Գնաց մի անգամ օտար մեկը Սինա լեռը` հայր Սյուղիանոսի մոտ, և տեսավ, որ աշխատում էին, ծերին ասաց. «Այս կորստական կերակրով մի՛ զբաղվեք, որովհետև Մարիամը բարի մասն ընտրեց» (Ղուկ. Ժ 42): Ծերն իր աշակերտին ասաց. «Զաքարիա՛, տո՛ւր եղբորը Սբ. Գիրքը և տա՛ր մի սենյակ, ուր ոչինչ չլինի»: Արդ, երբ եղավ ժամը ինն, եկվոր եղբայրը նայում էր ճանապարհին՝ ակնկալելով, թե իր հետևից մարդ կուղարկեն, որ ճաշելու հրավիրի: Երբ չեկան, վեր կացավ, գնաց ծերի մոտ և հարցրեց. «Եղբայրներն այսօր ճաշակեցի՞ն, հա՛յր»: Եվ ծերը նրան ասաց. «Այո՛, սակայն դու հոգևոր մարդ ես և այս կերակուրների կարիքը չունես, իսկ մենք մարմնավոր ենք, դրա համար էլ կամենում ենք կերակրվել, ինչի համար և՛ աշխատում ենք: Դու բարի մասն ընտրեցիր և ամբողջ օրը կարդում ես և կամենում ես մարմնավո՞ր կերակուր ճաշակել»: Երբ լսեց այս, ընկավ նրա առաջ և ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ»: Ծերը նրան ասաց. «Ապա ուրեմն` Մարիամը Մարթայի կարիքն ունի, որովհետև Մարթայով գովաբանվեց Մարիամը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016