«Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը»

Բարի նպատակով արված ջանքն ու աշխատանքը միավորում, ջերմացնում, առաքինացնում և զվարթացնում է մարդկանց: Դեռևս քրիստոնեության հիմնադրման առաջին իսկ օրերից կարևորվում էր համայնքային կյանքում մեկ սիրտ և մեկ հոգի լինելը: Երբ համայնքում յուրաքանչյուրն իր կարողության չափով փորձում էր օգտակար լինել այն անձանց, ովքեր կարիքի մեջ էին: Ուրախություն էին ապրում և՛ տվողները, և՛ ստացողները, բոլորը վայելում էին Աստծո մեծ շնորհը:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն իր կարողության չափով հաճախակի միավորվում է ծերերին օգնելու նպատակի շուրջ: Տիկնանց միության անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ պարբերաբար այցելում են Երևանի N 1 տուն-ինտերնատի անկողնային հիվանդների խնամքի բաժանմունքի թվով վաթսունհինգ ծերերի:

Մինչ այցելությունը, տիկնանց միության անդամներին առիթ է ընձեռնվում վայելելու միասնական աշխատանքի բարի պտուղները: Նրանք մեծ սիրով լծվում են գործի. որոշվում է, թե ի՞նչ ուտեստներ են պատրաստելու, գնումներ են կատարում և անցնում պատրաստման աշխատանքին: Տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ ամեն անգամ այս ծառայությանը մասնակցել ցանկացողների թիվը ավելանում է: Իսկ երբ ամեն ինչ պատրաստ է, նրանք շտապում են սիրո բնական պտուղներին՝ աղոթքին, ուշադրությանը, զրույցին, մխիթարությանն ու հոգատարությանը բաժնեկից դարձնել ծերերին:

Սուրբ Գիրքը հորդորում է. «Մի՛ հապաղիր հիվանդին տեսության գնալ, և դա շնորհ կհամարվի քեզ համար» (Սիրաքի իմաստություն 7:39):

Մինչ ծերանոցի ծերերին սնունդը բաժանելը Տեր Գրիգորը բժշկության աղոթք է կատարում ծերերի համար, տիկնանց միության մյուս անդամները զրույցներ են ունենում նրանց հետ: Ամեն այցելություն յուրաքանչյուր ծերի համար ուրախություն է և մխիթարություն:

Աստված սեր է: Այդ սերը հոգ է տանում և ծառայում է ողջ արարչությանը: «Աստվածային սեր ունեցողը միայն ինքն իր մասին չի մտածում» (Ա Կորնթացիներ 13:5): Եվ Աստծուն նմանվել ցանկացողները չեն կարող չնկատել, չօգնել և չծառայել կարիքի մեջ գտնվողին, ով նույնպես կրում է իր մեջ Աստծո պատկերը:

«Ուրախ լինել Աստծով նշանակում է. սիրել, ինչպես Նա է սիրում, օգնել, ինչպես Նա է օգնում, տալ, ինչպես Նա է տալիս, ծառայել, ինչպես Նա է ծառայում» (Մայր Թերեզա):

 

Կարինե Սուգիկյան

19.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․