25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի եղբայրներ և քույրեր` ի Քրիստոս,
Այսօրվա աստվածաշնչյան ընթերցվածքում մեզ համար բացահայտվում են Ավետարանական գլխավոր, ոսկե տողերը, որ պետք է դրոշմված լինեն յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում ու միշտ հնչեն մտքում` ի մխիթարություն և ուրախություն` դժվարին պահերին: Պարզ, հասկանալի և միևնույն ժամանակ մինչև հոգու խորքը ցնցող իրականություն. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16):
Եթե փորձենք քրիստոնեության ողջ գաղափարն ամփոփել մի տողում միայն, ապա դա միանշանակ Ա Հովհ. 4:8-ը կլինի. «Աստված սեր է»: Արարչի անսահման սերն` առ Իր արարածներն, արտահայտվեց աշխարհի արարումից ևեթ: Նրա կենարար սիրո գերավելցուկի հետևանքը եղավ երկրի ու մարդու արարչագործությունը: Մենք դարձանք մեր Երկնային Հոր անսահման սիրո պտուղները: Սիրելինե՛ր, նայեք ձեր շուրջը: Մեր Երկիր մոլորակի զարմանահրաշ բնությունը, կենարար արևն ու անձրևը, ամեն բացվող բողբոջն ու ծաղիկը, ամեն բան վկայում են Արարչի սիրո մասին: Ամեն բան ի սկզբանե ստեղծվել էր Աստծո սիրասուն զավակների բարօրության ու երջանկության համար և մարդն էլ վայելում էր Աստվածային սիրո հրաշալի դրսևորումներն ամբողջությամբ, մինչև որ մեղք չգործեց և չհեռացավ Կենարար Լույսի Աղբյուրից:
Ի՞նչ եք կարծում սիրելի քույրեր և եղբայրներ, Աստծո սերը մարե՞ց մարդու անհնազանդությունից հետո: Իհարկե ո՛չ: Աստված շարունակեց սիրել մեզ, մեղավորներիս, այնպես, որ նույնիսկ Իր Միածին Որդուն զոհաբերեց` մեր փրկության համար: Պողոս առաքյալն էլ փաստում է դա, ասելով. «Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հռոմ. 5:8): Աստվածային սերն ու կարեկցանքը, որ դրսևորվեցին Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի միջոցով, Հոր սրտից էին բխում և հոսում դեպի մարդկային որդիները: Չէ՞ որ մեր Փրկիչը հենց Ինքը` Աստված էր, ինչպես վկայում է Պողոս առաքյալը Տիմոթէոսին ուղղված իր առաջին նամակում (3:16): Հիսուս Քրիստոս, Կենդանի Աստծո Միածին Որդին, թողեց երկինքն ու երկիր իջավ, մարդացավ, ուսուցանեց, հիվանդներին բժշկեց, սովածներին կերակրեց, անարգվեց ու խաչի վրա տանջալից մահվան ենթարկվեց, որովհետև սիրում էր: Սիրում էր հարազատներին ու մերձավորներին, մոտիկներին ու հեռավորներին, մեզնից յուրաքանչյուրին առանձին-առանձին, բոլոր մեղավորներին և նույնիսկ իրեն մահվան մատնածներին, քանի որ խաչի վրա գամված` խնդրեց Հորը. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34):
Նա աշխարհ եկավ, որպեսզի, մեղքի հետևանքով, Սիրող Ծնողի ու զավակի միջև առաջացած պատնեշը կործանի և Իր սիրելի արարածներին երկնային ուրախության ու հավիտենական կյանքի հույսը պարգևի: Հավիտենական կյանքի, որտեղ երջանկության ու երանության աղբյուրը հենց Ինքը` Աստված է: Այն Արարիչ Աստված, որ սիրեց մեզ` նախքան մեր լույս աշխարհ գալը: Այն Աստված, որ շարունակում է մեզ սիրել, չնայած, որ մենք բազում մեղքեր ենք գործում: Նա սիրում է մեզ անկախ այն բանից, մենք էլ ենք Իրեն սիրում, թե ոչ: Մեր Հայրը սիրում է ու շարունակում է հավատալ մեզնից յուրաքանչյուրին, եթե նույնիսկ մենք հրաժարվում ենք Նրա հանդեպ ունեցած հավատքից: Երկնքում ու երկրիս երեսին չկա մի այնպիսի բան, որ ի զորու լինի հաղթել Նրա սիրուն, որովհետև Աստվածային Սերը հաղթահարում է ամեն չարիք ու միավորում է մեզ Եկեղեցու միասնական մարմնի մեջ, որի գլուխն Ինքը` Աստծո Որդին է: «Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա», -ասում է Տերը» (Եսայի 49:15): Ահա Աստծո Որդին` երկիր գալով, մարդացավ, որպեսզի մարդը կարողանա կրկին Աստծո որդի դառնալ: Իր երկրային մարմնավորման մեջ` Աստված Ինքն Իրեն է անմնացորդ նվիրում աշխարհին: Այսպիսին է Բարձրագույն Սիրո դրսևորումը, որն իրենը չի փնտրում, այլ զոհում է իրեն հանուն ուրիշի (Ա Կորնթ. 13:5): Հայր Աստված երկիր ուղարկեց Որդի Աստծուն, որպեսզի աշխարհը ճանաչի, թե ինչ է սերը և սովորի սիրել: Իսկ առանց Աստծո Սերն ունենալու մեր սրտերի մեջ, մենք հոգևոր մահ ենք ապրում և բնականաբար զուրկ ենք լինում այն աստվածային խաղաղությունից, ուրախությունից ու սփոփանքից, որ միմիայն Կյանքի Աղբյուրն է պարգևում: Առանց Նրա մենք նման ենք մի անպետք ու ժանգոտած գործիքի, որին միայն հոգատար Վարպետի մատների հպումն է ի զորու վերստին կյանքի կոչել: Եվ իսկապես, մարդն առանց Աստծո, անընդհատ փնտրտուքների մեջ է: Նա երջանկություն է փնտրում ամենուր, սակայն բնականաբար չի գտնում: Եվ այդ որոնումներն էլ կործանարար են լինում նրա հոգու և մարմնի համար, քանի որ հաճախ կապված են լինում մեղքի հետ... Իսկ երջանկության բանալին միմիայն Աստծո մեջ է: Փնտրեք Աստծո՛ւն: Եվ կգտնեք Նրա անսահման սերը, որն էլ ձեզ երջանկություն կպարգևի:
Երանելի Հովհաննես առաքյալը, նայելով մեղքերի մեջ կործանվող մարդկության հանդեպ Արարչի տածած սիրո բարձրությանն ու խորությանը` այնպիսի հիացմունքով ու երանությամբ լցվեց, որ խոսքեր չգտնելով, որպեսզի նկարագրի այդ սիրո ողջ մեծությունը` մարդկության ուշադրությունը հրավիրեց, ասելով. «Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ» (Ա Հովհ. 3:1): Ահա՛, թե ինչպիսի մեծագույն շնորհ է անում մեզ Երկնքի և Երկրի Արարիչը: Մեր Փրկչին, Հիսուս Քրիստոսին կրելով մեր սրտերի մեջ` մենք արժանանում ենք Աստծո զավակներ կոչվելու մեծագույն պատվին: Արդ, սիրելինե՛ր, թույլ տանք, որ մեր Փրկիչը ծնվի մեր սրտերում, և ողջ մեր սերն ու ջերմությունը փոխադարձաբար նվիրենք մեր Տեր Աստծուն` հետևաբար նաև մեր մերձավորներին: Աստվածային Սերը միավորում է մեզ արտասովոր կերպով: Միավորում է մեզ սիրո կապանքներով և սքանչելի կերպով վերափոխում է յուրաքանչյուրիս կյանքը:
Արդ, սիրելի՛ հավատացյալներ, եկեք մեր երախտագիտությունը հայտնենք Աստծուն` մեզ սիրելու համար: Երախտապարտ լինենք Նրան, որ այնքան սիրեց մեզ և այս աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի մեզնից ամեն մեկը Նրա միջոցով փրկություն ու հավիտենական կյանք ունենա: Աղոթենք Աստծուն, որպեսզի Նրա Կենարար Սերը երբեք չպակասի մեր սրտերից, միշտ լուսավորի ու վերափոխի մեր կյանքերն ու մեզ շրջապատող աշխարհը: Ամէն:
Տ. Գրիգոր քհն. Գրիգորյան