25 Նոյեմբեր, Բշ
Հայոց ազգի դարավոր պատմության փորձառության էջերը վկայում և փաստում են աստվածային ներկայությունը մեր ժողովրդի կյանքում: Այսօր էլ չենք կարող չնկատել Նրան, Ով ներթափանցել է մեր մեջ, միացել մեզ դեռևս վաղուց: Աստված երբեք չի բացակայում: Նա միշտ ներկա է Իր զորավոր ներկայությամբ: Նա անդադար մեր կողքին է, սակայն, շատ հաճախ չենք նկատում Նրան կամ էլ դժվար պահերին ենք միայն կարողանում հասկանալ Աստծու ամենազորությունը և պահպանությունը մեր կյանքում: Աստծու բացակայությամբ ամեն պահի վտանգվում է հոգևորը: Իսկ Աստծուն նկատել՝ նշանակում է զգալ Նրա ներկայությունը: Պարզապես պետք է թույլ տալ, որ Աստված ներկա լինի մեր մեջ՝ թափուր չթողնելով Նրա տեղը մեր կյանքում:
Աստված սեր է: Սերը մարդու մեջ հենց Աստծու ներկայությունն է: Ուստի սիրելով մերձավորին՝ սիրում ենք Աստծուն, Ով Իր ներկայությամբ լույս է սփռում մարդկանց սրտերում: Երբ Աստված ներկա է քո կյանքում, սկսում ես ապրել մի նոր, բոլորովին այլ կյանքով: Ամենաբարձրյալի ներկայությամբ է պայմանավորված մեր վերանորոգումը:
Դարեր առաջ ապրած մի ծեր վանական իր կյանքում Աստծու ներկայությունը մշտապես զգալու ուրախությանն էր հասել: Իսկ թե ինչպես էր սովորել մշտապես պահպանել այդ զգացումը, նա մի փոքրիկ գրքույկ է գրել դրա մասին: Վանականի կենսագրության մեջ չկա որևէ առանձնահատուկ սխրանք, որ նա գործած լիներ: Նա չի ապրել անապատում, այլ ուղղակի օրվա մեծ մասը աշխատել և անցկացրել է վանքի խոհանոցում: Աստծու ներկայության զգացողությունն այցելել է նրան հենց այն ժամանակ, երբ նա ուտելիք է պատրաստել: Վանականի կյանքի պատմությանը ծանոթանալով՝ հասկանալի է դառնում, որ չկա սովորական և կենցաղային մի գործ, որ հեռվացնի մեզ Աստծուց: Ուղղակի պետք է սովորել ամենուր փնտրել Աստծուն՝ Նրա կոչին և կանչին ունկնդիր լինելով: Իսկ մարդը, ցավոք, ապրում է առանց Նրա, հայտնի ասույթի համաձայն, թե՝ Նա այնքան մոտ է, իսկ մենք՝ հեռու:
Անդրադառնալով մեր կյանքին՝ վստահաբար կհաստատենք, թե Աստված Իր մշտական ներկայությամբ քանի անգամ է նախախնամել և պահպանել մեզ՝ մեր ձեռքը բռնելով, ինչպես է օգնել և ամրացրել այն մարդկանց միջոցով, ովքեր սիրում են մեզ: Աստծու ներկայության զգացողությունը բարձրագույն վիճակ է, և Աստծու արարչագործության պսակին՝ մարդուն է տրված դա զգալու հնարավորությունը և ճաշակելու Նրա առջև դեմ առ դեմ գտնվելու ուրախությունը: Աստվածային ներկայության զգացողությունը աստվածճանաչողության հոգևոր փորձառության անբաժանելի մասն է, մարդ-Աստված հարաբերության հիմքը: Աստվածային ներկայության զգացողությունը Նրա պարգևն է մարդուն և Աստծուն փնտրելու ճանապարհին ենք արժանանում այդ մեծագույն պարգևին: Եթե մարդը չի զգում Աստծու ներկայությունն իր կյանքում, նշանակում է՝ նա դեռ մեծ ջանադրությամբ պետք է մաքրի իր սիրտը Աստծու հետ հանդիպման համար: Երբ մենք ամբողջովին ընկալենք, որ Արարիչը միշտ մեր կողքին է և այժմ էլ ցանկանում է մեզ հետ լինել՝ օգնելով և առաջնորդելով մեզ դեպի ճշմարտության ուղին, ապա այդ ժամանակ մեր սրտում կաճի սիրո զգացողությունը հանդեպ Նրա մեծագույն սիրո, որ տածում է մեր նկատմամբ:
Գայանե Սուգիկյան