Աստծո պատկերով

Անդրադառնանք Ավետարանի իմաստալի պատմություններից մեկին: Փարիսեցիները Հիսուս Քրիստոսի մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին` տալու ընդամենը մեկ հարց: Այս հարցը բավականին խորամանկ էր: Փարիսեցիները երկար ժամանակ խորհելուց հետո այնպիսի մի հարց էին գտել, որի բոլոր հնարավոր պատասխանները շատ վտանգավոր էին պատասխանողի համար: Փարիսեցիների աշակերտները հարցրեցին Քրիստոսին. «Օրինավո՞ր է կայսերը հարկ տալ»: Բացասական պատասխան տալով` Քրիստոս կհամարվեր կայսեր թշնամին, իսկ դրական պատասխանը կզայրացներ հրեաներին, որովհետև նրանք չէին ցանկանում հարկ վճարել, սակայն հռոմեացիների հպատակներն էին, քանի որ Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության ներքո: Եվ Հիսուս ասաց. «Հարկի դահեկա՛ն ցույց տվեք»: Եվ նրանք մի դահեկան բերեցին: Եվ Նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: Նրանք ասացին` կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22.15-22, Մարկ. 12. 13 -17, Ղուկ. 20. 20-26): Իր պատասխանով Տերը ցույց տվեց, որ Իր վարդապետությունը բարձր է մարդկային բոլոր գիտություններից:

Դրամի վրայինը Կեսարի պատկերն էր, այսինքն` պատկերը հենց ինքը Կեսարը չէր: Այդպես էլ և մենք պատկերն ենք Աստծո, սակայն նույնը չենք, ինչ Աստված: Մեր բնությունը, կարելի է ասել, երկակի է. մեկը նման է աստվածայինին, մյուսը` բաժանված սեռերի: Եվ մարդը պատկերն է Աստծո առաջին հերթին իր ազատ կամքով, նաև հոգու անմահությամբ: Դրամի վրայի պատկերը մնում է անփոփոխելի, բայց մենք կարող ենք փոխել մեզանում Աստծո պատկերը: Եվ Աստծո պատկերը մեր հոգիներում անաղարտ պահելու համար քրիստոնեությունը մեզ պատվիրաններ է տալիս, որոնցով մենք կարող ենք ապրել աստվածահաճո ընթացքով և արժանանալ Երկնքի Արքայության` տալով կայսրինը կայսեր և Աստծունը` Աստծուն:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

22.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․