25 Նոյեմբեր, Բշ
Մի ոսկերիչ նստած էր իր խանութում, դազգահի առջև և աշխատելիս անընդհատ Աստծո անունն էր հիշատակում զուր տեղը՝ մեկ որպես երդում, մեկ որպես սիրած խոսք:
Մի ուխտավոր, որ սուրբ վայրերից էր վերադառնում, խանութի կողքով անցնելիս լսեց դա ու նրա հոգին խռովվեց: Նա ձայն տվեց ոսկերիչին, որպեսզի դուրս ելնի: Իսկ երբ դուրս եկավ, ուխտավորը թաքնվեց: Ոչ ոքի չտեսնելով՝ ոսկերիչը ետ դարձավ խանութ ու շարունակեց աշխատանքը: Ուխտավորը նրան կրկին ձայն տվեց, իսկ երբ ոսկերիչը դուրս եկավ, նա ձևացրեց իբր ոչինչ չգիտի: Վարպետը բարկացած ետ եկավ և նորից սկսեց աշխատել: Ուխտավորը երրորդ անգամ ձայն տվեց նրան և երբ վարպետը դուրս ելավ, կրկին մնաց լուռ կանգնած: Այդժամ ոսկերիչը կատաղությամբ նրա վրա հարձակվեց.
- Ինչո՞ւ ես ինձ զուր տեղը կանչում: Այդ ի՞նչ կատակներ են: Ես մինչև կոկորդս աշխատանք ունեմ:
Ուխտավորը խաղաղորեն պատասխանեց.
- Տեր Աստված շատ ավելի գործեր ունի, սակայն դու Նրան ավելի հաճախ ես կանչում, քան ես քեզ: Ո՞վ զայրանալու ավելի շատ պատճառ ունի, դո՞ւ, թե Տեր Աստված:
Ոսկերիչն, ամոթահար, իր խանութը վերադարձավ և այն պահից ի վեր ատամները լեզվի ետևում է պահում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի