Գրքեր

Աստված Իր շնորհը աստիճանաբար է տալիս

- Հա՛յր, ինչո՞ւ է, որ աղոթքի պահին երբեմն ակնհայտորեն զգում ենք շնորհը, իսկ մեկ այլ անգամ ոչինչ չենք զգում:

- Բարեգութ Աստված ժամանակ առ ժամանակ նման օրհնություններ է տալիս մեզ սխրանքի մղելու համար: Ինչպես որ մենք ենք երեխային կոնֆետ տալիս ու ասում. «Եթե քեզ լավ պահես, էլի կստանաս»,- այդպես էլ Աստված է մեզ «կոնֆետներ» տալիս, որպեսզի հասկանանք, թե Նա որքան քաղցր է և ճգնենք՝ Նրան հաճոյանալու և Նրա կողքին լինելու համար:

- Իսկ այն քաղցրությունը, որ մարդ զգում է աղոթքի պահին, դեռևս կրքերից մաքրված չլինելով, կարո՞ղ է ուղղակի զգայական զգացում լինել:

- Սկզբում կարող է և այդպես լինել, սակայն հոգևոր աճին զուգընթաց այն դառնում է պարզորոշ. միրգն էլ, մինչև չհասունանա, թթվաշ ու տտիպ է… Աստված աստիճանաբար է տալիս Իր շնորհը մարդու օգուտի համար, քանի որ եթե նա միանգամից զգա Աստծու շնորհի ամբողջությունը, ապա կարող է և չդիմանալ: Բայց եթե մարդ չհասկանա, որ այդ փոքրն էլ Աստծուց է, և հաստատվի այն համոզման մեջ, թե իբր իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ապա Աստված կվերցնի նրանից այն, ինչ տվել էր, մինչև որ մարդ հասկանա, որ դա ոչ թե իրեն է պատկանում, այլ Աստծուն:

- Հա՛յր, երբեմն ողջ օրը հնազանդություն կատարելուց հետո, երբ վերադառնում եմ խուցս, ուզում եմ ոչ թե հանգստանալ, այլ որևէ հոգևոր բանով զբաղվել:

- Դա հոգևոր պտղաբերություն է: Օգտվի՛ր այդ վիճակներից:

- Իսկ ինչպե՞ս փառաբանեմ Աստծուն այդ ժամանակ:

- Ուղղակի ասա Աստծուն այն, ինչ սրտումդ է: Նման վիճակները Աստծու հպումն են:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

04.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․