«Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք»

Այս խորագիրն էր կրում մարտի 23-25-ը Մոսկվայում մեկնարկած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ միջազգային համաժողովը, որ կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնությունը և ՄԱԿ-ը՝ միացյալ ծրագրի շրջանակում: Այն դարձել է տարածաշրջանի խոշորագույն համաժողովը ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման հետ կապված: Համաժողովին մասնակցում էին աշխարհի առաջատար գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանի երկրներից: Ընդհանուր առմամբ՝ 2467 պատվիրակ՝ 79 երկրներից ժամանած:

Համաժողովի բացմանը «Ազատություն» թեմայի շուրջ հանդես եկավ Նելսոն Մանդելայի թոռը՝ հարավաֆրիկյան քաղաքական գործիչ, «Աֆրիկայի ծաղկումը» հիմնադրամի ղեկավար Նդաբա Մանդելան: Նրա ելույթը մեծ արձագանք ունեցավ: Իր խոսքում նա անդրադարձավ ողջ աշխարհով մեկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների և ազատության խնդրին՝ մասնավորապես նշելով. «Համաժողովին դուք կքննարկեք միլիարդի հասնող այն ծախսերը, որ անհրաժեշտ կլինի ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման համար, այնինչ մարդու արժանապատվությանը հարգանքով մոտենալը ոչ մի գումար չարժի, այդ պատճառով էլ այն անգին է»:

Երեքօրյա համաժողովի ընթացքում անցկացվեցին 60 զուգահեռ սեսիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ: Հանդես եկան ավելի քան 350 բանախոսներ: Համաժողովի աշխատանքն ընթանում էր երեք ուղղվածությամբ՝ «Աջակցություն միջազգային զարգացվածությանը», «Գիտություն և բժշկություն» և «Քաղաքացիական հասարակություն»: Քննարկվող թեմաներն էին՝ ՄԻԱՎ վարակի հետ կապված պրոֆիլակտիկան և բուժումը, միգրացիան և ՄԻԱՎ-ի տարածման խնդիրը, համընդհանուր բուժման ընդգրկում, խարան-խտրականություն ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ, կանայք և ՄԻԱՎ-ը, դեռահասները և ՄԻԱՎ-ը, թմրադեղեր և ՄԻԱՎ, ՄԻԱՎ վարակի, տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների հետ զուգահեռ բուժումը:

Համաժողովի պատվիրակների թվում էին Հայաստանից ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, կենտրոնի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը և այլոք: Տեր Գրիգորը նշեց, որ իրենք մասնակցեցին խնդրի շուրջ կրոնական տեսանկյունից քննարկվող սեմինարներին՝ ծանոթանալով աշխատանքային այն փորձին, որ կիրառում է եկեղեցին, կրոնական կազմակերպությունները և այլ կրոնի ներկայացուցիչները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ: Համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների քրիստոնեական, մուսուլմանական և հրեական համայնքների պատգամավորությունները: Երեքօրյա այդ սեմինարներին կարևորվեց տարբեր եկեղեցական համայնքների միջև փոխհամաձայնության զարգացումը, տարբեր դավանանք ունեցող կրոնական համայնքների միջև լուսաբանող և կրթական աշխատանքը ՄԻԱՎ-ի կանխարգելման հետ կապված հարցում՝ իջեցնելով խարան-խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ:

Թմրանյութերի դեմ հակազդման և Սինոդական բաժնի սոցիալական ծառայությունների գծով կոորդինացման կենտրոնի ղեկավար՝ Կամենսկի և Ալպայևսկի եպիսկոպոս Մեֆոդին հայտարարեց, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին թմրադեղերից կախվածություն ունեցողներին օգնելու նպատակով պատրաստվում է անցնել գործունեության մի նոր մակարդակի՝ ողջ աշխարհի ուղղափառ վերականգնողական կենտրոնները միավորելով մեկ միավորյալ ցանցում՝ ընդհանուր կոորդինացիոն կենտրոնով:

«Թմրամոլների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ ի հայտ եկող միայնության զգացումը, սեփական արժանապատվության կորստի և հասարակության կողմից մերժված լինելու հանգամանքը հանրության և եկեղեցու առջև ծառացած լուրջ խնդիրներն են: Խնդրի շուրջ համաշխարհային փորձառությունը ևս մեկ անգամ կարևորեց եկեղեցու գործունեությունը և հոգևոր աջակցությունը, որ բազմաթիվ անձանց է դուրս բերել հուսահատության և մահվան ճիրաններից»,- ասաց ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Իսկ համաժողովի արդյունքներին անդրադառնալով՝ նշենք, որ գլոբալ նպատակներից մեկը դարձավ 90-90-90-ը. այն է՝ ՄԻԱՎ վարակակիրների 90%-ը գիտի իր կարգավիճակի մասին, 90%-ը ստանում է համապատասխան բուժօգնություն և բուժօգնություն ստացողներից 90%-ը կարողանում է հասնել վարակի բեռնավորվածության ճնշմանը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Միշել Սիդիբեն համոզված է, որ ՄԻԱՎ-ը հնարավոր կլինի ամբողջովին հաղթահարել և լիկվիդացնել մինչև 2030 թ-ը:

Համաժողովի արդյունքների համաձայն՝ ընդունվեց հանրագումարային հայտարարություն, որի արդյունքում բանախոսությունների մասնակիցները կոչով դիմեցին Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ղեկավարներին, միջազգային և կրոնական կազմակերպություններին, հիմնադրամներին, քաղաքացիական-հասարակական և բիզնես-միությունների միավորումներին, որպեսզի հնարավորինս և մաքսիմալ կերպով գործադրվեն բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ մինչև 2030 թ-ը ՄԻԱՎ վարակի աճը կանգնեցնելու նպատակով:

 

Կարինե Սուգիկյան

30.03.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․