13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին… որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծու առաջ (Ա Կորնթ. 1:27, 29):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Կորնթոսի եկեղեցուն ուղղված նամակում սուրբ Պողոս առաքյալը մի շատ գեղեցիկ համեմատություն է անում՝ եկեղեցին զուգադրելով այգու հետ, որը Պողոսը տնկեց, Ապողոսը ջրեց, սակայն Աստվա՛ծ է, որ աճեցրեց: Առաքյալը սա գրում է կորնթացիներին ուղղված առաջին նամակի երրորդ գլխում, սակայն առաջին գլխից իսկ սկսյալ կարմիր թելով տանում է այս շեշտը՝ամենուր հստակ ընդգծելով Արարչի գերակայությունը և մարդու ոչնչությունը Նրա մեծության առջև:
Երբ պատահում է օդանավով որևէ տեղ թռչել, միշտ դրա բարձրությունից ցած եմ նայում և փորձում ընդհանուր բնապատկերի մեջ մարդկային որևէ հետք, որևէ շարժում նշմարել, և սարսռում եմ այն գիտակցումից, թե որքան փոքր, որքան չնչին է մարդը ֆիզիկական տեսանկյունից Երկրագնդի համեմատությամբ: Օդանավի բարձրությունից անգամ մենք չենք երևում, չեն երևում մեր կառուցածներն ու ստեղծածները, էլ չեմ խոսում տիեզերանավի բարձրության մասին: Իսկ երկինքն ու երկիրը Արարողը, այդ ահռելի մեծություններն ու անչափելի խորությունները Ստեղծողը սիրում է մեզ՝ աննշաններիս, հոգ է տանում, խնամում, անթիվ պարգևների արժանացնում, շնորհներով օժտում, ունկնդիր լինում մեր խղճուկ բարբաջանքին ու անվերջ տրտունջներին: Անընդհատ հանում է մեզ մեր իսկ փորած փոսից ու լվանում մեր իսկ աղտոտություններից: Բուժում է, ազատում, փրկում… Իսկ մենք իջնում ենք օդանավից և իսկույն եևթ մոռանում մեր խղճուկությունը: Երկինքը մնում է բարձունքներում, իսկ մենք, սովոր շրջապատում հայտնվելով, կրկին երևակայում ենք, թե երկիրը միայն մեր անձի, մեր «ես»-ի շուրջն է պտտվում:
Կորնթոսի եկեղեցին բացառություն չէր, ինչպես և այսօրվա քրիստոնեական համայնքները: Սուրբ Պողոս առաքյալին լուրեր էին հասել, որ եկեղեցու անդամների միջև լուրջ տարաձայնություններ կային, բացահայտ արատներ, և բաժանումներ էին սկսվել: Ոմանք սկսել էին իրենց վեր դասել մյուսներից, քանի որ անձամբ էին ծանոթ առաքյալներին, մյուսները՝ նրանց ձեռամբ մկրտված լինելու պատճառով, երրորդներն ընդհանրապես պատրանքի մեջ էին հայտնվել մերօրյա աղանդավորների պես՝ հպարտորեն համարելով, որ մկրտությունը կամ եկեղեցու անդամ լինելն արդեն իսկ երաշխավորում է իրենց փրկությունը, այդկերպ իսկ մերժելով Խաչի ու խաչակրության իմաստն ու անհրաժեշտությունը: Եվ երանելի Պողոսը շտապում է բավականին խիստ խոսքով վերջ դնելու այս կործանարար մոլորությանը և նրանց հանելու այդ վտանգավոր կեղծ բարեպաշտությունից, որպեսզի «ընդունայն չլինի Քրիստոսի խաչը» (Ա Կորնթ. 1:17): Եվ տեսեք, թե ինչ խոսքերով է հանդիմանում առաքյալն այն օրերի և այսօրվա Եկեղեցուն՝ խրատելով հեռու մնալ հոգևոր սնափառությունից ու մեծամտությունից. «Արդեն իսկ հագեցած եք և արդեն հարուստ դարձած. թագավոր դարձաք առանց մեզ. և երանի թե թագավորեիք, որպեսզի մենք էլ թագավորեինք ձեզ հետ: Ինձ այնպէս է թվում, թե մեզ՝ առաքյալներիս, Աստված վերջիններ դարձրեց, որպես մահապարտների. որովհետև տեսարան դարձանք աշխարհին և հրեշտակներին ու մարդկանց: Մենք՝ հիմարներ Քրիստոսի պատճառով, և դուք՝ իմաստուններ Քրիստոսով. մենք՝ թույլեր, և դուք՝ հզորներ. դուք՝ փառավորվածներ, և մենք՝ անարգներ: Մինչև այսօր և՛ քաղցած մնացինք, և՛ ծարավեցինք, և՛ մնացինք մերկ, և՛ բռնցքահարվեցինք, և՛ մնացինք անկայան. և չարաչար աշխատեցինք մեր ձեռքերով. նախատում էին մեզ՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, հայհոյում էին՝ աղոթում էինք. առակ-նշավակ եղանք ամբողջ աշխարհին, ջնջոց՝ բոլորի համար մինչև այժմ» (Ա Կորնթ. 