Ավետման տոնի քարոզ

Ավետման տոնի քարոզ | Avetman Toni Qaroz

Եւ յայտնի արասցէ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց։ Եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուածոյ մերոյ։         

Տերն Իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը (Եսայի 52։10)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր Ավետման տոնն է։ Այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետեց Սուրբ Մարիամ Աստվածածնին, որ նա կհղիանա և Աստծու Որդուն կծնի։

Նախորդ կիրակի Գալստյան կիրակին էր։ Աստծու Որդին եկավ աշխարհ մեզ համար, մեզ՝ արդար ու սիրով ապրել սովորեցնելու համար, մեր մեղավոր հոգիներն ու մարմինները բժշկելու համար, մեզ համար զոհաբերվելու, որպեսզի մեր մեղքերը ներվեն։ Նա եկավ, որպեսզի փոխի թե՛ մեր սրտերը և թե՛ մեր մարդկային փոխհարաբերությունները։ Նա եկավ, որ Ադամի ու Եվայի անհնազանդությունը փոխի հնազանդության և խոնարհության։ Եվ այդ հատկանիշների առաջին մարմնավորումը եղավ Սուրբ Կույսը։ Եթե Ադամն ու Եվան կերան ծառի պտղից ու պատժվեցին, ապա մենք Քրիստոսով պիտի ըմբոշխնենք հնազանդության և խոնարհության քաղցր պտուղները։ Հիսուս Քրիստոս ցանկանում է, որ մեր ներսում Կայենի չարությունը տեղ չունենա, և Կայենը ի զորու չլինի սպանելու մեր մեջ եղած Աբելին։ Այդպես և մարդկանց մեջ Կայենը չնախանձի Աբելին, չչարանա, չբարկանա ու սպանություն չգործի, այլ Աբելի պես սիրի Աստծուն և խոնարհաբար ծառայի Նրան։ Եթե մեր սրտերից չի վերացել Կայենի ատելությունը Աբելի նկատմամբ, ուրեմն մենք խաբում ենք ինքներս մեզ, և մեր սրտերում դեռևս չի թագավորում Քրիստոսի սերը։

Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ, որ մենք Աստծու լույսով ապրենք, իսկ մենք, չհրաժարվելով մեր մեղքերից, ցանկանում ենք, որ խավարը հեռանա մեր կյանքից։ Աստծու լույսը ծագում է մեզ՝ մեղքի մեջ գտնվողներիս վրա։ Նա մեզ Ղազարոսի նման կանչում է մահվան աշխարհից։ Ուրեմն հայացքներս հառենք այդ Լույսին, որպեսզի իսկապես զգանք Գաբրիել հրեշտակապետի հայտնած ավետիսի բերկրանքը, զգանք Քրիստոսի պարգևած բժշկությունը, Նրա պատվիրանների կատարման բարերար ազդեցությունը մեր կյանքում, զգանք Նրա իրական ներկայությունն ու ուղեկցությունը։ Այս աշխարհը հրեշտակի ավետիսի լուրը միգուցե լսում է և դեռևս մեծ շուքով նշում տերունական տոները, սակայն Քրիստոսի պատվիրանների առաջ խցել է իր ականջները և ապրում է իր բարոյական արժեքներով ու պատկերացումներով։ Մարդիկ հեռացնում են Աստծուն իրենցից իրենց սրտերի հպարտությամբ, ամբարտավանությամբ, չարությամբ, անտարբերությամբ, ծուլությամբ, իրենց գաղափարներով։ Սխալ է Աստծուն հիշել միայն կարիքի ու նեղության մեջ։ Աստված մեզ կյանք է պարգևել, ուստի Աստծու հետ էլ պիտի ընթանա մեր կյանքը։ Թող Սուրբ Աստվածամայրը բարեխոս լինի, որ Տերը գա ու բնակվի մեր հոգիներում, մեր ընտանիքներում, մեր երկրում։ 

