Աշխարհամատրան կիրակի

Աշխարհամատրան կիրակի | Ashkharhamatran Kiraki

Սիրելի հավատացյալներ,

Ահավասիկ Հինանց կիրակիների շարքի Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին ենք նշում այսօր: Կիրակին Կանաչ է կոչվում բնության զարթոնքով պայմանավորված, երբ գարունն իր լիակատար իրավասությունների մեջ է մտնում; Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշատադալար ու ծաղկուն հոգին: Իսկ Աշխարհամատրան բառն առաջ է եկել «աշխարհ» և «մատուռ» բառերից, որը խորհրդանշում է աշխարհի քրիստոնյաների մատուռը կամ առաջին եկեղեցու հաստատումը, որ Քրիստոսի առաքյալներն, իրենց Վարդապետի պատվիրանով, հիմնեցին Երուսաղեմում` Վերնատանը: Մատթեոսի ավետարանի վերջին գլխում գտնում ենք այս բանի վկայությունը. «Եվ Հիսուս մոտենալով՝ խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:19-21): Այսպիսով, մեր փրկչագործումն ավարտելով` Հիսուս Քրիստոս ցույց տվեց այդ փրկության պտուղներին հաղորդվելու ճանապարհը, այսինքն` Եկեղեցին: Առաքյալների թղթերից գիտենք նաև, որ այս նպատակով Հիսուսի աշակերտները Վերնատանն էին հավաքվում, որտեղ կատարում էին կարևորագույն մի պատվիրան` Աստվածորդու հիշատակի արարողությունը` Սուրբ Հաղորդության խորհուրդը: Այնտեղ նաև Աստծո Ճշմարտությունն էին ուսուցանում մարդկանց և միասնական աղոթք անում:

Պողոս Առաքյալի Եփեսացիներին ուղղված նամակում կարդում ենք. «Նա ամեն ինչ հնազանդեցրեց Հիսուսի ոտքերի տակ և նրան հաստատեց, իբրև գլուխ եկեղեցու, բոլոր բաների վրա, եկեղեցի, որ նրա մարմինն է, լրումը նրա, ով ամեն ինչ լցնում է ամեն բանի մէջ» (Եփես. 1:22, 23): Այսպիսով սիրելիներ, քրիստոնեական եկեղեցու հիմքը դրեց, և նրա հիմնաքարն ու գլուխը դարձավ հենց Ինքը` մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ Հոր կողմից աշխարհ ուղարկվեց` աստվածային սիրո, ճշմարտության և կատարյալ կյանքի օրինակը տալու համար: Եվ մենք պետք է հստակորեն գիտակցենք դա, որպեսզի երբևէ չմոռանանք Երկնային ու երկրային Եկեղեցու միասնության մասին: Ինչպես մեր մարմնի բոլոր անդամներն իրար հետ միասին մի ամբողջական ու կենդանի օրգանիզմ են կազմում, որ կառավարվում է գլխի միջոցով, այնպես էլ Եկեղեցին` գլուխ ունենալով Երկնային Փառապանծ Թագավորին, մի հոգևոր օրգանիզմ է հանդիսանում, ուր ամբողջովին աստվածային ուժերն են գործում: Այսպիսով Եկեղեցին հանդիսանում է Քրիստոսի մարմինն այստեղ` Երկրի վրա, ուր պայքարում է օրեցոր աճող չարի ու նրա դրսևորումների դեմ` կռիվ տալով ամեն մի մեղավոր հոգու փրկության համար:

Իրավամբ կարող ենք ասել նաև, որ քրիստոնեական եկեղեցին Աստվածորդու երկրային առաքելության շարունակողն է, որը հաստատվում է Սուրբ Հոգու ներկայությամբ ու Նրա լիառատ շնորհների բաշխումով: Եկեղեցին կոչված է համայն աշխարհին ավետելու` Աստծո և մարդկանց միջև այն նոր կապի մասին, որ հաստատվեց Հիսուս Քրիստոսի փրկչական զոհաբերության միջոցով:

Մի ռուս աստվածաբան ճշմարտացիորեն նշել է, որ. «Եկեղեցին միայնության ընդհատումն է, դադարեցումը: Եվ այն սկիզբ է առնում այնտեղ, որտեղ հաղթահարվում է մեկուսությունն ու սկսվում է սերը»: Հիմնադրման առաջին իսկ պահից` եկեղեցին ստանձնել է սիրող ու հոգատար մոր դերն, ու լծված է մեզանից յուրաքանչյուրի փրկության ուղղորդմանը: Քանի դեռ գոյություն ունենք այս աշխարհի վրա, պիտի օգտագործենք եկեղեցու ընձեռած գիտելիքները` մեր հոգևոր վերածննդի, աճի ու փրկության համար, քանի որ այն իր զավակներին նախապատրաստում է Երկնային Ժառանգությունն ընդունելու: Ավետարանում Հիսուս Երկնքի Արքայությունը նմանեցնում է թթխմորի, որ մի կին դնում է ալյուրի մեջ, մինչև ամբողջը խմորվի (Մատթ. 13:33): Եվ Եկեղեցին էլ, առաքյալներից ժառանգած իր վարդապետությամբ, հավատքով ու գործունեությամբ, ևս թթխմոր է հանդիսանում այս աշխարհի համար, որովհետև լուսավորում ու վերափոխում է այն: Շաբաթից շաբաթ Եկեղեցու Սուրբ Սեղանին Աստծո Միածին Որդու անարյուն ու մաքրագործ Պատարագն է մատուցվում` բոլոր ողջերի ու ննջեցյալների փրկության համար: Այստեղ, եկեղեցու սուրբ հարկի ներքո են հավաքվում թե՛ հրեշտակները, և թե՛ մարդիկ, և կրկին ու կրկին միասնական աղոթքի շնորհիվ ազդարարում են Երկնային ու երկրային Եկեղեցու միջև եղող անխզելի կապի մասին: Եկեղեցում մատուցվող Պատարագի ժամանակ ստացած Սուրբ Հաղորդության միջոցով մենք միավորվում ենք Քրիստոսի հետ և ամրանում հավատքի մեջ առ այն, որ մի օր էլ Երկնային Եկեղեցու անդամը լինելու մեծագույն պատվին ենք արժանանալու: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է սթափ լինենք, սիրելի հավատացյալներ, քանի որ, եթե նույնիսկ ամեն օր եկեղեցի գանք, աղոթենք ու Խորհուրդներին մասնակցենք, սակայն մեր սրտերում սեր չունենանք միմյանց նկատմամբ, անտարբեր ու եսասեր լինենք, մտահոգվենք միմիայն մեր ու մեր ընտանիքների անդամների փրկությամբ, ապա վստահ եղեք, որ ձեռնունայն կմնանք: Միշտ պետք է մեր աչքի առաջ ունենանք վաղ ժամանակաշրջանի քրիստոնյաներին, որ նույնիսկ հեթանոսների համար իրական սիրո, կարեկցանքի ու զոհաբերության օրինակ էին հանդիսանում: Իսկ ինչպես նշում է եկեղեցու հայրերից մեկը, այժմ, ցավոք սրտի, այդ բանը չես տեսնի քրիստոնյաների շրջանում: Իսկ այն սերն էլ, որ նրանք ունեն, ամենևին էլ Սուրբ Հոգու շնորհներից չէ, այլ մի սովորական, ընդհանուր զգացմունք է, որ կարելի է անհավատների մոտ ևս հանդիպել: Ուստի, սիրելի հավատացյալ քույրեր ու եղբայրներ, յուրաքանչյուր քրիստոնյայի, քրիստոնյա ընտանիքի, քրիստոնյա եկեղեցու առջև պետք է լինի այն բանի քաջ գիտակցումը, որ ինքը հանդիսանում է Քրիստոսի Եկեղեցու անբաժանելի մի մասը և այս գիտակցմամբ էլ ուղղորդի իր կյանքն ու գործունեությունը:

Այստեղ մի կարևոր փաստ էլ պիտի նշեմ, սիրելի հավատացյալներ, որի համար նորից վերադառնանք Մատթեոսի Ավետարանին և 13-րդ գլխի 47, 48 տողերում կարդանք հետևյալը. «Դարձյալ՝ երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել. երբ լցվել էր, այն ցամաք հանելով և նստելով՝ լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին»: Ճիշտ այսպես է նաև եկեղեցու պարագային: Թե՛ սրբերն ու արդարները, և թե՛ անօրեն չարագործներն ու մեղավորները  հավասար կերպով Եկեղեցու անդամ են հանդիսանում: Մենք ամենքս հավաքվում ենք Սուրբ Եկեղեցու հարկի ներքո, քանի որ ծարավ ենք կյանքի: Ա՛յն կյանքի, որն ազատագրված է մեղքի կործանումից ու մահվանից և լի է կենսատու սիրով: Բոլորս էլ լավ գիտենք, որ թե՛ արդարները, և թե՛ մեղավորները հավասարապես մահկանացու են, ուստի եկեղեցի գալով մեզ պետք է հետաքրքրի ո՛չ թե մահկանացու մարդու առաքինությունը, այլ` ապաշխարած մարդու հավիտենության հույսը: Որովհետև մահից ազատագրումն ու հավիտենական կյանքն այն անգին պարգևն է, որ հնարավոր է ստանալ միայն Արարչի հետ ունեցած մեր անաղարտ կապի միջոցով:

Սիրելիներ, թող Եկեղեցու հիմնադրման այս գեղեցիկ օրը առիթ հանդիսանա մեզանից յուրաքանչյուրի համար` ևս մեկ անգամ մեր հոգին ու կյանքը վերաքննելու, մեր թուլությունները, գործած սխալներն ու մեղքերը գիտակցելու: Եվ դա կօգնի մեզ գոնե հասկանալ ու առանց դատելու ընդունել մեր հավատակիցներին: Թող այս օրը առիթ լինի ձեր հոգևոր զարթոնքի, Աստծո հետ ձեր ուխտի վերանորոգման համար: Թող Աստծո սերն ու շնորհները լուսավորեն ամենքիս հոգիները: Եվ Նրան վայել է փառք և իշխանություն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

19.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․