Աստվածածնի օգնությունը

Վատոպեդ վանքի ավանդությունը պատմում է, որ 1320թ. հունվարի 21-ին, երբ, ըստ սովորության, վանահայրը պատրաստվում էր վանքի դարպասների բանալիները դռնապան վանականին տալ, Աստվածամոր սրբապատկերը կենդանություն առավ ու բացականչեց. «Վանքի դարպասներն այսօր մի՛ բացեք, այլ բարձրացեք պարիսպների վրա ու վռնդեք ծովահեններին»: Այդ ընթացքում Աստվածամոր գրկում գտնվող մանուկ Հիսուսը փորձում էր ձեռքով փակել Իր Սուրբ Մոր շրթունքները՝ ասելով. «Մի՛ ասա նրանց, Մա՛յր Իմ: Թող ստանան այն, ինչին արժանի են, որովհետև անփութորեն են վերաբերվում իրենց վանական պարտականություններին»: Իսկ Սրբուհի Աստվածածինը, Իր Որդու և Աստծո հանդեպ ունեցած մայրական մեծ անվեհերությամբ, նրբորեն մի կողմ տարավ Քրիստոսի ձեռքն ու երկրորդ անգամ վանահորն ասաց. «Այսօր մի՛ բացեք դարպասները, այլ պատերի վրա բարձրացեք ու ծովահեններին քշեք: Եվ ապաշխարեցե՛ք, քանի որ Որդիս բարկացած է ձեզ վրա»: Եվ երրորդ անգամ էլ նույն զգուշացումը հնչեց սրբապատկերի շուրթերից:

Այս խոսակցությունից հետո Սուրբ Տիրամայրն ու Մանուկ Հիսուսը կրկին անշարժացան սրբապատկերի վրա, բայց արդեն այն դիրքով, որով, որ այսօր տեսնում ենք՝ Աստվածամայրը պահում է Քրիստոսի ձեռքն իր շուրթերից քիչ ցած, նրա գլուխը մի կողմ է շրջված՝ փորձելով խույս տալ նրանից, իսկ դեմքի արտահայտությունն անսահման ներողամտություն, կարեկից սեր ու մայրական քնքշություն է արտահայտում, իսկ Քրիստոսը թեպետ մանուկ է, բայց որպես Դատավոր ահեղ տեսք ունի:

Աստվածածնի նախազգուշացումները լսելով՝ վանականներն շտապեցին դեպի վանքի պարիսպներն ու տեսան, որ ծովահեններն իսկապես շրջապատել են վանքն ու սպասում են, թե երբ են դրա դարպասները բացվելու, որպեսզի ներս խուժեն ու թալանեն այն: Այսպիսով, Աստվածածնի սքանչելի միջամտության շնորհիվ վանքը փրկվեց:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

01.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․