Սիրելինե՛ր, Սուրբ Մարիամը իր էությամբ ու առաքելությամբ անկրկնելի է մարդկության պատմության մեջ։ Սակայն նրա կերպարը ոգեշնչող է մեր հոգիների վերափոխության և մեր կյանքի առաքելության համար։ Մենք ենք որոշում՝ մեր կյանքն իմաստավորենք մեր տեղում, թե՞ օրերը պարզապես գլորենք ապրելու համար։ Եթե ինչ-որ տեղ ընկճված ենք, հիասթափված ենք, կոտրված ենք, կյանքը բարդ է թվում մեզ իր հոգսերով ու խնդիրներով, ապա Ավետման տոնը թող մեր հոգիները լցնի հավատով ու հույսով։ Թող Աստվածամոր կերպարը դրդի մեզ հավատարիմ մնալ Աստծուն։  

Առջևում Ծաղկազարդի կիրակին է։ Մանուկների անկեղծ ու մաքուր սրտով ու ուրախությամբ մեր հոգիներում ընդունենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Տերն իր հետ սեր է բերում և սիրով լցնում մեր սրտերը, հեռու է վանում ատելությունն ու թշնամանքը։ Մեր սրտերի օտարությունը փոխարինվում է սիրո շղթաներով։ Սուրբ Կույսի բարեխոսությամբ թող Տերը պարգևի մեզ խաղաղություն ու սեր, հաշտություն ու համերաշխություն։

Աստվածածնի խոնարհությունը թող մեզ խորհելու առիթ դառնա, որ Աստծուն ընդունենք ուրախ սրտով, Նրա պատվիրանները կյանքի կոչելու հաստատ որոշումով, և պատրաստակամությամբ։ Թող այս տոնը առիթ դառնա Աստծու հետ մեր կյանքն ու հոգին ամուր կապելու համար։ Մենք կարող ենք այս օրերին ուրախանալ, բայց հաջորդ օրերին մեր մեղքերով խաչենք Տիրոջը, ինչպես արեցին Երուսաղեմում հրեաները։ Այսօրվա տոնական ուրախությունը, որ բխում է Աստվածամոր  հնազանդությունից, անչափ պարտավորեցնող է։ Այն պիտի մնան մեր մեջ և դառնա մեր էությունը։ Ճշմարիտ քրիստոնեությունը անկեղծություն է, հաստատակամություն և կեղծիք չի հանդուրժում։ Հետևաբար Սուրբ Կույսի էությունը պիտի ոգեշնչի մեզ, որ մենք ևս հաստատուն լինենք մեր ընտրած քրիստոնեական արժեքների ուղու վրա։  Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Աստծու սերը և օրհնությունը թող հարատևի մեր կյանքում։ Մեր մայրերին ու քույրերին շնորհավորելով՝ մաղթենք, որ Աստծով լցվեն, Աստծով հաղորդվեն և զորանան բարին արարելու որոշման մեջ։ 

Սիրելինե՛ր, մենք նույնպես Աստվածածնի նման մեր հոգիները պիտի խոնարհեցնենք Աստծու առաջ, որպեսզի Նա գա և բնակվի մեր մեջ։ Այսօր մայրության օրհնության օրն է, և Վեհափառ հայրապետի տնօրինությամբ ամեն տարի այս օրը կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ։ Մեծ պատասխանատվություն է մանուկների քրիստոնեական դաստիարակությունը, որը վստահված է մայրերին։ Աստվածաշնչյան պատգամներով կրթելուց բացի՝ այլ վստահելի ճանապարհ չկա մեր զավակների համար։ Մաղթում ենք բոլոր մայրերին Սուրբ Կույսի բարեխոսությամբ ընթանալ, պատասխանատվությամբ մոտենալ որդեծնությանը, սովորեցնել նրանց Երուսաղեմի մանուկների ուրախությամբ ընդունել և հավատալ Հիսուս Քրիստոսին և հասնել Աստվածահաճո առաքինությունների։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։  

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

07.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․