«Գթասրտությունն այնպիսի առաքինություն է, որի շնորհիվ մարդն իր մեջ եղած սերը փոխանցում է ուրիշներին, ովքեր կապված չեն իր հետ ո՛չ ընկերային և ո՛չ բարեկամական կապերով, որոնց առջև ինքը չունի ոչ մի պարտավորվածություն և որոնցից հույս էլ չունի որևէ ակնկալիքի»,- ասել է անգլիացի փիլիսոփա, երգիծաբան և տնտեսագետ Բեռնարդ Մանդեվիլը (1670-1733 թթ.):
Վերոնշյալ խոսքի համաձայն՝ սերն իր շուրջն է միավորում Աստծո մեծ ընտանիքի անդամներին: Աստվածային սիրո մեջ ամրանալով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի իրագործմամբ փորձում է հնարավորինս աջակից լինել ի Քրիստոս իր եղբայրներին և քույրերին: Հերթական աջակցությունն ստացավ Կիրակոսյան Գագիկը (55 տ.), ում Տեր Գրիգորը հունվարի 14-ին հանձնեց սննդի փաթեթ՝ գնված մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ: Գագիկն իր քրոջ՝ 67-ամյա Թամարա Կիրակոսյանի հետ բնակվում է Չուխաջյան փողոցի 55 հասցեում: Նա որպես հսկիչ է աշխատում և իր աշխատավարձի ու Թամարային տրվող թոշակի գումարներով Կիրակոսյան ընտանիքը փորձում է հոգալ իր նվազագույն կարիքները: Գագիկն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից:
Որպես Աստծո ընտանիքի հարազատ անդամներ և սիրելի որդիներ, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, նմանվե՛նք Աստծուն, շարժվենք Նրա սիրով, ինչպես որ Քրիստոսը սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ (Եփեսացիներ 5:1):
Կարինե Սուգիկյան