18 Հունվար, Շբ
Այլևս մեր կայնքում իրականություն է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Հայտնությունը և Անվանակոչությունը, և զուգահեռներ տանելով այս տոների միջև մեր աչքի առջև մի պարզ ճշմարտություն է հառնում՝ մեր Աստծո ողորմած խոնարհությունը:
Մենք սովոր ենք Աստծո խոնարհությունը տեսնել Նրա չարչարանքների, խաչելության և մահվան իսկության մեջ, բայց պետք է խորությամբ հասկանալ, որ նույնատիպ խոնարհության դրսևորում է Նրա մարդանալը, Ս. Կույսի արգանդում իննամսյա ժուժկալությունը և որպես մարդ ծնվելը, և Իր արարածներից անվանադրվելու իրողությունը: «Անպարագրելին երկնի և երկրի»՝ երկնքի և երկրի մեջ չպարունակվողը, Նա, Ով Իր թզով և քլով երկինքները, ծովերը և անդունդներն է չափում, Նա, Ում կամքի դրսևորում է տիեզերքները բազում և իմանալի և ոչ իմանալի իրականությունները, Նա դեռահաս կույսի սուրբ արգանդում բնակվեց: Սրանով իսկ մեզ պատգամելով Իր մարդասիրության անհասությունը և այն, որ սրբությունը իր մեջ Աստծուն է պահում: Արարիչը արարած դարձավ, բոլորի Տերը Իրեն թշնամացածի հետ հաշտվեց և որպես Մարդ ծնվեց: Այլևս իրականություն է Աստծո անսահման խոնարհությունը և համբերությունը. Նա Իր արարածի աստիճան ցածրացավ՝ մեզ սովորեցնելով, որ ով հանուն սիրո՝ աստվածային սիրո, խոնարհվի՝ նա կբարձրանա: Ուրեմն, այսքանից՝ որպես մարդ ծնվելուց, հետո կրել այն ամբողջ նեղությունները, որոնք պիտի փրկեին մարդկությանը, Իր համար խոտելի չէր: Այլևս պապանձված են այն լեզուները որոնք անզգամաբար բարբառում են. «Ո՞ւր ես…, ինչո՞ւ…»:
Ուրեմն հստակ է՝ Աստված խոնարհվեց մեզ համար, որ մենք սովորենք խոնարհվել, նորից մեզ համար: Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյայի կյանքում տոն է ամեն օր և ոչ թե մեկ կամ ութ օր միայն, քանզի այդ օրը Աստված հայտնվեց ոչ թե որևէ մարգարեի, նահապետի կամ արդարի, այլ համագումար մարդկությանը:
Եվ նմանապես Աստվածային խոնարհության և հեզության դրսևորում է Սուրբ Անվանակոչությունը: Մինչ այդ չտեսնված և չլսված խոնարհություն․ Արարիչը Իր արարածի կողմից անուն է ստանում:
Մենք անուն ենք ստանում մեր ծնողներից, կամ մեզնից ավագ և մեր կողմից հարգանքի արժանի մեկից, կամ ինքնակոչաբար: Եվ սուրբ հայրերն ասում են, թե չկա Աստծուց ավագ, մեծ որևէ էություն, որ անուն տա Նրան և մանավանդ Աստված ինքնակոչ չէ, իսկ եթե ասենք. «Հապա ի՞նչ է «Եհովա» անունը»: Պետք է իմանանք, որ այն անուն չէ, այլ նախադասություն, որը նշանակում է «Ես Եմ, որ Է»: Ուրեմն սա անուն չէ, այլ Աստծո ծածուկ հատկությունները բացահայտող նախադասություն՝ հար և նման «անհասանելի Աստված», «մարդասեր» և այլն:
Եվ ահա, թեև Աստծուց պատգամվեց, բայց մարդու կողմից անվանակոչվեց Անանունը: Նա անուն է ստանում Իր ծառայից, Իր արարածից և Իր անառակ որդուց: Անուն, որը վեր է և վեհ բոլոր անուններից: Այստեղ էլ, ինչպես վերը նշեցինք, ի հայտ է գալիս Աստծո անպատում խոնարհությունը: Հանուն մարդու փրկության Աստված Իր աստվածային փառքից այնքան է աղքատանում, որ որպես մանուկ անուն է ստանում Իրենից հետո, Իր ձեռքով և ժամանակի մեջ ստեղծվածից: Ուրեմն, քննելով այս երկու սուրբ դրվագները մեր Տիրոջ կյանքից, հասկանում ենք մի պարզ բան, որ մարդկային փրկությունը միմիայն իրականություն դարձավ խոնարհության և հեզության միջոցով. Աստծո խոնարհության և հեզության, ուրեմն մեր փրկության համար պահանջվում է մի պարզ բան՝ հարատևել այս «հոգու աղքատության»՝ խոնարհության և գործի սրբության՝ հեզության մեջ:
Եվ թող Աստված զորացնի մեզ բոլորիս պատերազմելու այս բարի պատերազմը: Ամեն:
Վաչագան սրկ. Դոխոլյան