4 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ մենակյացները Եգիպտոսից իջան Սկյութիա: Գնալով ծերերի մոտ` տեսան, որ նրանք երկարաձիգ պահքից հետո արագարագ ուտում էին սովից, և գայթակղվեցին: Եվ երեցն իմանալով այդ` կամեցավ լուսավորել նրանց միտքը, եկեղեցում քարոզեց ժողովրդին և ասաց. «Պահեցողությո՛ւն արեք, եղբայրնե՛ր, և առավել երկարաձգե՛ք ձեր պահքն ու ճգնությունը»: Իսկ եգիպտացի եղբայրները ուզում էին գնալ, սակայն նրանց չարձակեց: Եվ երբ պահեցին առաջին օրը, ցնորվեցին, որովհետև նրանց պատվիրեց երկուական օր պահել, իսկ նրանք, որ բնակվում էին Սկյութիայում, պահում էին ողջ շաբաթը: Եվ երբ եկավ շաբաթը, եգիպտացիները նստեցին ճաշակելու ծերերի հետ, և չափազանց շտապում էին ուտելու հացը: Ծերերից մեկը բռնեց նրանցից մեկի ձեռքը և ասաց. «Հանդա՛րտ կեր, ինչպես մենակյացներին է վայել»: Իսկ նա, ետ մղելով նրա ձեռքը, ասաց. «Թո՛ղ ինձ, սովից մեռնում եմ, քանզի ողջ շաբաթը տաք կերակուր չեմ կերել»: Ծերը նրանց ասաց. «Եթե դուք երկուական օր պահելով այդպես թուլացաք, ինչո՞ւ գայթակղվեցիք եղբայրներից, որոնք մշտապես այսպես երկարաձգում են պահքն ու ճգնությունը»: Այնժամ եգիպտացիներն ընկան նրանց առաջ և թողություն խնդրեցին, ապա ուրախությամբ լցված` գնացին իրենց սենյակները` նորոգված և հաստատված Աստծո կամքով:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016