13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,
Օրվա ավետարանն այսօր հիշատակում է Անպտուղ թզենու առակը, որն անմիջապես հաջորդեց Տիրոջ այն զգուշացմանը, թե. «….եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5): Առակի իմաստն ու ապաշխարության կոչը սերտորեն կապված են միմյանց, սիրելինե՛ր, քանի որ առակում խոսվող պտուղների բացակայությունը մեր հոգևոր կյանքի պտուղների՝ առաքինությունների և հավատը ապացուցող, հավատը կենդանի պահող գործերի բացակայությունն է խորհրդանշում, ինչն էլ ապաշխարության բացակայության հետևանք է: Քանի որ իրապես ապաշխարած հոգին է միայն, որ ընդունում է Բարեգութ Այգեգործի հոգատար խնամքն ու առատորեն բերք տալիս՝ ի պատասխան: Եվ այսօրվա առաքելական թղթի հատվածն էլ, որ Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթից է, խոսում է մի անչափ վտանգավոր կրքի մասին, որը, ցավոք, այսօր տիրել է ողջ աշխարհին և որն ունեցող մարդը լուրջ և խորն ապաշխարության կարիք ունի: Խոսքը սիրելի՛ հավատացյալներ, պոռնկության կրքի մասին է: Առաքյալի թղթում կարդում ենք. «Աստծո կամքը այս է, որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից, ձեզնից յուրաքանչյուր ոք գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով և ոչ թե՝ ցանկության կրքով, ինչպես այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն: Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի և չդիպչի իր եղբոր պատվին, քանզի այդ բոլոր բաների համար Տերը վրեժխնդիր է, ինչպես որ առաջուց ասացինք ձեզ և վկայեցինք. արդարև, Աստված չկոչեց մեզ պղծության, այլ՝ սրբության: Ահա թե ինչու, ով անարգում է այս բանը, մարդուն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը և Սուրբ Հոգին տվեց ձեզ» (Ա Թեսաղ. 4:3-8):
Սուրբ առաքյալի այս խոսքերը ծանր ու սթափեցնող ապտակ են բոլոր նրանց, ովքեր զանազան պատճառաբանություններով փորձում են արդարեցնել իրենց մեղքն ու ինքնախաբության կործանիչ ուղին են բռնել:
Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես գիտեք, Թեսաղոնիկեն՝ այսօրվա Սալոնիկը, այն օրերին էլ նավահանգստային մեծ ու աշխույժ քաղաք էր, որ առևտրային հարուստ ու ճոխ կյանքով հրապուրում էր հռոմեական կայսրության բազմաթիվ հպատակների և իր գիրկը կանչում: Բազմաստված հելլենացիները, որ նույնիսկ բռնությունն անձնավորող և սիրո ու ցանկության մարմնացում չաստվածների էին պաշտում, բնականաբար, հեթանոս կյանք էին վարում, և բազմապիսի մեղքերն ու կրքերը համարվում էին նրանց առօրյայի բնական ու անբաժան մասը: Քրիստոնեական նորադարձ համայնքն էլ, որ նոր էր ձևավորվել առաքյալի քարոզչությունից հետո, վստահաբար, դեռևս զերծ չէր այն ախտավոր սովորույթներից, որոնցով տարիներ շարունակ ապրել էր: Սակայն սուրբ առաքյալը հարկ համարեց նրանց զգուշացնել հատկապես պոռնկության մեղքից և արեց դա բավականին խիստ ու ազդու խոսքով: Ինչո՞ւ: Որովհետև սա այն նենգ ու հատկապես վտանգավոր մեղքերից մեկն է, որ մարդուն ներկայանում է անչափ հրապուրիչ ու անվնաս տեսքով՝ վարագույրի հետևում թողնելով իր նենգավոր, չարածին ու կորստաբեր իրական էությունը:
Պոռնկություն քարոզող աշխարհում, երբ այսպես կոչված «ազատ սիրո» կոչերը, գովազդն ու հրավերներն ամեն կողմից հորձանքի պես թափվում են մարդու գլխին, հոգևոր սպառազինությունից զուրկ հոգին հեշտությամբ դառնում է այս կրքի կամակատարն ու Պողոս Պատրիարքի խոսքով՝ ոտնակապ գերին: Մարդը լռեցնում է իր խիղճն ու կորցնում ամոթը, մոռանում է բարոյական օրենքներն ու իր պատիվը և ցանկությանը հպատակվելով՝ իջնում բնազդներով ղեկավարվող կենդանու աստիճանին: Իսկ մի՞թե Աստված կբնակվի կամ կգործի կենդանու մեջ, որին առաջնորդողը մարմնական ցանկությունն է. քա՛վ լիցի, երբե՛ք: Եվ Քրիստոս էլ չեկավ կենդանիներին փրկելու, այլ՝ մարդուն…
Երբ խոսք է գնում այնպիսի մեղքերի մասին, ինչպիսիք են, օրինակ, գողությունը կամ սպանությունը, որնց պատճառած վնասն ու կորուստն ակնհայտ են, և որոնք դատապարտվում են նաև մարդկանց կողմից, ապա բոլորը միաբերան համաձայնում են, որ դրանք իսկապես մեղքեր են, վնասում են մարդուն և միանշանակորեն պատժի են արժանի: Իսկ պոռնկության պարագայում հեշտասեր միտքը զարտուղի ճանապարհներ է փնտրում դրա պատճառած վնասները կոծկելու և միմիայն դրական լույսի ներքո այն ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի ավանդապահ ու խիստ բարքերով հայտնի երկրում, ինչպիսին Հայաստանն է, տղամարդկանց պոռնկությունը արդարացվում է և նույնիսկ՝ խրախուսվում՝ պատճառաբանվելով բնական ցանկությամբ, սակայն ինչպես Եկեղեցու իմաստուն հայրերն են նշում՝ ոչ բոլոր զգացումներն են բնական, այլ՝ խորամանկ թշնամին է դրանք այդ կերպ մատուցում: «Երբ սատանան ուզում է միացնել երկու անձանց` անպատկառ սիրո միությամբ, այնժամ փորձում է այս և այն կողմերը և նոր սկսում է վառել կրքի հուրը»,- ասում է Հովհաննես Սանդուղքը:
Սատանայի արբանյակներից՝ պոռնկության դևը գերազանց է կատարել իր առջև դրված խնդիրը և ներկայում ապրող մարդկանց գերակշիռ մեծամասնությունը մահվանից հետո երկնային օթևաններով անցնելիս՝ մեծագույն սարսափով դողալու է պոռնկության օթևանի առջև՝ չիմանալով ինչ պատասխանել իրեն առաջադրվող մեղադրանքներին: Եվ ես ուզում եմ, որպեսզի այսօր ամենքդ մեկընդմիշտ հասկանաք, դրոշմեք ձեր գիտակցության մեջ և ձեր զավակներին ու հարազատներին էլ սովորեցնեք, որ պոռնկությունն ամենևին էլ անմեղ բան չէ, ինչպիսին չարն է փորձում ներկայացնել: Քանի որ լուրջ և ազնվությամբ ուսումնասիրելու դեպքում կտեսնեք, որ այս զազրելի ախտն իր մեջ պարունակում է և՛ գողություն՝ ուրիշի կյանքի ժամանակի, երազանքների, մարմնի, և՛ սպանություն՝ սեփական հոգու, միլիոնավոր չծնված երեխաների, և՛ սուտ ու կեղծիք, որ բացատրության կարիք չունեն, և՛ հպարտություն ու նախանձ՝ երբ չես բավարարվում ունեցածով և կարծում ես, որ արժանի ես հաճույքներ վայելելու, ու բազմաթիվ այլ մեղքեր: Եվ ամենակարևորը՝ պոռնկանալով՝ մարդը դավաճանում է ոչ միայն սեփական աստվածապատկեր հոգուն, ոչ միայն մերձավորին, այլև Աստծուն: Այդ մի քայլով նա իրեն միլիոնավոր կիլոմետրերով հեռու է շպրտում Անեղծ Լույսից՝ հայտնվելով չարի իշխանության դաշտում, որտեղ ոչ թե մաքուր հոգին ու աստվածային լույսով պայծառացած միտքն է նրան առաջնորդում, այլ մարմնական ցանկությունը: Որքա՜ն ստորացուցիչ վիճակ Աստծու արարածի՝ բանական մարդու համար…
Սիրտս իսկապես անասելի ցավում է այն մարդկանց համար, որոնք այս աղետալի վիճակում են գտնվում և պաղատում եմ Ամենակալին նրանց դարձի ու ապաշխարության համար: Իսկ մյուսներն էլ, այս սարսափելի մեղքից խուսափելու համար, պիտի իմանան, թե մեր փրկության թշնամին ինչպես է գործում և ինչպես պաշտպանվել նրանից: «Սրբերից մեկն ասել է. «Ցանկությունը նման է շանը, եթե շոյես նրան` չի հեռանա քեզանից, իսկ եթե քշես` կփախչի»» (Եփրեմ Ասորի): Այսինքն՝ երբ դիվական միտքն այցելում է մեզ՝ պիտի անմիջապես հեռու վանենք՝ թույլ չտալով, որ վերածվի պատկերի ու բորբոքի մեզ: Աղոթքով պիտի հայցենք Տիրոջ, Սուրբ Աստվածածնի և սրբերի պաշտպանությունը: Մեր միտքը թող մշտապես զբաղված լինի Քրիստոսով ու Նրա խոսքով, մշտապես հիշենք Ահեղ դատաստանի մասին, որպեսզի չարի գործունեության համար տեղ չմնա: «Երբ մարմնի գեղեցկությունը հրապուրում է սիրտդ, ապա մտածիր, թե ինչպիսի գարշահոտություն պիտի տարածի այն, և կհանդարտվես» (Երանելի Հերոնիմուս): «Եթե մեջդ մեղավոր ցանկության կրակ կա, դիր այն դժոխքի մեջ եղող կրակի առջև, և քո միջինը կհանգի» (Հովհան Ոսկեբերան): «Եթե աշխատանքի ժամանակ կանհանգստացնի քեզ շնության ոգին, մի՛ ծուլացիր ձեռքերդ պարզել աղոթքի համար, հավատքով արված աղոթքը կվանի նրան» (Եփրեմ Ասորի), խրատում են հայրերը: Նաև պիտի խուսափենք այն մարդկանցից, վայրերից ու այն ամենից, ինչ մեզ պոռնկության է մղում, ինչպես այն ճգնավորը, որ փակվում էր մարդկանցից հեռու մի ցուրտ ու մութ քարանձավում և նույնիսկ մարմինը թաղում հողում, միայն գլուխը դուրս թողելով՝ այդ կերպ պայքարելով դիվական հարձակումների դեմ: Միշտ և ամենուր Տիրոջ Սուրբ կամքը փնտրենք՝ որպես փրկության ճանապարհի ուղեցույց ընդունելով այն, և որևէ բան անելուց առաջ հարց տանք մեզ՝ իսկ Քրիստոս սա կանե՞ր, ինչպես երկու ընկերների պատմության մեջ, երբ մի ընկերը մյուսին առաջարկում է գնալ՝ անպարկեշտ ֆիլմ դիտելու, իսկ մյուսը պատասխանում է. «Իսկ Քրիստոս կգա՞ր»: Միշտ հիշեք առաքյալի զգուշացումը, որ. «Ո՛չ պոռնիկները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացյալները, ո՛չ արվամոլները Աստծո Թագավորությունը չեն ժառանգելու» (Ա Կոր. 6:9, 10): Եվ իմացեք, որ «Մեղքերն ի սրտե խոստովանելը քանդում է թշնամու բոլոր մտադրությունները, որոնց մեջ ընկղմված է խեղճ մեղավորը: Եվ եթե մեկն ունի դեռ յոթերորդ պատվիրանի դեմ գործած չխոստովանած մեղքեր, թող լցվի տղամարդկությամբ և պատմի այն հոգևորականի, Խաչի և Ավետարանի առջև: Շտապե՛ք, որովհետև Տերն ասաց. «Ինչ բանում որ գտա, նրանում էլ պիտի դատեմ» («Խոստովանության կերպ» գրքից). ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան