22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երբեմն մեզ պատահող փորձությունները հակաբիոտիկների նման են, որոնք Աստված տալիս է մեր հոգու հիվանդության ապաքինման համար: Այդ փորձությունները մեզ մեծ հոգևոր օգնություն են ցույց տալիս: Մարդը «թեթևակի հարված է ստանում ծոծրակին» Աստծո կողմից և նրա սիրտը փափկում է: Իհարկե, (առանց մեզ փորձելու էլ) Աստված գիտի, թե յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում, բայց քանի որ մենք դա չգիտենք՝ Նա թույլ է տալիս մեզ անցնելու փորձությունների միջով, որպեսզի ճանաչենք ինքներս մեզ, բացահայտենք մեր մեջ թաքնված կրքերը և Ահեղ Դատաստանի օրը դժգոհություն չունենանք: Քանի որ, եթե նույնիսկ Աստված փակեր աչքերը մեր կրքերի վրա և մեզ Դրախտ ընդուներ այնպես, ինչպես կանք, ապա Դրախտում ևս խռովությունների և դժգոհությունների ալիք կբարձրացնեինք: Այդ պատճառով էլ Աստված բանսարկուին թույլ է տալիս այստեղ գայթակղություններ ստեղծել, որպեսզի դրանք մեր մեջ եղած (կրքերի) փոշին այնպես թափ տան, որ վշտերի միջոցով մեր հոգին մաքրվի և խոնարհ դառնա: Իսկ դրանից հետո Աստված առատորեն մեզ է բաշխում Իր բարեբերությունը:
Իրական ուրախությունն այն դառնությունից է ծնվում, որը մարդ ուրախությամբ է ընդունում հանուն Քրիստոսի, Ով դառնություն ճաշակեց, որպեսզի փրկի մեզ: Քրիստոնյան հատկապես պետք է ուրախանա այն ժամանակ, երբ փորձության մեջ է ընկնում՝ առանց դրա համար առիթ տալու:
Երբեմն Աստծուն ասում ենք. «Տեր Աստված, առանց իմանալու, թե ինչ Ես անելու՝ ինձ ամբողջովին Քեզ եմ հանձնում, որպեսզի ինձ մարդ դարձնես»: Եվ Աստված, այդ բառերը լսելով, կամենում է ինձ ոչ թե միայն մարդ դարձնել, այլ մարդուց առավել մի բան: Այդ պատճառով էլ թույլ է տալիս, որպեսզի սատանան գա, գայթակղի ու տանջի ինձ: Այժմ, երբ քաղցկեղով հիվանդ եմ, տեսնում եմ չարի խարդախություններն ու դրանք ինձ համար ծիծաղելի են դառնում: Ահա՛, թե ինչպիսին է այդ սատանան: Գիտե՞ք, թե սատանան ինչ օճառով է մարդուն լվանում, երբ Աստված նրան թույլ է տալիս գայթակղել, որպեսզի մարդը փորձությունների միջով անցնի: Սատանան մարդուն իր չարության փրփուրով է լվանում: Ահա՛, թե ինչ լավ օճառ ունի: Նման իրավիճակներում սատանան իրեն ուղտի պես է պահում, որը չարանալիս փրփուր է թքում: Իսկ հետո նա սկսում է տրորել մարդուն: Իհարկե դա մարդուն աղտից մաքրելու համար չի անում: Ո՛չ, չարությունից դրդված է անում: Սակայն Աստված բանսարկուին թույլ է տալիս տրորել մարդուն այնքան ժամանակ, մինչև նրա կեղտոտ բծերը չմաքրվեն և նա մաքուր չդառնա: Քանի որ, եթե Աստված սատանային թույլ տար մարդուն այնպես տրորել, ինչպես երբ հագուստն են լվանում, ապա սատանան մարդուն ցնցոտիների կվերածեր:
- Հա՛յր, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ մեր կյանքում պատահող զանազան փորձություններն Աստծո կամքով են կատարվում:
- Ո՛չ, Աստծո կամքը չխառնենք այն ամենի հետ, ինչ բանսարկուն է բերում: Աստված Իր թողտվությունն է տալիս սատանային՝ մարդուն գայթակղելու մինչև որոշակի պահը: Եվ մարդուն էլ ազատություն է տալիս՝ բարին կամ չարը գործելու: Սակայն Աստված մեղավոր չի լինի մարդու գործած չարի համար: Օրինակ՝ Հուդան Քրիստոսի աշակերտն էր: Սակայն մի՞թե թույլատրելի է ասել, որ Աստծո կամքն էր, որպեսզի նա դավաճան դառնար: Ո՛չ, Հուդան ինքը թույլ տվեց, որպեսզի սատանան իր մեջ մտնի: Մի մարդ հոգևորականին խնդրեց. «Հա՛յր, խնդրում եմ Հուդայի համար հոգեհանգստի կարգ կատարեք»: Դա միևնույնն է, թե ասեր. «Դու արդար չես, Քրիստո՛ս: Քո կամքն էր, որպեսզի Հուդան մատներ քեզ: Այդ պատճառով էլ օգնիր հիմա նրան»:
Հազվադեպ է պատահում, որ Աստված թույլ տա երկյուղածությամբ լի որոշ մարդկանց փորձությունների միջով անցնելու, որպեսզի սխալ կյանքով ապրող մեկը սթափվի և ապաշխարի: Որոշ մարդիկ իրենց կյանքի մեղքերն են քավում փորձությունների միջոցով, սակայն անարդարացիորեն տրտնջում են: Աստված նրանց հնարավորություն է տալիս օգնություն ստանալու՝ տեսնելով այն մարդկաց համբերության օրինակը, ովքեր մեղավոր չլինելով տառապում են և չեն տրտնջում: Այդպիսի ակնածալից մարդիկ կրկնակի վարձք են ստանում: Ենթադրենք, որ մի ընտանիքի շատ լավ, պատկառանքով լի հայր իր տանը նստած է կնոջ ու երեխաների հետ: Հանկարծակի երկրաշարժ է սկսվում, տունը քանդվում է, ընտանիքը մնում է փլատակների տակ և սարսափելի տանջանքներից հետո բոլորը մահանում են: Աստված ինչի՞ համար դա թույլ տվեց: Որպեսզի մյուսներն, ովքեր մեղավոր են և պատժի ենթակա, չտրտնջան:
Այդ պատճառով էլ նա, ով այն մեծ խաչերի մասին է խորհում, որ արդարներն են կրել, երբեք չի տրտմում իր սեփական փոքր փորձությունների պատճառով: Այդպիսի մարդիկ տեսնում են, որ չնայած իրենց կյանքում տարբեր մեղքեր են գործել՝ ավելի քիչ են տառապում, քան՝ արդարները և այդ պատճառով էլ խելամիտ ավազակի պես (Ղուկ. 23:39-43) խոստովանում են. «Այս մարդիկ ոչնչում մեղավոր չեն և այսպիսի տառապանքների միջով են անցել: Արդ, ինչպիսի՞ տառապանքների ենք մե՛նք արժանի»: Սակայն, դժբախտաբար, որոշ մարդիկ այն ավազակին են նման, որը Քրիստոսից ձախ խաչվեց: Այդպիսի մարդիկ տառապյալ արդարների մասին ասում են. «Մի տես է՜, ողջ կյանքում խաչը ձեռքից բաց չթողեցին և ինչպիսի՜ դժբախտություն պատահեց նրանց հետ»:
Ճիշտ է շատ հազվադեպ, բայց դեպքեր են լինում, երբ Աստված, սիրուց մղված, թույլ է տալիս, որպեսզի որոշ ընտրյալ անձնվեր ճգնավորներ մեծագույն փորձությունների միջով անցնեն: Նա այդ անում է նրանց պսակների արժանացնելու համար: Այդպիսի մարդիկ Քրիստոսին ընդօրինակողներն են: Տեսեք. Քանի որ Սուրբ Սինկլիտիկիան իր խրատներով շատ մարդկանց է օգնել հոգևոր առումով, սատանան ցանկացավ խանգարել նրան այդ գործում և հիվանդության պատճառով սուրբը երեք ու կես տարի համր մնաց*:
Իսկ ուրիշ դեպքերում Քրիստոսի իսկական հետևորդն Աստծուց ողորմածություն է խնդրում մերձավորների մեղքերը ներելու և Իր արդար ցասմանը չարժանացնելու համար: Այդպիսի մարդը խնդրում է, որպեսզի Աստված իրեն պատժի այդ մեղավոր մարդկանց փոխարեն, չնայած, որ ինքը մեղավոր չէ: Այդպիսի մարդն Աստծո հետ սերտ բարեկամական կապի մեջ է գտնվում և Աստծո սիրտը մեծ խանդաղատություն է ապրում Իր զավակի մեծագույն, վեհանձն սիրուց: Աստված այդպիսի մարդուն ոչ միայն իր խնդրած ողորմածությունն է անում, այսինքն ներում է ուրիշների մեղքերը, այլև թույլ է տալիս, որպեսզի իր ջերմեռանդորեն արված խնդրանքի համաձայն մարտիրոսական վախճան ունենա: Եվ միևնույն ժամանակ Աստված այդ մարդու համար դրախտի ամենալավ ապարանքն ու մեծ փառք է պատրաստում, որովհետև շատ մարդիկ անարդարացիորեն էին դատել այդ մարդու մասին և մտածել էին, որ Աստված պատժում է նրան սեփական մեղքերի համար:
* Սուրբ Սինկլիտիկիայի հիշատակությունը կատարվում է հունվարի 5-ին: Տես, Վարք Սրբոց ռուսերեն լեզվով: Հունվար: Մ. 1904, էջ 189:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի