր (Աբբա Եսայի):
7. Երբ բաժանվես մարմնիցդ, այն ժամանակ կափսոսաս, որ այնքան հոգս ես արել այնպիսի բաների համար, որոնք քեզ ոչ մի օգուտ չեն տվել (Աբբա Եսայի):
8. Հագուստներով գեղեցկացողը կորցնում է նաև խոնարհ նայվածքի ամոթխածությունը (Եվագր Պոնտացի):
9. Ով տրվում է հագուստի շքեղությանը և լեցնում է իր որովայնը, նա ձեռք կբերի աղտեղի մտածումներ և չի հանգչի սուրբերի օթևանում (Եվագր Պոնտացի):
10. Շքեղ հագուստը վիրավորում է Աստծուն, մարմնի զարդերը դիվային հայտնագործություններ են (Կիպրիանոս Կարթագենացի):
11. Երբ մարմնի գեղեցկությունը հրապուրում է սիրտդ, ապա մտածիր, թե ինչպիսի գարշահոտություն պիտի տարածի այն, և կհանդարտվես (Երանելի Հերոնիմուս):
12. Մարմնի համար հոգ տար, բայց ոչ այնքան, որ թվա, թե քո հոգին է (Աբբա Փաղաքիա):
13. Մի հպարտացիր մարմնիդ գեղեցկությամբ և ուժով, թեթև հիվանդությունը խորտակում է այդ բոլորը և թոշնեցնում (Թովմաս Գեմբացի):
14. Մարմինը ցանկությունների ու կրքերի աղբյուր է, եթե ուզում եք խուսափել կրքերից, պետք է ձեր մարմինը սանձեք (Թովմաս Ակվինացի):
15. Զարդարիր ինքդ քեզ փառավոր և գունագեղ հանդերձներով, բայց մի օր սպիտակ կտավով փաթաթված` փոսի մեջ պիտի դրվես (Տեր Գաբրիել քահանա):
16. Հանդերձն այն է, ինչ ծածկում է մարմինը, պահում ցրտից, իսկ զանազան կերպերով զարդարվելը և չափից ավել ուտելն ու ըմպելը չարից է և հեթանոսներինը, ոչ թե մերը (Գրիգոր Տաթևացի):
17. Քո հագուստը թող չլինի պճնվելու, այլ միայն մարմնի պետքերի համար, ինչպես այն շորը, որ մեռելին են ծածկում: Իսկ եթե սիրես ավելորդն ու անպատշաճը, կզրկվես երկնային զարդից (Եզնիկ Կողբացի):
18. Պճնասեր կրոնավորը դևերի հյուրընկալ է (Եզնիկ Կողբացի):
19. Այրե՛ր և կանա՛յք, մենք ոչ փափուկ մարմինների կարիքն ունենք և ոչ էլ զարդարված հագուստների, այլ ներքին զարդերի և փափկության: Չի կարելի միաժամանակ և՛ հոգին և՛ մարմինը փափկացնել և զարդարել, ինչպես որ չի կարելի Աստծուն և ինչքերին ծառայել (Բարսեղ Մաշկևորցի):
20. Տգեղությունը վնաս չի, այլ գեղեցկությունից է, որ ծնվում է վիշտն ու վնասը (Բարսեղ Մաշկևորցի):
21. Այն կինը, որ թեկուզև զարդեր չի կրում, պճնասեր չէ, բայց ինքն իրեն չի զարդարում բարի գործերով, այդպիսինը պիտի պատժվի (Բարսեղ Մաշկևորցի):
22. Որքան այրեր և կանայք կան, որոնք գեղեցիկ հագնվելով իսկապես մերկ են մնում առաքինության զգեստներից: Սակայն հիմա որքան էլ ասենք, այդ մերկությունը հայտնի չի լինի, բայց երևան կգա այնտեղ, ուր առաքինություններից մերկ` չարության հագուստով, բոլորն էլ կերևան: Ուր աղքատները փառքով կզարդարվեն, իսկ զարդարվածներն ու փափկակենցաղները մերկ և խայտառակված գեհենը կնետվեն (Բարսեղ Մաշկևորցի):
23. Պատվիրում եմ նաև ձեզ` կանայք, որ պարկեշտ և բարեձև լինեք ամեն ինչում, ինչպես վայել է քրիստոնյաներին: Ոսկուց ու արծաթից ավելի ամոթխածությամբ և պատկառանքով ձեր անձերը զարդարեք: Եվ թող ոչ ոք օտար ներկերով իր երեսը չայլագունի (Ներսես Շնորհալի):
24. Խոնարհություն է անշուք հանդերձը, որ մարդ թանկարժեքն ու փառավորը չի հագնում, որովհետև մարդիկ փառքը հանդերձից են որսում. այս մասին գրված է. «Մի ցոփացեք մեղկ և ամբողջովին պճնված զգեստներով, որոնց գեղեցկությունն ապաշնորհ է» (Անանիա Նարեկացի):
25. Քանզի, ո՛վ թշվառական, եկար` հեծծելու և պաղատելու առ Աստված, արտասուքներ հեղելու և աղերսագին ողբալու, հայցելու, հառաչելու և թողություն խնդրելու. և արդ, ա՞յդ է քո խնդրվածքների կերպարանքը` ի ցույց նայողների պաճուճվելդ, օծանվելդ և լվացվելդ: Ա՞յդ է մեղքերիդ թողություն խնդրելու և հայցելու կերպարանքը` արատավորվելդ, շողոքորթելդ և պիղծ ցանկությամբ ակնարկելդ, ա՞յդ է Տիրոջը քո չարիքների վրա հեշտացնելու կերպարանքդ` կրքոտ ցանկությամբ բոզահոմանիների գեղեցկությունդ և հասակդ զննելը: Ինքդ քեզ սատանայացնում ես և աղաչում ես սատանայից ազատվել, կամովին դիվահարվում ես և խնդրում ես փրկվել դևերից: Ինչպե՞ս կարող ես Աստծո առջև հեծծել այդպիսի կերպարանքով, կամ ինչպե՞ս հառաչել այդպիսի խորհուրդներով: Նաև համարձակվեցիր նույնիսկ մտնել Աստծո առաջ` զազրելի մտքով և սատանայական կերպարանքով, Աստծո եկեղեցին պոռնկանոց դարձնել, և չես սոսկում ու դողում սուրբերի Սրբից և Աստծո ահեղ դեմքից: Չգիտե՞ս, որ Սրտագետը քննում է քո խորհուրդները և գիտի ամեն ինչ. չե՞ս լսել, որ Աստված դատելու է մտածմունքի համար և հաշիվ է պահանջելու աչքերի արատավոր նայվածքների համար:
Եվ արդ, սթափվի՛ր և դե՛ն գցիր քեզանից մտքի պաճուճանքների կեղծավոր խաբեությունը, ապա՛ մտիր Աստծո առաջ և լսիր (Հովհան Մանդակունի):
26. Մի՛ նայիր հաճոյաշահ երեսին, որ գրգռում է սատանայական ցանկություն, ավելի զգույշ եղիր նրա խայթող պոչից (Հովհան Ոսկեբերան):
27. Եթե մեջդ մեղավոր ցանկության կրակ կա, դիր այն դժոխքի մեջ եղող կրակի առջև, և քո միջինը կհանգի (Հովհան Ոսկեբերան):
28. Ինչքան էլ մեծ լինի ցանկության զորությունը, եթե քեզ ցանկապատես Աստծո վախով` նրա մոլեգնությանը կհաղթես (Հովհան Ոսկեբերան):
29. Ճնշիր քո մեջ տռփանքը, քանի դեռ նա քեզ չի տապալել, քանի որ այս կիրքը իրեն հնազանդվողներին իջեցնում է մինչև դժոխքի խորքերը (Եփրեմ Ասորի):
30. Ինչպես որ խոզի համար հաճելի է թավալվել ցեխի մեջ, այնպես էլ դևերն իրենց համար հաճույք են գտնում շնության և անմաքրության մեջ (Եփրեմ Ասորի):
31. Մաքրության մեջ բնակվում է մեծ լույս և ուրախություն, նաև խաղաղություն ու համբերություն, իսկ վավաշոտության մեջ տխրություն, վհատություն, անհագ քուն և թանձր խավար (Եփրեմ Ասորի):
32. Եթե աշխատանքի ժամանակ կանհանգստացնի քեզ շնության ոգին, մի՛ ծուլացիր ձեռքերդ պարզել աղոթքի համար, հավատքով արված աղոթքը կվանի նրան (Եփրեմ Ասորի):
33. Սարսափելի դավաճան է մեր թափառող հայացքը: Սրբերից մեկն ասել է. «Ցանկությունը նման է շանը, եթե շոյես նրան` չի հեռանա քեզանից, իսկ եթե քշես` կփախչի» (Եփրեմ Ասորի):
34. Գրգիռի բռնկման ժամանակ չդիպչես մարմնիդ, որպեսզի ավելի զորեղ կիրք չբորբոքես (Եփրեմ Ասորի):
35. Փախչում ես մարմինը վնասող օձից, առավել փախիր այն կնոջից, որը հոգիդ է տակնուվրա անում (Եփրեմ Ասորի):
36. Եթե քեզ անհանգստացնում է շնության ոգին, սաստիր նրան` ասելով. «Տերը թող քեզ սաստի, գարշահոտությամբ լեցուն, աղտեղության դև» (Եփրեմ Ասորի):
37. Թույլ մի տուր աչքերիդ այս ու այն կողմ շրջել, և մի նայիր ուրիշի գեղեցկությանը, որպեսզի աչքերիդ օգնությամբ չտապալի քեզ քո հակառակորդը (Եփրեմ Ասորի):
38. Դիվային երաժշտությունները շարժման մեջ են գցում մեր կրքերը և մեր անձը գցում են աղտեղի երազանքների մեջ: Իսկ սաղմոսները և հոգևոր երգերը միշտ միտքը սևեռում են առաքինի գործերի վրա, նաև սառեցնում են բարկության եռքը և հանգցնում են կիրքը (Եվագր Պոնտացի):
39. Կանացի հայացքը թունավոր նետ է, վիրավորում է հոգին և լցնում այն թույնով, և ինչքան երկար է մնում այդ վերքը, այնքան ավելի է խորացնում վնասվածքը: Ով աշխատում է զերծ մնալ այս նետերից, նա չի մասնակցում մարդաշատ հավաքներին, ցրված չի թափառում տոնակատարությունների ժամանակ, քանի որ ավելի լավ է հանգիստ մնալ տանը և հարատևել աղոթքի մեջ, քան թե տեղիք տալ տոնակատարություններին` դառնալով թշնամու համար դյուրին որս (Նեղոս Սինայեցի):
40. Ավելի լավ է մոտենաս այրվող խարույկին, քան թե ջահել կնոջը, երբ դուք երկուսով եք, մանավանդ, եթե դուք երկուսով էլ դեռ ջահել եք: Ցավ զգալով կրակից` իսկույն ետ կթռչես, իսկ տրվելով կանացի զրույցին, իսկույն չես հեռանա (Նեղոս Սինայեցի):
41. Եթե խնայես հակառակորդին, ձեռք կբերես թշնամի: Եվ եթե խնայես այս կրքին, ապա նա կըմբոստանա քո դեմ (Նեղոս Սինայեցի):
42. ԻՆչպես որ ծղոտի վրա երկար ժամանակ մնացած կայծը բոց է առաջացնում, այդպես էլ երկարատև հիշողությունը կանանց մասին բորբոքում է վավաշոտություն (Նեղոս Սինայեցի):
43. Պատժիր մտածմունքը կերակրի սակավությամբ, որպեսզի ծանրանան ոչ թե շնության, այլ սովի վրա (Նեղոս Սինայեցի):
44. Ամենից վտանգավորն այն է, երբ սիրտը կեղտոտվում է վավաշոտության կրքով, քանի որ շատ ջանքեր են պետք այս ախտը արմատախիլ անելու համար (Նեղոս Սինայեցի):
45. Աղոթական հսկմանը խառնիր արցունքներ, որպեսզի օգնություն ստանաս պայքարում (Նեղոս Սինայեցի):
46. Երանելի է նա, ով ոտնահարում է հաճույքները: Այդպիսիններից սարսափում են դևերը (Նեղոս Սինայեցի):
47. Զուգված կնոջ տեսքը խորտակում է մրրկածուփ ծովից ավելի արագ: Մրրկածուփ ծովից դեռ կարելի է մի կերպ լողալով ափ հասնել: Սակայն կանացի տեսքը հմայում է և ստիպում անփույթ լինել (Նեղոս Սինայեցի):
48. Հարց. - Հայր, եթե երազախաբության մեջ ընկնեմ, օգտակա՞ր է արդյոք եղբայրներից որևէ մեկին խոստովանել այդ մասին, և նրա առաջ երկրպագելով, աղոթք խնդրել:
Պատ. - Երազախաբության մասին ճիշտ է պատմել նրան, ով կարող է առանց գայթակղվելու լսել այդ մասին, և երկրպագելով, հարկ է աղոթք խնդրել: Քանզի Ս. Գիրքն ասում է. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք» (Հակ. 5:16): (Բարսիլիսկոս Մեծ):
49. Հարց. -Երբ պատահի, որ երազային փորձության պատճառով ընկնեմ պղծության մեջ, իսկ առավոտյան պիտի մոտենայի Սուրբ Հաղորդությանը, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ այդ դեպքում:
Պատ. -Մոտենանք որպես խոցվածներ, այլ ոչ թե քամահրանքով: Որպես թե բժշկի կարիք ունեցողներ, և Նա, որ բժշկեց արնահոսությամբ տառապողին, կբժշկի նաև մեզ: Շատ սիրենք, որպեսզի մեզ էլ շատ ներվի: Իսկ երբ մոտենաս Հաղորդությանը, ասա. «Թող այս Սրբությունը, ով Տեր, չդառնա ինձ դատ կամ դատապարտություն, այլ հոգուս ու մարմնիս սրբացում»: Եվ այն ժամ մոտեցիր երկյուղով, և մեր Տերը Իր մարդասիրությամբ ողորմությունը կծագեցնի մեր վրա: Ամեն (Բարսելիսկոս Մեծ):
50. Գիշերային պատերազմը երկակի է, մեկը առաջանում է վավաշոտությունից, իսկ մյուսը` դիվային փորձությունից: Երբ այսպիսի պատերազմից ընկնում ես նման փորձության մեջ, արա յոթ անգամ յոթակի երկրպագություն մինչև գետին, այսինքն` քառասունինը անգամ, ամեն անգամ ասելով. «Տեր, Քո Սուրբ անվան համար, ներիր ինձ»: Իսկ եթե փորձությունը քեզ կպատահի հիվանդության ժամանակ կամ կիրակի օրը, երբ պետք չէ մինչև գետին երկրպագություն անել, ապա քառասունինը երկրպագությունների փոխարեն յոթանասուն անգամ ասա միայն այդ աղոթքը: Փորձությունների տարբերությունը կայանում է հետևյալում. դիվայինը լինում է գոռոզամտությունից, իսկ վավաշոտությունից եղած փորձությունը` որկրամոլությունից (Բարսիլիսկոս Մեծ):
51. Երբ սատանան ուզում է միացնել երկու անձանց` անպատկառ սիրո միությամբ, այն ժամ փորձում է այս և այն կողմերը և նոր սկսում է վառել կրքի հուրը (Հովհաննես Սանդուղք):
52. Ամբողջ զորությամբ փախչենք, որպեսզի չտեսնենք և չլսենք այն պտղի մասին, որի համար մենք խոսք ենք տվել երբեք չճաշակել: Զարմանում եմ, որ մենք մեզ համարում ենք Դավիթ մարգարեից ավելի զորեղ, չէ՞ որ դա անհնարին է (Հովհաննես Սանդուղք):
53. Ով ուզում է շատակերությամբ և հագենալով հաղթել շնության դևին, նա նման է յուղով կրակ հանգցնողին (Հովհաննես Սանդուղք):
54. Ամենօրհնյալ Տերը մեծ հոգածություն է հանդես բերում կանացի սեռի անպատկառությունը ամոթխածությամբ կասեցնելով, ասես մի աներևույթ սանձով: Քանի որ, եթե կանայք իրենք իրենց ոտքով վազեին տղամարդկանց մոտ, ապա ոչ մի մարմին չէր փրկվի (Հովհաննես Սանդուղք):
55. Բոլորը, հատկապես ընկածները, պետք է զգուշանան, որպեսզի իրենց սրտերի մեջ տեղ չտան անաստված Որոգինեսի թունոտ ուսմունքին, քանի որ նրա պիղծ ուսմունքը Աստվածային մարդասիրության մասին, շատ հաճելի է վավաշոտ մարդկանց (Հովհաննես Սանդուղք):
56. Ճշմարտապես երանելի է նա, ով ձեռք է բերել կատարյալ անզգայության վիճակ ամեն մարմնականի, արտաքինի և գեղեցկության հանդեպ (Հովհաննես Սանդուղք):
57. Մի մտածիր մերժումներով և ապացույցներով տապալել շնության դևին, քանի որ նա ունի բազում համոզիչ արդարացումներ, ինչպես մեր բնությունը, որի միջոցով և պատերազմում է մեր դեմ (Հովհաննես Սանդուղք):
58. Ոմանք հաստատում են, որ շնության դեմ եղող այս պատերազմի ժամանակ քնի մեջ սերմնածորումը լինում է միայն կերակրից: Բայց ես տեսել եմ, որ մեկը լինելով ծանր հիվանդության մեջ, իսկ մյուսները` խիստ պահքի մեջ, հաճախ պղծվել են սերմնածորումով: Մի անգամ ես հարցրեցի այս մասին մի հմուտ և խոհական ճգնավորի, և այս երանելին տվեց ինձ շատ պարզ և հասկանալի պատասխան. «Լինում է, -ասաց նա, -սերմնածորում քնի մեջ` կերակրի գերհագեցումից և ավելորդ հանգստից, երբեմն հպարտությունից, երբ մենք երկար ժամանակ զերծ ենք լինում սերմնածորումից, սրանով մեծամտանում ենք, երբեմն այն բանից է լինում, երբ դատում ենք մերձավորին: Վերջին երկու պատճառից սերմնածորում կարող է լինել նաև հիվանդների մոտ, նաև կարող է լինել բոլոր երեքից էլ»: Եթե մեկը զգում է, որ մաքուր է այս բոլոր պատճառներից, այդ դեպքում այդ երանելին այսպիսի անկրքության պատճառով հարձակում է կրում դևերի նախանձության պատճառով, երբ Աստված թույլ է տալիս այն բանի համար, որպեսզի սա ձեռք բերի մեծագույն խոնարհություն (Հովհաննես Սանդուղք):