4:8-13): Եվ իսկապես, սիրելի՛ հավատացյալներ, երբեմն շապիկ հագնելով, կամ առաջին շարքերում նստելով, ստացած գիտելիքի պատճառով, կամ էլ ոմանցից ավելի երկար ժամանակ եկեղեցի հաճախելով, մեզ այնքան մեծ, կարևոր ու բոլորից խելացի ենք համարում, որ վախենամ թե սուրբ առաքյալներին էլ չզիջեինք հանդիպելու պարագայում… Սակայն նախքան դա տեղի կունենա, սուրբ Պողոսը զգուշացնում է. «Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի: Եթե ձեզնից մեկը կարծում է, թե ինքը իմաստուն է այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իմաստուն դառնա» (Ա Կորնթ. 3:18):
Իմաստուն էին համարվում փարիսեցիներն ու օրենսգետները, սադուկեցիներն ու քահանայապետերը, փիլիսոփաներն ու հին աշխարհի մտածողները, ուսյալ, ունևոր ու բարձր դիրքեր ձբաղեցնող մարդիկ, որոնք, սակայն չճանաչեցին մարդացյալ Քրիստոսին, քանի որ իրենց մտքի, իրենց գիտելիքների աստիճանով էին չափում Խաչյալին, Նրա վարդապետությունը և այնուհետ՝ Խաչի քարոզչությունը: Հզոր էին համարվում կառավարիչները, մեծահարուստները, պաշտոնյաներն ու դատավորները, մարդիկ, որոնք իրենց իրավունք էին վերապահում մարդկային ճակատագրեր որոշելու: Այս բոլորը հպարտորեն կանգնում էին Աստծու առջև և պարծենկոտությամբ մատնացույց անում իրենց գիտելիքներն ու աշխարհիկ իմաստությունը, կարողությունն ու փառքը, դրանով ասես ասելով. «Տե՛ս, թե ինչերի ենք հասել սեփական ուժերով, խելքով ու ճարպկությամբ և Քո ողորմության կարիքը չունենք»: Իսկ հիմարների ու տկարների ցուցակում անուս առաքյալներն էին, աղքատ ու հիվանդ Ղազարոսները, մարդիկ, որոնք, Աստծու առջև կանգնեցին մանուկների պես և Նրան պարզեցին իրենց հոգիները՝ որպես ճերմակ թուղթ ու դատարկ անոթ, որպեսզի Արարի՛չը լցնի դրանք Իր աստվածային իմաստությամբ ու զորությամբ, հարստացնի սիրով ու շնորհով, որպեսզի Նրա ամենախնամ մատը դրանց վրա գրի Իր խոսքը և Իր սուրբ պատկերը դաջի այնտեղ: Մտապահե՛ք սա, սիրելի՛ հավատացյալներ, և ձեր հոգում գործելու տեղ ու իրավունք տվեք Արարչին: Քանի որ ի՞նչ պիտի անի Աստված, եթե Նրան ներկայանում ենք մարդկայինով ու աշխարհիկով բերնեբերան լեցուն հոգիներով և հպարտանում դրանով: Աստված մեզ ստիպողաբար չի մաքրելու մեր սին գաղափարներից ու ախտերից և Իր շնորհներն էլ չի խառնելու դրանց, այլ համբերությամբ սպասում է, որպեսզի ինքներս հրաժարվենք ամեն փուչ ու ժամանակավորից և դիմենք Նրան՝ իսկապես արժեքավորի ու հավիտենականի համար: Որպեսզի օդանավից իջնելուց հետո էլ չմոռանանք մեր ոչնչության մասին և խոնարհաբար ընդունենք ի վերջո, որ անգետ ու հիմար ենք Արարչի անսահման իմաստության առջև, տկար ու անզոր ենք Փառահեղ Արքայի ամենակարողության առջև և որ «Ամեն ինչի կարող եմ [միայն] նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլիպ. 4:13): Ուստի մի՛ ամաչեք ձեր Երկնային Ծնողի առջև մերկ հոգով կանգնելուց, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ Նա միայն կհագցնի ու կզուգի ձեզ առաքինության ու սրբության հանդերձներով և շնորհի պսակով կզարդարի ձեր ճակատը: Մի՛ ամաչեք ձեզ սիրող Հորը խոստովանելուց, որ անզոր եք կրքերի առջև և կրկին պարտվել եք մեղքին, քանի որ Նա միայն կմխիթարի ու կբարձրացնի ձեզ կրկին և Իր հոգևոր սպառազինությամբ կզինի: Միայն այսպես վարվելով է, որ ժամանակին մի բուռ աշակերտները, որ ո՛չ ուսում ունեին, ո՛չ իշխանություն, ոչ էլ հարստություն, Սուրբ Հոգու շնորհով ողջ աշխարհը Գողգոթայի ստորոտում՝ Խաչյալի ոտքերի մոտ հավաքեցին, քանի որ թույլ տվեցին, որպեսզի աստվածային իմաստությունն ու զորությունը գործի իրենցում: Նրանք աշխարհի ուժեղներին ու ազնվատոհմիկներին հակընդդեմ դրեցին իրենց ոգու արիությունն ու ազնվությունը, կրքերը հաղթահարած հոգու խաղաղությունն ու բարոյականությունը: Ինչպես ճգնավորներից մեկն է ասում. «Այս աշխարհի իմաստունները Աստծու հիմարների մեջ տեսնում էին պայծառությունը բոլոր գաղափարների՝ և՛ Աստծու, և՛ աշխարհի, և՛ առավել ևս մարդու վերաբերյալ, թե ինչու է նա ապրում, ինչ է նրան սպասում գերեզմանից անդին և ինչպես անել, որպեսզի այնտեղ գնալ ոչ թե տանջանքների, այլ երանության համար: Նրանք տեսնում էին գաղափարներ, որոնց առջև իրենց սեփականները, որ այդքան դժվարությամբ էին ձեռք բերվել, ոչինչ էին՝ և՛ խղճուկությամբ, և՛ խավարամտությամբ, և՛ անորոշությամբ: Այս ամենը տեսնելով, նրանք չէին կարող իրենց խայտառակված չզգալ: Ուստի թողնում էին ամեն ինչ, հրաժարվում նախկինում արժեքավորից, դարձի գալիս և խոնարհաբար համալրում նրանց շարքերը, որոնց նախկինում ոչինչ էին համարում»: Իսկ եկեղեցական հեղինակներից՝ Թեոդորիտոս Կյուրացին էլ ասում է. «Առաքյալը հիմար ու տկար է կոչում՝ ըստ մարդկային պատկերացումների, քանի որ իսկական հիմարությունը ոչ թե խոսքի մեջ անփորձ լինելն է, այլ հավատ չունենալը, իսկ տկարությունը ոչ թե չքավորությունն է, այլ անպատիվ ու անբարո վարքը: Իսկ Աստված անուսների միջոցով հաղթեց գիտակներին, աղքատների միջոցով՝ հարուստներին, և ձկնորսների միջոցով որսաց ողջ աշխարհը»:
Արդ, չխորշենք Աստծու հիմարն ու տկարը լինելուց, սիրելինե՛ր, քանի որ դա նշանակում է մեծամտորեն չհուսալ միայն սեփական գիտելիքներին և ուժին, չապավինել մարդուն ու ժամանակավորին, այլ ողջ էությունդ խոնարհաբար հանձնել քեզ սիրող, քեզ ու կարիքներդ բոլորից լավ ճանաչող Արարչիդ՝ պատրաստ լինելով հոժարակամորեն ու երախտագիտությամբ ընդունելու այն ամենը, ինչ Տերը կուղարկի: Մի՛ վախեցեք խաչի ճանապարհից, մի՛ ընկճվեք դժվարություններից, մի՛ հուսահատվեք վշտից, քանի որ այդ փրկարար ճանապարհով առաջինը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս անցավ և այն պսակեց հարության հաղթությամբ: Այժմ էլ Նա անցնում է յուրաքանչյուրիս հետ, յուրաքանչյուրիս կողքին, որպեսզի վերջում մեզ ևս պարգևի հարության ցնծությունը, ինչպես որ սուրբ Պողոս առաքյալն էլ է ասում. «Արդ, մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց... պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք. որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն: ….Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացեք, անշա՛րժ եղեք, ամեն ժամ ավելի՛ն եղեք Տիրոջ գործի մեջ. իմացե՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կորնթ. 15:51-58). ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան