25 Նոյեմբեր, Բշ
Հայր Ղովտի վարդապետ հայր Պետրեին մեկը հարցրեց և ասաց. «Երբ իմ սենյակում եմ նստում, իմ հոգին խաղաղության մեջ է, իսկ երբ ինձ մոտ գալիս է որևէ եղբայր և ներս է բերում օտար խոսքեր, այնժամ իմ հոգին խռովվում է»: Հայր Պետրոսը նրան ասաց. «Հայր Ղովտն ինձ ասում էր, թե քո բանալիներն իմ դուռը բացում են»: Եղբայրն ասաց. «Ի՞նչ է այդ խոսքի իմաստը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եթե մեկը գա քեզ մոտ, և դու նրան հարցնես՝ ինչպե՞ս ես, կամ` որ տեղի՞ց ես գալիս, ինչպե՞ս են եղբայրները, արդյո՞ք նրանցից մեկնումեկը պակասեց, այսպես կբացես եղբոր դուռը և կլսես խոսքեր, որոնք չես կամենում լսել»: Եղբայրն ասաց. «Դա այդպես է, հա՛յր, իսկ ի՞նչ պետք է անել, երբ եղբայրը գա»: Ծերը նրան ասաց. «Ողբը վարդապետ է, և ուր չկա ողբ, այնտեղ միտքը պահպանելն անհնար է»: Եղբայրն ասաց. «Քանի դեռ նստում եմ սենյակում, ողբն ինձ հետ է, իսկ մինչ ելնում եմ խցից, կամ մեկը գալիս է ինձ մոտ, այլևս չեմ գտնում այն»: Ծերն ասաց նրան. «Նա քո հպատակը չէ, այլ երբեմն մնում է քո մոտ, երբեն էլ գնում է քեզանից, քանզի օրենքում գրված է. «Եթե հրեա ծառա վերցնես, վեց տարի ծառայի քեզ, յոթերորդ տարում ազատ կարձակես նրան, իսկ եթե նա չթողնի իր կնոջն ու զավակներին, որ քո տանը ունեցավ, չկամենա գնալ, կհանես նրան քո դռան սեմին և նրա ձախ ականջը կծակես, և նա քեզ ծառա կլինի հավիտյան» (Բ Օրին. ԺԵ 12, 16-17)»: Եղբայրն ասաց. «Եվ ի՞նչ է խոսքիդ իմաստը, հա՛յր»: Ծերը նրան պատասխանեց. «Եթե մեկն իր կարողության չափով աշխատի որևէ գործի վրա, կարող է այն պահել և ունենալ` երբ կամենա, քանզի չորդեգրված որդին մնում է մարդու մոտ՝ ծառայելու նրան, իսկ նա, որ ճշմարիտ որդի է՝ իր հորը չի թողնի. այդպես էլ ողբն է: Այսպես էր ասում այս Երանելին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016