28 Նոյեմբեր, Եշ
ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, փետրվարի 16-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը` հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նազարբեկյան 48 հասցեում ապրող նախկին ազատամարտիկ՝ 57-ամյա Էդուարդ Սմբատյանի ընտանիք: Վերջինս 2-րդ կարգի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մարտնչել է «Աղբյուր Սերոբ» ջոկատի կազմում, ապա՝ դարձել իր իսկ հիմնած «Սեդրակ Ջալալյան»-ի անվան գումարտակի հրամանատարը: 1993 թ-ին վիրավորվել է և երկու վիրահատություններ է ունեցել: Նախկին ազատամարտիկ Էդուարդ Սմբատյանն՝ իր տղայի, հարսի և թոռնիկի հետ, ժամանակավոր բնակություն է հաստատել կիսակառույց շենքի 3-րդ հարկում, իսկ 9-րդ հարկի այն բնակարանը, որ տրամադրել են իրենց, դեռ կառուցված չէ: Ընտանիքում միակ աշխատողը Էդուարդ Սմբատյանի որդին է՝ 35-ամյա Հրաչը, ով այժմ ի վիճակի չէ աշխատելու առողջական խնդիրների պատճառով. անցյալ տարի դեկտեմբերի 1-ին թոքի վիրահատություն է ունեցել:
Տեր Գրիգորն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց, ապա հանձնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթները և դրամական օգնությունը:
Ճշմարիտ սերը գործով արտահայտողներն Աստծո որդիներ են, ովքեր, գործադրելով միմյանց սիրելու պատվիրանը, միացած են մնում Աստծուն, և Աստված էլ՝ նրանց (Ա Հովհաննես 3:24):
Կարինե Սուգիկյան