59. Կերակրի հագեցման ժամանակ որկրամոլության այս անմաքուր ոգին հեռանում է` և մեզ վրա ուղարկելով շնության ոգուն, և նրան է հաղորդում, թե ինչ վիճակում ենք մենք գտնվում այդ պահին և ասում է. «Գնա, խռովեցրու սրան, նրա որկորը հագեցած է, և քեզ արդեն քիչ բան է մնում»:
Եվ այս եկողը ժպտում է և քնով կապկպելով մեր ձեռքերը և ոտքերը, մեզ հետ անում է այն, ինչ ուզում է, պղծելով մեր անձը գարշելի երազներով, իսկ մարմինը` սերմնածորումով (երազախաբությամբ) (Հովհաննես Սանդուղք):
60. Երբեմն չափավոր հոգևոր երգեցողությունը հաջողությամբ հանգստացնում է դյուրագրգռությունը, իսկ երբեմն էլ, չափից շատ և անժամանակ երգեցողությունը առաջ է բերում վավաշոտություն: Եվ այսպես, օգտվենք երգեցողությունից իմաստությամբ և ճիշտ ժամանակ ընտրելով (Հովհ. Սանդուղք):
61. Շատերը, որոնք փորձվում են վավաշոտությամբ, մարմնով չմերձենալով, մտքով են շնանում: Պահում են մարմնի մաքրությունը, սակայն ապականում են հոգին: Սիրելիներս, պետք է հրաժարվել վավաշոտ մտքերով և երազանքներով տարվելուց, նրանցից հաճույք ստանալուց, առհասարակ, նրանց վրա ուշադրություն դարձնելուց, ըստ Սուրբ Գրքի. «Ամենայն զգուշությամբ պահիր և պահպանիր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» (Առակաց 4:23) (Աբբա Հերոնտիոս):
62. Մի՛ շնացիր: Այս պատվիրանի դեմ գործած մեղքերը շատ ահավոր են:
Այսպիսի մեղավոր հիվանդությունը մարդուն ախտահարում է դեռ վաղ մանկությունից և չի թողնում մինչև իսկ մահվան օրը: Ինչու՞ է սատանան այսպիսի մեղքով պատերազմ մղում մարդու դեմ: Որովհետև նա մեր փրկության թշնամին, մեզանից լավ գիտի, որ սուտ չեն առաքյալի խոսքերը, թե. «Ոչ պոռնիկները, ոչ շնացողները, ոչ իգացյալները, ոչ արվամոլները Աստծո Թագավորությունը չեն ժառանգելու» (Ա Կոր. 6:9, 10) («Խոստովանության կերպ» գրքից):
63. Ինչ մեծ վիրավորանք ենք հասցնում Տիրոջը, եթե մեր մարմինը, որ գնված է սրբության համար, ապականում ենք շնության պիղծ կրքին տեղիք տալով: «Դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին ապրում է ձեր մեջ,-ասում է Պողոս առաքյալը,- եթե մեկն Աստծո Տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականության մատնի» («Խոստովանության կերպ» գրքից):
64. Եթե մեկն ապրում է ամուսնական միությամբ, որ սրբագործված չէ Եկեղեցու Խորհրդով, ապաշխարե՛ք դառն արտասուքներով, քանի որ դուք ձեր կյանքը անցկացնում եք շնության մեջ: Խնդրեցե՛ք Տիրոջը, որպեսզի սրբագործի ձեր ամուսնական կապը Եկեղեցու խորհրդով, ինչ տարիքում էլ որ դուք լինեք («Խոստովանության կերպ» գրքից):
65. Դուք, որ ամուսնական կապի մեջ եք, արդյոք չե՞ք դավաճանել ձեր սրտի մեջ` անմաքուր հայացք նետելով հակառակ սեռի ներկայացուցիչներին, էլ չենք խոսում հայտնապես շնության մասին: Ամուսնության մեջ քրիստոնյան պետք է պահպանի ժուժկալություն և խոհեմություն: Արդյո՞ք ժուժկալում եք կիրակի և տոն օրերին: («Խոստովանության կերպ» գրքից):
66. Տեր, մենք մեղք ենք գործում Քո «Մի՛ շնացեք» պատվիրանի դեմ: Չափից դուրս ազատ վարվելով հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, աչքներս կրքոտությամբ հառելով գեղեցիկ արտաքինին, սիրային երաժշտությամբ, անամոթ շարժուձևով, սեթևեթանքով, չափից դուրս կապվածությամբ, չարաշահելով ուտելիքը և խմելիքը, կարդալով գրքեր և նայելով նկարներ, որոնք բորբոքում են մեր մեջ մեղավոր մտածումներ: Դիտում ենք գայթակղող ֆիլմեր և պիեսներ, նախօրոք իմանալով, որ նրանցում լինելու են շնության մեղքի թույնով հագեցած տեսարաններ, զգեստների ավելորդություններով ուրիշներին դուր գալու և գայթակղեցնելու համար: Մեր վրա եղող Աստծո պատկերի ոչ բնական աղավաղմամբ, այսինքն` օգտագործելով ամեն տեսակի դիմաներկեր («Խոստովանության կերպ» գրքից):
67. Մեղքերն ի սրտե խոստովանելը քանդում է թշնամու բոլոր մտադրությունները, որոնց մեջ ընկղմված է խեղճ մեղավորը: Եվ եթե մեկն ունի դեռ յոթերորդ պատվիրանի դեմ գործած չխոստովանած մեղքեր, թող լցվի տղամարդկությամբ և պատմի այն հոգևորականի, Խաչի և Ավետարանի առջև: Շտապե՛ք, որովհետև Տերն ասաց. «Ինչ բանում որ գտա, նրանում էլ պիտի դատեմ» («Խոստովանության կերպ» գրքից):
68. Երբ ցանկության կիրքը սկսում է բորբոքվել քո մեջ, ապա անմիջապես աղոթքով նրա առաջը առ, կամ մի որևէ այլ գործով զբաղվիր: Ինչպես որ կայծը կարելի է հեշտությամբ և արագ հանգցնել, իսկ եթե հապաղես, ապա ցանկության կիրքը կայծից կվերածվի բորբոքված կրակի, և նրա առաջն էլ առնել չես կարող, «Ահա մի փոքր կրակը որքան բան բոցի կտա»: (Հակ. 3:5) (Հոգեշահ գրքերից):
69. Այնտեղ` հրավառ ձյութի և գարշահոտ ծծմբի մեջ պիտի թաղվեն հայհոյողները և վավաշոտները (Թովմաս Գեմբացի):
70. Ցանկության կրակները կամքիդ համեմատ վառիր ու բորբոքիր, բայց մահվան ձեռքը երբ վրադ դրվի, պիտի մարեն նրանք և դժոխքի հավիտենական կրակները նրանց պիտի հաջորդեն (Տեր Գաբրիել քահանա):
71. Մեր ապականյալ բնության մեջ չկա ուրիշ այլ կիրք, որ այնքան բռնությամբ տիրած լինի մեր սրտին, որքան ցանկության կիրքը, որին անկարգ բաղձանքներից առաջ է գալիս ուրիշների պատիվը բռնաբարելու և արատավորելու մեղքը` այսինքն շնությունը (Տեր Գաբրիել քահանա):
72. Աստված որ իր բնության մեջ սուրբ է ու անարատ, ատում է և զզվում այս գարշելի մեղքից, որովհետև մյուս մոլությունները մարմնից դուրս են, միայն շնությունն է, որ մարմնի մեջ է կատարվում (Տեր Գաբրիել քահանա):
73. Ահա ցանկության անվայել փափագներդ հագեցնելու համար առանձնություն ես փնտրում, որպեսզի ծածկվես մարդկանց տեսադաշտից, սակայն Աստծո աչքերը քեզ առանձնության մեջ էլ են տեսնում, որտեղ էլ որ լինես` Նա ներկա է: Ինչո՞ւ ուրեմն չես երկյուղում Աստծո ներկայությունից:
Հիշիր՛ ու ասա ինքդ քեզ. ես մարդկանց աչքերից ծածկվելու համար առանձին տեղ քաշվեցի, բայց Աստծո ամենատես աչքերը ինձ տեսան, ուրեմն պետք է մեզ Աստծուց վախենալ ու երկյուղել: Այս մտածումները կրակի վրա թափված ջրի պես պիտի մարեն ներսումդ բորբոքված մեղքի կրակները, բայց այս բոլորից առավել չար կրքերիդ հաղթելու համար պետք է նաև խնդրես Աստծո շնորհքի օգնականությունը, ապա թե ոչ` ամեն դարման անօգուտ կլինի. «Եթե Տերը ինձ ժուժկալություն չտա, հասկացա, որ ուրիշ ճամփով չեմ կարող ժուժկալ լինել», ասաց Սողոմոն Իմաստունը (Տեր Գաբրիել քահանա):
74. Ուրեմն այս յոթներորդ պատվիրանի դեմ չմեղանչելու և սպառնացող պատիժներից զերծ մնալու համար ոչ միայն շնության ու ցանկասիրության մեղքերից պետք է պահել մեր անձերը, այլ նաև զգուշանալ բոլոր չար խորհուրդներից, աչքի հրացայտ նայվածքներից, պղծալից պատմություններ ունկնդրելուց, գայթակղեցուցիչ վեպերից, ցանկահարույց պատկերներ դիտելուց: Երբ փորձության մեջ ես` հիշիր մահդ, այսինքն` երևակայիր, որ մեռար, անշունչ ու անզգա դարձար, սիրտդ դադարեց բաբախելուց ու հոգիդ բարձրանում է Աստծո ատյանի առջև և դատում ու դատապարտում է քեզ հավիտենական կրակի, այդ ժամ ինքդ քո մեջ մտածիր, թե ինչպես ցանկության կրակները շուտով անցան ու մարեցին, բայց այս կրակները հավիտյան մարել չունեն և սիրտդ կրծող որդերը հավիտյան չեն մեռնելու (Տեր Գաբրիել քահանա):
75. Մոլագար սիրով բորբոքվածները լինում են կույր և խուլ, որովհետև ոչ զգում են, ոչ տեսնում ուրիշներին, այլ միայն նրան, ում սաստիկ սիրահարված են: Հրաժարվում են ամեն բարիքից, որպեսզի միայն չհրաժարվեն նրանից, ոտնակապ գերի են, բայց իրենց համարում են ազատ, առավել հոժար են մեռնել, քան ազատվել այդ մոլագարությունից (Պողոս Պատրիարք):
76. Նավաբեկությունը և մահը սակավ աղետալի են, քան մարմնական հեշտասիրությունը: Պետք է ավելի վախենալ վավաշոտությունից, քան ծովի կարծր ժայռերից: Երիտասարդները թող զգույշ լինեն հեշտանքի քաղցրությունից, ինչպես գեղեցիկ ծաղիկների ներքո սողացող օձերից, որոնց մահաբեր խայթոցները չեն բժշկվում: Նմանօրինակ սերը գարշամոլություն է, նենգավոր և դավաճան, որը իր դառնությունը ծածկում է քաղցրության քողի տակ (Պողոս Պատրիարք):
77. Այսպիսիներից (սոդոմական մեղք գործողներից), իբրև մարդացած դևերից, պետք է խույս տալ և փախչել: Այսպիսինների հետ խոսքով անգամ պետք չէ հաղորդակցվել, եթե նույնիսկ բարեկամական կապ լինի: Թերևս այնպիսի ժանտագործների համար գրեց աստվածային Հովհաննեսը. «Նրանց տուն չընդունել և նրանց ողջույն չտալ». ապա ավելի խիստ է խոսում և ասում. «Ով որ նրան ողջույն տա, հաղորդ կլինի նրա չար գործերին» (Բ. Հովհ. 10:11) (Սարգիս Շնորհալի):
78. Աստվածային օրենքը սովորեցնում է հետևյալը. Պետք չէ մերձենալ կնոջը, երբ նա դաշտանի մեջ է. այսինքն` երբ կինը կանանց ամսարյունի մեջ է, ամուսինը չպետք մերձենա նրան:
Ի՞նչն է պատճառը:
Ինչպես որ մշակը ճահճուտ վայրերում չի ցանում սերմը, որպեսզի ողողմամբ չփչանա, նույպես երբ կինը նկատի ունենանք որպես դաշտ և այրը` մշակ, եթե այդ ժամանակ հարաբերության մեջ մտնի, անպտուղ կմնա. բեղմնավորվելու պարագային էլ զանազան հիվանդությունների դուռ է բացվում մանուկի համար, այսպես` բորոտություն, քոսոտություն, դիվահարություն և այլ գարշելի ու անբժշկելի ցավեր: Հետևաբար, նա որ այս շրջանի մեջ մոլեգնաբար հարաբերվի, այս չարիքներին պարտական կլինի, մանուկներին սպանող է նա և արժանի մահվան: Եթե կինը ծածկի ամուսնուց իրողությունը, ինքը պարտական կլինի (Հովհաննես Երզնկացի):
79. Նույնպես, քրիստոնյաները պետք է գիտենան, որ երբ այր ու կին Աստծո հրամանով ու օրենքով և Սուրբ պսակով միացած են իրար, հրաման չունեն բաժանվելու, ինչպես Քրիստոս ևս հրամայեց. «Այն, որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատ. 19:5): Առաջնորդները թող սովորություն չանեն և չթույլատրեն բաժանումը և Աստծո հրամաններին դեմ դուրս չգան (Հովհաննես Երզնկացի):
80. Շնացողները թող զրկվեն հաղորդությունից և հանդերձյալ կյանքի մեջ Արքայությունից, ինչպես Պողոսն էլ գրում է. «Շնացողները Աստծո Արքայությունը չեն ժառանգի» (Ա. Կորնթ. 6:9) (Հովհաննես Երզնկացի):
81. Երբ մարդ գեղեցիկ դեմք է տեսնում և կամ պոռնկական երգեր լսում, այնժամ ցանկությունը բորբոքվում է և ստիպում մեղանչել: Ուստի, դու արգելիր տեսանելիքդ ու լսելիքդ, որպեսզի խորհուրդների պատերազմ չբարձրանա քո դեմ: Արդ, ինչպես որ արծիվը թռչում է և թակարդի մեջ կերակուր տեսնում, զորությամբ իջնում է կերակուրը ճանկելու, և մագիլի ծայրը մնում է թակարդում, և այդ փոքրիկ մասի պատճառով նրա ողջ զորությունը թուլանում է, այնպես էլ պատահում է մարդու հետ, որ բռնվում է մի չնչին նայվածքով (Անանիա Նարեկացի):
82. Ցանկությունը կանցնի, բայց նրա որդը չի մեռնի (Մաշտոց):
83. Չորս պատճառով է լինում պոռնկությունը. անժուժկալ ուտելուց և խմելուց, քնի հագեցումից, պարապ թրև գալուց և դատարկաբանելուց, երգելուց և ծիծաղից, նաև` զարդարուն հանդերձներից (Հովհան Մանդակունի):
84. Աղոթքի տեղում պետք չէ ոչ միմյանց նայել և ոչ կնոջ, որպեսզի աղոթքի փրկությանը հակառակ արատ չներմուծվի մեր մեջ (Գրիգոր Տաթևացի):
85. Որովայնից պտղի վիժեցման նպատակով դեղ ընդունելը, հավասարազոր է մարդասպանության, ինչպես որ թունավորելով մարդասպանություն գործելը (Բարսեղ Մեծ):
86. Ինչի համար ցանել այնտեղ, որտեղ ինքը` հողը այնպիսին է, որ զորեղ է միայն պտուղը կործանելու համար, որտեղ բազում պատճառներ կան` ծննդաբերության դեմ: Որտեղ մինչ ծնվելը սպանություն է գործվում, դու ոչ միայն պոռնիկին պահում ես անառակության մեջ, այլև դարձնում ես մարդասպան: Դա չի՞ նշանակում, որ դու հայհոյություն ես գործում Աստծո շնորհի դեմ և հակառակվում Աստվածային պատվիրանին:
Վազում ես, որպես թե օրհնության ետևից, այն բանի համար, որ իրականում անեծք է: Այն, որ օրհնության պատճառ է` դարձնում ես անեծքի վայր: Ծննդաբերության գանձարանը դարձնում ես սպանության գանձարան: Կնոջը, որ ստեղծված է որդեծնության համար, դարձնում ես մանկասպան (Հովհան Ոսկեբերան):
87. Մարդու կյանքն սկսվում է հենց հղիության րոպեից, և այդ ժամ նրան տրվում է անմահ հոգի, այնուհետև գնում է զարգացումը և աճը` սկսելով ստանալ ավելի կատարյալ ձև: Հղիության արհեստական ընդհատումը, որ պահից էլ, որ արվի, համարվում է կյանքի ընդհատում: Որ պահին էլ, որ հղիությունը սկսվի, սա արդեն անթերի մարդ է, անմահ հոգի ունեցող: Եվ այն մայրերը, որոնք հանձն են առնում աբորտի միջոցով հեռացնել երեխային, կատարում են ահավոր մարդասպանություն: Եվ ես սարսափում եմ` պատկերացնելով ահավոր դատաստանի ժամանակ այն մայրերին, որոնց սպանված երեխաները պիտի ելնեն և նայելով այդ մայրերի աչքերին, պիտի ասեն. «Ինչի՞ համար դուք մեզ սպանեցիք» (Ավագերեց Անդրեաս):
88. Նրանք, ովքեր անգիտակցաբար են գործել նման հանցանք (վիժեցում) և իրենց հանցավոր են ճանաչում, այդպիսիները պարտավոր են զղջումով և ապաշխարությամբ մեղա գալ Աստծո առջև ու թողություն խնդրել Տիրոջից, քանզի չկա մեղք, որ չներվի մարդասեր Աստծո կողմից, եթե, իհարկե, զղջանք ու խոստովանենք, միայն թե այլևս չկրկնելու պայմանով (Հոգեշահ գրքերից):
Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից: