13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր և, քո բնությանը հակառակ, բարի ձիթենու վրա պատվաստվեցիր (Հռոմեացիներ 11: 24):
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.
Քրիստոնեական մեծագույն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ խորհենք, թե Աստված ինչպես մեզ վայրի ձիթենուց կտրեց և բարի ձիթենու վրա պատվաստեց. անհավատության սխալ ընթացքից մեզ փրկեց, բարի կյանք պարգևեց ու նորոգեց մեզ փրկության հույսով:
Սիրելինե՛ր, մենք հավատում ենք Աստծուն, ուստի մենք պետք է կատարենք Աստծո պատվիրանները, որ դառնանք ճշմարիտ քրիստոնյաներ: Մենք պետք է ցանկանանք, որ Աստծո խոսքը վերափոխի մեզ, քանի որ ինքներս էլ գիտենք՝ ինչ դժվար է առանց Աստվածային շնորհի փոխել մեր բնավորությունը, մեր կեցվածքը, մեր գաղափարները: Մենք պետք է թույլ տանք, որ մեր միտքը Աստվածային շնորհով մաքրվի խավարային խորհուրդներից ու Աստվածային լույսով շաղախվի: Մեր հոգին մեղքերից մաքրվի և կատարյալ հոգևոր առողջություն ունենա մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Մեր Տերն ասում է. « … Ինչ որ մարդու սրտից է դուրս գալիս, այն է, որ պղծում է մարդուն, որովհետև մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն» (Մարկոս 7: 20-23):
Ուստի՝ մենք պիտի խնդրենք Աստծուն վերափոխել մեզ՝ ըստ Իր կամքի հաճության: Բայց պետք է ամբողջովին մեզ հանձնենք Իր բարերար կամքի տնօրինությանը: Ոչ թե Աստվածաշունչը հարմարեցնենք մեզ, մեր գաղափարներին ու մեր կյանքին, այլ, ընդհակառակը, մենք պիտի լիովին մեր մեջ ընդունենք Աստվածաշնչի պատգամները հոժարակամ և դյուրապատրաստ հնազանդությամբ: Ոչ թե մենք պետք է անվերջ մեր պահանջները Աստծուն ներկայացնենք և քրիստոնեական կյանքը պատկերացնենք անընդհատ և շարունակաբար Աստծո առջև խնդրանքներ դնելը, այլ ցանկություն հայտնենք լսել Նրա խոսքը և Նրա արդարությանը հետամուտ լինենք: Հարկ է, որ թույլ տանք, որ Սուրբ ավազանի մկրտությամբ ստացված Սուրբ Հոգու շնորհները զարդարեն մեր հոգիները, որպեսզի լիակատար դառնա մեր կյանքը:
Քրիստոնեությունը իր քարոզած սիրով, իր ցուցաբերած ուշադրությամբ մեզ օգնում է ապրել Աստվածադիր սկզբունքների համաձայն: Լեռան քարոզով Քրիստոս հինկտակարանյան ճշմարտությունները լրացնում է և օրենքի սահմաններից դուրս է բերում՝ արտահայտելով Աստվածային Իր սերը. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթեոս 5:17): Քրիստոս մեզ չի սահմանափակում ինչ-որ սահմանների մեջ, այլ ազատության ընձեռումով բարին գործելու հնարավորություն է տալիս: Աստծո առջև առ ոչինչ է ձևապաշտությունը. կարևորը ներքին հոգևոր համոզումն է, որ արտահայտվում է սիրով ու բարի գործերով. «Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթեոս 5:20): Քրիստոս սովորեցնում է ճշմարտապես սիրել Աստծուն ու մարդկանց: Քրիստոնեությունը կարևոր է համարում սրտի խորհուրդները: Մեր սրտում եղող սերը մեզ առաջնորդում է մեր քայլերի, գործերի, արարքների ժամանակ, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Կորնթացիներ Ա 13:1-3): Օրվա ավետարանական ընթերցվածքը դարձյալ մի վկայություն է Աստվածային սիրո. Քրիստոս բազմացրեց կերակուրը և տվեց Իրեն հավատացողներին, Իրեն հետևողներին: Եվ այսօր Քրիստոս շարունակում է մեզ հոգևոր սնունդ տալ Սուրբ Գրքի միջոցով:
Աստվածաշունչը մեր լավագույն դասագիրքն է, մենք պետք է ընթերցենք այն՝ այնտեղ փնտրելով մեր հանդիպումը Աստծո հետ: Եվ Աստվածաշնչի շնորհիվ իմանանք Աստծո կամքը և իմանալով էլ կձգտենք կատարել Աստվածային պատվիրանները, և աղոթքով խնդրենք, որ Սուրբ Հոգին բացի մեզ համար Աստվածային ճշմարտությունների իմաստն ու խորհուրդը: Աղոթքով խնդրենք Աստծուց, որ զերծ մնանք չարի որոգայթներից և Աստվածապաշտության մեր կյանքի ընթացքում գործադրենք բոլոր այն բարեպաշտական սովորությունները, որ սովորել ենք մեր եկեղեցու հայրերից: Եվ խնդրենք Տիրոջը, որ մենք երբեք չերկմտենք ու չկասկածենք, այլ անվերապահ հավատքով ու Աստվածային սիրո հանդեպ մեծագույն վստահությամբ ապրենք մեր կյանքը՝ թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր, և մեր կյանքով ու գործով շենացնենք ու զորացնենք մեր հոգու ծննդավայրը՝ մեր սուրբ եկեղեցին:
Ավետարանում Քրիստոս վայեր է հնչեցնում մեղավորների համար և երանիներ Իր խոսքը կատարողների համար, ուստի մեզ անհրաժեշտ է խնդրել Տիրոջից, որ մեր մեղանչական էությունը Իր հոգածությամբ մաքրելով արժանացնի Երկնային Արքայությանը: Անհրաժեշտ է խնդրել Տիրոջից, որ մենք՝ քրիստոնյաներս, գայթակղություն չդառնանք ուրիշների համար. «Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթեոս 18:7): Եվ նաև խնդրենք Տիրոջից, որ գայթակղության մեջ չընկնենք: Ջանանք լինել ճշմարիտ քրիստոնյաներ, որ մեր սրտի լույսը փայլի Աստծո և մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն մեր բարի գործերն ու փառավորեն մեր Հորը, որ երկնքում է (Մատթեոս 5:16):
Սիրելինե՛ր, վաղվանից սկսվում է վարդավառյան պահքը, հոգենորոգումի մի գեղեցիկ շրջան է սկսվում մեզ համար: Աղոթքով, պահքով ու ապաշխարությամբ պատրաստվենք ընդունելու Քրիստոսի սուրբ պայծառակերպությունից բխող լույսը: Աստվածային մաքուր, անաղարտ այդ լույսը օգնում է մեզ տեսնելու մեր սրտի խավար խորհուրդները, լուսավորում է մեր ընթացքը, մաքրում ու սրբում է մեր հոգու աղտերը: Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ ու պահպանությամբ ձեր անխաթար ու անսայթաք ընթացքով արժանանաք Աստվածային լույսի ջերմությանը:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան