25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի հավատացյալներ,
Իրադարձությունը, որի մասին այսօր հիշատակում է եկեղեցին, շրջադարձային եղավ թե՛ համայն մարդկության պատմության, թե՛ մեզանից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած: Այսօր հիշում ենք այն սարսափելի ողբերգության մասին, որ պատահեց մարդկության պատմության արշալույսին: Դա այն որոշիչ պահն էր, երբ մարդը բաժանվեց Աստծուց, կորցրեց այն կենարար միությունը Նրա հետ, որ ուներ և մեն-մենակ մնաց երկրի վրա: Ինչպես մի աստվածաբան է ժամանակին շատ ճիշտ նշել` թիկունք դարձնելով Աստծուն` մարդն առանց Աստծու մնաց և նրան այլ բան չէր մնում, քան միայն մեռնել, որովհետև միայն Աստծո և նրա հետ կենդանի շփման մեջ է այն կյանքը, որ ոչինչ ի զորու չէ խլել մարդուց: Այս կիրակիին նվիրված շարականն էլ հենց այդ մասին է ասում. «Ով Տեր, սուրբ պահեցողության օրենքը, որ դու սահմանեցիր նախ դրախտի մեջ առաջին արարածների համար, որոնք անհնազանդ գտնվեցին ճաշակելով պտուղը, որով ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը, շնորհիր որ մենք ճաշակենք քո պատվիրանների քաղցրությունը»:
Ադամն արարվել էր հավիտենության մեջ, սակայն նա` խաբվելով թշնամուց և չկարողանալով իրեն զսպել, խախտեց Աստծո պատվիրանը և մեղքն ընտրեց, որն էլ նրա մահվան պատճառը դարձավ: Աստված արգելել էր Ադամին համտեսել բարու և չարի գիտության ծառի պտղից` հնարավորություն տալով նրան աճելու հնազանդության, պահեցողության ու հոգևոր շնորհների մեջ: Սակայն Ադամն արեց իր սարսափելի ընտրությունը և բնականաբար դա այն ուղին չէր, որ Աստված նախատեսել էր Իր սիրելի արարածների համար: Երախտապարտ խոնարհությամբ լեցուն այն ուղին չէր, որ սիրող որդին պիտի ընտրեր:
Այսպիսով, սիրելինե՛ր, այսօր մենք հիշում ենք դրախտից Ադամի արտաքսման պատմությունը: Եվ ինչպես արդեն նշեցի, այս պատմությունը ոչ միայն Ադամինն է, այլ` մեզնից յուրաքանչյուրինը, որովհետև ինչպես սուրբ հայրերն են ասում. «Մեզնից յուրաքանչյուրը մեռնում է Ադամի մեջ և Քրիստոսի մեջ հարություն առնում»: Մեր բոլորի երակներում էլ Ադամի արյունն է հոսում, և Ադամը մեզնից յուրաքանչյուրի նախահայրն է: Ինչպես Ադամն էր Աստծո կողմից օժտված ազատ կամքով, այնպես էլ` մենք: Եվ անշուշտ կհամաձայնվեք, սիրելի՛ հավատացյալներ, որ դա մեծագույն պարգևն է համայն մարդկությանը, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու մի պարգև: Բարու և չարի գիտության ծառն էլ, որ աճում էր դրախտում, պետք է առ Աստված հավատարմության ապացույցի համար ծառայեր: Այն իհարկե ստեղծվել էր մարդկության համար, սակայն բարեգութ Աստված զգուշացրել էր Ադամին, որ դեռ ժամանակը չի եկել, և նա դեռ պատրաստ չէ բարու և չարի մասին իմանալու: Զգուշացրել էր, որ կմեռներ, եթե փորձեր այդ պտղից, քանի որ դեռ բավականաչափ չէր աճել ու կատարելագործվել:
Ինչպես արդեն գիտենք, չարն էլ օգտվեց հարմար առիթից և համոզեց առաջին մարդկանց, որ բարու և չարի գիտության ծառի պտուղը նրանց Աստծո պես լինելու հնարավորություն կտա (Ծննդ. 3:1-6): Բնականաբար, Ադամի նպատակն էլ հենց այդ էր, քանի որ ստեղծվել էր Աստծո պատկերով և անընդհատ կատարելագործվելով` այդ ուղղությամբ էլ պիտի գնար: Սակայն այստեղ նա առաջարկ ստացավ այդքան երկար չսպասել և միանգամից Աստծո պես դառնալ: Եվ Ադամը, գայթակղությանը չդիմանալով, ծուղակն ընկավ, այնպես` ինչպես մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում:
Նայեք ձեր շուրջը, սիրելի՛ քույրեր և եղբայրներ, քննեք ինքներդ ձեզ և տեսեք կա՞ն արդյոք մարդիկ, որ նման փորձության չեն ենթարկվել իրենց կյանքում: Բավական է միայն բաց անենք աչքերս ու կտեսնենք, որ մեզնից յուրաքանչյուրն ամեն պահի անում է իր ընտրությունն ու ցավոք սրտի հաճախ այդ ընտրությունը բավականին հեռու է լինում Աստծո պատվիրած ուղուց: Արդ, սիրելինե՛ր, եկեք այսօր հիշենք Ադամին, ոչ թե որպես առաջին մարդու, ով մեղք գործեց, այլ առաջին մարդու` ով ապաշխարեց:
Եկեք մի պահ պատկերացնենք մեզ Ադամի փոխարեն: Վստահ եմ, որ կսարսափենք այդ պատկերից: Պատկերացնենք, թե ով էր Ադամը, որտեղ էր ապրում, ինչեր ուներ և Ումից զրկվեց: Բառիս բուն իմաստով Ադամը որբացավ, և որքան էլ մենք ջանանք դա վերապրել, միևնույն է չենք զգա դա այնպես, ինչպես այն մարդը` ով մինչ այդ պահն ամբողջովին վայելում էր Աստծո հետ կենդանի շփումը, ողողված էր Նրա լույսով և ուրախությամբ: Սակայն, վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում էլ եղել են այնպիսի պահեր, երբ Աստծուն այնքան հարազատ ու մոտ է զգացել, որ սիրտն սկսել է ուրախությունից թրթռալ, հոգին կարծես նոր կենդանություն է առել, իսկ միտքը ստացել է երանելի խաղաղություն: Ահա այդ պահերը վերհիշելով ու կրկին վերապրելով էլ կարող ենք զգալ, թե ինչ է նշանակում Աստծուց հեռանալ: Այդ ժամանակ էլ կզգանք մեր որբության ողջ ցավը: Եվ կգիտակցենք այն ճշմարտությունը, որ Աստված միշտ հավատարիմ է, անհավատարիմ ենք միայն մենք:
Սակայն, սիրելի՛ հավատացյալներ, մենք ունենք նաև այն սքանչելի լուրը, որ Աստծո Միածին Որդին բերեց Իր հետ` աշխարհ գալով: Իր սիրելի Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված աշխարհ եկավ` Իր անառակ որդու ետևից: Եթե նայենք Տիրոջ Հարությունը պատկերող սրբապատկերներին, ապա կտեսնենք Հիսուսին` դժոխքի խորտակված դարպասների վրա կանգնած` Ադամին այնտեղից դուրս բերելիս: Այսպիսով Նա մարդացավ, անասելի չարչարանքներ կրեց ու Իր Սուրբ արյունը տվեց, որպեսզի փրկի Ադամին ու նրա բոլոր ժառանգներին դժոխքի տանջանքներից, և նորից Դրախտի ճանապարհը ցույց տա:
Արդ, սիրելինե՛ր, չկորցնենք մեզ ընծայված սքանչելի հնարավորությունն ու հենց այս պահից սկսած ապաշխարենք: Թող մեր սրտից բխած անկեղծ արցունքները լվանան մեր գործած մեղքերը, թույլ տված սխալներն ու անկումները: Թող մեր քարացած, մեղքերով լեցուն սրտերն ազատագրվեն այդ ախտերից` աղոթքի, ապաշխարության ու պահքի միջոցով, և վերադառնան իրենց նախնական, կատարյալ վիճակին, ինչպիսին որ Աստված էր ստեղծել` մաքուր, լուսավոր ու սուրբ: Թող մեր գործած բարի գործերն, անգին գոհարների պես, զարդարեն մեր սրտերը, որպեսզի դրանք արժանի լինեն Տիրոջ թագն ու գահը կոչվելու: Որպեսզի մեր Տեր Աստված բնակվի մեր սրտերում և մենք արժանի լինենք վերստին Աստծո արժանի ժառանգորդները կոչվելու` այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան