Այլափառների հետ խառնամուսնութեան խնդիրը

Մեր ժամանակների զանգուածային արտագաղթի պայմաններում միջէթնիկ, միջմշակութային եւ միջկրօնական խառնամուսնութեան խնդիրն աւելի քան երբեւէ շոշափելի է եւ արդիական։ Քրիստոսի Եկեղեցին այսօր գտնւում է բազմազան մարտահրաւէրների առաջ, որոնցից ծագում են մի շարք խնդիրներ, որոնք կրում են ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ աշխարհիկ բնոյթ։ Դրանցից մէկն էլ հաւատացեալ եւ եկեղեցացած մարդու՝ այլափառի[1] հետ ամուսնանալու խնդիրն է: Այս հարցը, որ հաւասարապէս վերաբերում է ե՛ւ կնոջը, ե՛ւ տղամարդուն, այսօր երիտասարդների մէջ մեծ հետաքրքրութիւն է առաջացնում։ Փորձենք այս ամէնը հասկանալ աստուածաշնչական եւ հայրաբանական ուսուցումների տեսանկիւնից։

Ցաւօք, իրականում յաճախ է պատահում, երբ հաւատացեալ կինը կամ տղամարդը, այլափառի հետ ամուսնանալով, շուտով աշխարհիկանում է, քանի որ փրկութեան եռանդն ու նախանձախնդրութիւնը պարզապէս փոխարինւում են յարմարուողութեամբ եւ որոշ դէպքերում էլ ուղղակի հաւատալքութեամբ։ Առաջանում են յուսահատութիւն, ուխտադրժութիւն եւ ի վերջոյ հաւատուրացութիւն։ Որքա՜ն աղջիկներ կան այսօր, որոնք ուղղակի ընդունում են այլափառութիւնը։ Եւ հակառակ օրինակներ մենք գրեթէ չենք տեսնում: Եկեղեցական ծառայութիւնների փոխարէն այսպիսիներն սկսում են այցելել տարբեր զուարճալի վայրեր, միայն թէ հաճելի լինեն իրենց ամուսնուն կամ կնոջը։ Նման ծնողների երեխաներն էլ աճում են անհաւատ միջավայրում: Սակայն պէտք չէ կարծել, թէ այս ամէնը միայն այսօրուայ անբարոյական դարի արդիւնքն են։ Ինչո՞ւ են դրանք տեղի ունենում: Ինչո՞ւ է այլափառների հետ խառնամուսնութիւնը յանգեցնում նման աղետալի հետեւանքների։

Դեռեւս «Առաքելական կանոններ»-ում նշւում է. «Կարգեցին առաքեալները եւ դրեցին հաստատութեամբ, թէ ինչպէս սկզբից Աստուած ամուսնութեամբ զուգել էր տղամարդուն ու կնոջը, դարձրել միմեանց օգնական եւ օրհնել նրանց, նոյնպէս եւ սահմանուած ու հաստատուած է առաքելական հրամանը՝ նոյն սրբութեամբ միաւորել ամուսնութիւնը՝ օրէնքով ու քահանայութեան աջի օրհնութեամբ զարդարուն։ Եւ ինչպէս որ Արարիչ Աստուած պատուիրեց Մովսէսին, թէ՝ «Պատուիրի՛ր Իսրայէլի որդիներին, Ես եմ ձեր Տէր Աստուածը, եւ դուք իմ պատուիրանների մէջ զգոյշ մնացէք եւ եգիպտացիների կրօնի ետեւից մի՛ գնացէք, որտեղից որ դուրս էք եկել, եւ քանանացիների ընթացքի նման գործեր չգործէք»[2]։ Երրորդ դարում սբ. Կիպրիանոսը գրել է, թէ մեծ քանակով հաւատուրացութեան պատճառն այն է, որ «ամուսնական դաշինքներ են կնքւում անհաւատների հետ… Քրիստոսի անդամներին առաջարկում են հեթանոսներին»[3]։

Աստծու Խօսքը, հակառակ շատերի կարծիքին, միանշանակ դատապարտում է խառնամուսնութիւնը ուղղադաւան քրիստոնեաների եւ այլափառների միջեւ։ Աստուածաշնչից յայտնի է, թէ Աստուած Իր հաւատարիմներին մարդկային գրեթէ ամբողջ պատմութեան ընթացքում զգուշացնում է, որ չխառնուեն նրանց հետ, ովքեր արհամարհում են ու չեն կատարում Իր կամքը: Արդէն աշխարհի ստեղծման սկզբին տեղի ունեցաւ ջրհեղեղի մեծագոյն աղետը, որ պայմանաւորուած էր այն բանով, որ «Աստծու որդիները[4], տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին։ Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են»» (Ծննդ. 6, 2-3): Աւանդական մեկնաբանութիւններն ասում են, թէ Աստծու այդ որդիները Տիրոջ հաւատարիմ Սէթի սերնդից են, իսկ մարդկանց դուստրերը՝ քանանացիներն են։ Այդ երկուսի խառնակութիւնը նաեւ հին աշխարհի կործանման պատճառը դարձաւ։ Չմոռանալով ու յիշելով այս սարսափելի իրադարձութիւնը՝ հաւատքի հայր Աբրահամը պահանջում է, որ իր ծառան երդում տայ Աստծու անունով, որ նա իր որդի Իսահակի[5] համար քանանացի դուստրերից կին չվերցնի, քանի որ նրանք չէին պաշտում ճշմարիտ Աստծուն. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ եւ քեզ երդուեցնեմ Տիրոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակւում ես), այլ կը գնաս այն երկիրը, որտեղ ծնուել եմ՝ իմ տունը, եւ այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կ՚առնես» (Ծննդ. 24, 2-4): Իսահակն իր հերթին արգելեց Յակոբին կին առնել քանանացիների դուստրերից. «Իսահակը կանչեց Յակոբին, օրհնեց նրան ու պատուիրեց՝ ասելով. «Քանանացիների դուստրերից կին չառնես։ Գնա՛ Ասորիների Միջագետք, քո մօր հօր՝ Բաթուէլի տունը, եւ այնտեղից քո մօրեղբայր Լաբանի դուստրերից քեզ կին ա՛ռ։ Իմ Աստուածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, բազում ժողովուրդների նախահայր լինես։ Նա քեզ եւ քեզնից յետոյ գալիք քո սերունդներին թող տայ իմ հայր Աբրահամի օրհնութիւնը, որպէսզի ժառանգես քո պանդխտութեան երկիրը, որ Աստուած տուել էր Աբրահամին… Յակոբն էլ, անսալով իր հօր ու մօր խօսքերին, գնացել էր Ասորիների Միջագետք, համոզուեց, որ քանանացիների դուստրերը իր հայր Իսահակի աչքին հաճոյ չեն, ուստի գնաց Իսմայէլի մօտ եւ ի յաւելումն իր ունեցած կանանց՝ կին առաւ նաեւ Աբրահամի որդի Իսմայէլի դուստր Մայելէթին՝ Նաբէութի քրոջը» (Ծննդ. 28, 2-9)։

Այն բանից յետոյ, երբ Աստուած Իր ընտրած ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսից եւ ուխտ կնքեց նրա հետ, ամբողջութեամբ արգելեց խառնամուսնութիւնները հեթանոս ժողովուրդների հետ, որոնք շրջապատում էին Իսրայէլին. «Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես։ Նրանք քո երկրում պիտի չբնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կը լինեն քեզ համար» (Ելք 23, 32-33): Նաեւ՝ «Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու։ Չլինի թէ գայթակղուէք» (Ելք 34, 12): Աստծու մտահոգութիւններն անհնազանդութեան ու խառնամուսնութեան աւերիչ հետեւանքների մասին բազմիցս ներկայացուած են Հին Կտակարանի վկայութիւններում։ Այն, ինչին Իսրայէլի թշնամի՝ Մովաբի արքայ Բաղակը չէր կարող հասնել իսրայէլացիների դէմ Բաղաամի ուղղակի անէծքի միջոցով (տե՛ս Թուեր 22-24), կարողանում է հեշտութեամբ հասնել իսրայէլացիների եւ մովաբացիների միջեւ խառնամուսնութիւնների միջոցով (տե՛ս Թուեր 25, 1-6) մինչեւ որ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսն իր գործողութեամբ վերացնում է իսրայէլացիների նկատմամբ ունեցած Աստծու զայրոյթն ու դադարեցնում իսրայէլացիների կոտորածը (տե՛ս Թուեր 25, 7-8)։ Նաւէի որդի Յեսուի մահից յետոյ Իսրայէլի ժողովուրդները իրենց խառնամուսնութիւններով չարիք գործեցին Աստծու դէմ։ Սրա հետեւանքը եղաւ այն, որ նրանք մոռացան Աստծու պատուիրանները, բնակուեցին ու խառնուեցին հեթանոս օտար ազգերին՝ քանանացիներին, քետացիներին, ամորհացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացիներին ու սկսեցին պաշտել նրանց չաստուածներին ու կուռքերին. «Նրանց աղջիկներին իրենց համար կին առան եւ իրենց աղջիկներին տուին նրանց տղաներին, պաշտեցին նրանց չաստուածներին։ Իսրայէլացիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տէր Աստծուն եւ պաշտեցին Բահաղին ու անտառները։ Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքայ Քուսարսաթեմի ձեռքը, եւ իսրայէլացիները նրան ծառայեցին ութ տարի» (Դատ. 3, 6-8): Իսկ Սողոմոնը, որ բոլոր մարդկանցից առաւել իմաստուն էր (Գ. Թագ. 4, 29-34), չկարողացաւ դիմակայել այլ ազգերին պատկանող բազմաթիւ օտար կանանց կործանարար ազդեցութեանը. «Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնութեան առաւ շատ օտար կանանց. փարաւոնի աղջկան, սովաբացի, ամոնացի, եդոմայեցի, ասորի, քետացի, ամորհացի եւ այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանանց, որոնց մասին Տէրն ասել էր իսրայէլացիներին. «Չխառնուէ՛ք նրանց հետ, նրանք էլ թող չխառնուեն ձեզ հետ, որպէսզի չլինի, թէ ձեր սրտերը մոլորեցնեն իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը յարեց նրանց՝ սէր տածելով։ Նա եօթը հարիւր կին եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը» (Գ. Թագ. 11, 4-11):

Նոյնպէս Եսաւին մերժելու պատճառներից մէկն էլ այն փաստն էր, որ նա քետացի կանայք առաւ, Յուդիթին եւ Մասեմաթին, «որոնք վշտացնում էին Իսահակին եւ Ռեբեկային» (Ծննդ. 26, 34-35): Ռեբեկան Իսահակին նոյնիսկ ասաց. «Յոգնել եմ Քետի ցեղի դուստրերից։ Եթէ Յակոբը կին առնի Քետի ցեղի դուստրերից՝ ա՛յս երկրի դուստրերից, էլ ինչո՞ւ եմ ապրում ես» (Ծննդ. 27, 46): Խառնամուսնութեան՝ Աստծու անմիջական արգելքը հեթանոս ազգերի հետ՝ որպէս գրաւոր կանոն, արձանագրուած է Աստուածաշնչի «Ելք» գրքում։ «Չլինի, թէ ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան, զոհեր մատուցեն նրանց աստուածներին եւ նրանց հրաւէրն ընդունելով՝ չլինի, թէ դու էլ ուտես նրանց զոհաբերած անասունների մսից, քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնութեան տաս նրանց տղաներին, քո դուստրերը նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու պոռնկացնեն նաեւ քո՛ տղաներին՝ աստուածներին պաշտամունք մատուցելով» (Ելք 34, 15-16): Աստուած այս արգելքի մասին Իր ժողովրդին յիշեցնում է նախքան Աւետեաց երկիր մուտք գործելը. «Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես։ Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, որովհետեւ քո որդուն իմ դէմ կ՚ապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կը կոտորի ձեզ» (Երկ. Օր. 7, 2-4): Եւ իսկապէս, խառնամուսնութեան այս սպառնալիքը վրայ է հասնում նրանց, ովքեր խախտում են Տիրոջ ուխտը։ «Մովաբացի կանայք իսրայէլացիներին հրաւիրեցին իրենց կուռքերի պատուին զոհ մատուցելու ծէսին։ Իսրայէլացիները կերան մովաբացիների մատուցած զոհերից եւ երկրպագեցին նրանց կուռքերին… Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսը, տեսնելով դա, վեր կացաւ ժողովրդի միջից եւ իր ձեռքն առնելով տէգը՝ այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից։ Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը։ Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ։ Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Փենեէսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, վերացրեց իսրայէլացիների նկատմամբ ունեցած իմ զայրոյթը, քանի որ նա նրանց նկատմամբ նոյնքան անհաշտ էր, որքան ես։ Եւ ես իսրայէլացիներին իմ բարկութեամբ չոչնչացրի»» (Թուեր 25)։ Դեռեւս սկսած Բէլփեգորին յարած իսրայէլացիների սարսափելի այս կոտորածից, երբ քսանչորս հազար մարդ մեռաւ (տե՛ս Թուեր 25), եւ յետոյ դատաւորների կառավարման ժամանակ, երբ Սամսոնը մեռաւ մի փղշտացի կնոջ՝ Դալիլայի պատճառով՝ այլ ազգերին մատնուելով (տե՛ս Դատ. 16), ու մինչեւ իմաստուն Սողոմոն թագաւորի անկումը, ում սիրտը գայթակղեցրին այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանայք (տե՛ս Գ. Թագ. 11, 3), շարունակւում է խառնամուսնութեանը վերաբերող Աստծու պատուիրանի գործադրման այս պայքարը: Աստուած անմիջապէս պատժում էր նրանց, ովքեր խախտում էին Իր հրամանը: Այս պատուիրանը յատկապէս կարեւոր էր Էզրայի եւ Նէեմիի համար, ովքեր պայքարում էին, որ ընտրուած ժողովուրդը չխառնուի անհաւատ այլազգիների կամ օտարերկրացիների հետ: Նէեմին այսպիսի խառնամուսնութիւններն ուղղակիօրէն կոչում է «մեծ չարիք» եւ «մեղանչում Աստծու առաջ»: Նէեմիի շուրթերով Աստուած զգուշացնում է. «Արդ, չլսե՛մ, թէ ձեզանից մէկն այսպիսի մեծ չարիք գործի՝ Աստծու առջեւ մեղանչի եւ այլազգի կին առնի» (Նէեմ. 13, 27)։ Իսկ Եզրաս քահանան՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչը, այդպիսի խառնամուսնութիւնը «մեղք» է անուանում։ Նա յայտարարում է. «Դուք մեղք էք գործել, կին էք առել այլազգիների աղջիկներից եւ անօրէնութիւն էք աւելացրել Իսրայէլի վրայ։ Արդ, խոստովանեցէ՛ք եւ փա՛ռք տուէք մեր հայրերի Տէր Աստծուն, կատարեցէ՛ք նրա կամքը, զատուեցէ՛ք եւ բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ ձեր այլազգի կանանցից» (Ա. Եզր. 9, 7-9):

Իւրաքանչիւր դէպքում այս արգելքի մասին Աստուած բացատրում է, թէ այլակրօն ու հեթանոս ազգերի հետ խառնամուսնութիւնը սպառնում է նրանով, որ ընտրեալ ժողովուրդը կը հեռանայ ճշմարիտ Աստծուն երկրպագելուց ու կը սկսի երկրպագել հեթանոս չաստուածներին։ Այդկերպ նա Աստծուց կը ստանայ իր արդար պատիժը. «Շա՛տ զգոյշ եղէք ձեր նկատմամբ, որ սիրէք ձեր Տէր Աստծուն։ Իսկ եթէ ետ դառնաք, ձեր մէջ մնացած ազգերին յարէք, նրանց հետ խնամութիւն անէք, խառնակուէք նրանց հետ, եւ նրանք էլ ձեզ հետ, իմացած եղէք, որ Տէրն այլեւս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, եւ նրանք ձեզ համար որոգայթ ու գայթակղութիւն կը լինեն, խոչընդոտ՝ ձեր գարշապարների համար եւ նետեր՝ ձեր աչքերի համար, մինչեւ որ կորչէք այս բարի երկրից, որ տուեց ձեզ ձեր Տէր Աստուածը» (Յես. 23, 11-13)։ Մաղաքիա մարգարէն նոյնպէս յայտարարում է. «Յուդան նենգութիւն արեց։ Լքուեց Յուդայի երկիրը, գարշելի բաներ արուեցին Իսրայէլում եւ Երուսաղէմում, որովհետեւ Յուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբութիւնները նրանց ձեռքով, ում սիրեց, եւ յարեց օտար աստուածներին[6]։ Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կ՚անի, մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից» (Մաղ. 2, 11-12):

Աստուածաշունչը սովորեցնում է, թէ խառնամուսնութիւնը ոչ թէ այլափառին է մօտեցնում Աստծու սիրոյն, այլ հակառակը՝ հաւատացեալն է գայթակղւում եւ հեռանում Աստծուց. «Շա՛տ զգոյշ եղէք ձեր նկատմամբ, որ սիրէք ձեր Տէր Աստծուն։ Իսկ եթէ ետ դառնաք, ձեր մէջ մնացած ազգերին յարէք, նրանց հետ խնամութիւն անէք, խառնակուէք նրանց հետ, եւ նրանք էլ ձեզ հետ, իմացած եղէք, որ Տէրն այլեւս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, եւ նրանք ձեզ համար որոգայթ եւ գայթակղութիւն կը լինեն, խոչընդոտ՝ ձեր գարշապարների համար եւ նետեր՝ ձեր աչքերի համար, մինչեւ որ կորչէք այս բարի երկրից, որ տուեց ձեզ ձեր Տէր Աստուածը» (Յեսու 23, 11-13)։

Խառնամուսնութեան արգելքը հոգեւոր եւ կրօնական անհամատեղելիութեան հարց էր, այլ ոչ թէ ազգային կամ ռասսայական տարբերութիւնների խնդիր։ Այս պատուիրանը որեւէ կերպ կապւած չէ արիւնակցական մաքրութեան հասկացողութեան հետ։ Այլազգերին պատկանող հեթանոսները, ընդունելով հաւատն առ ճշմարիտ Աստուած, կարող էին լիովին ներգրաւուել հրէական հասարակութեան մէջ։ Կային բացառութիւններ։ Օրինակ՝ Մովսէսի եթովպուհի կինը՝ Սեփորան, Հռաքաբն ու մովաբացի Հռութը, ովքեր հրաժարուեցին ու լքեցին կեղծ չաստուածներին, ոչ միայն ընտրեալ ժողովրդի անդամները դարձան, այլեւ յիշւում են Տէր Յիսուս Քրիստոսի նախնիների ազգաբանութեան մէջ (տե՛ս Մատթ. 1, 5; Եբր. 11, 31): Կարելի է յիշել Յովսէփին, որի մասին գրուած է, թէ փարաւոնը Յովսէփին կնութեան տուեց քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթին (Ծննդ. 41, 45)։ Իսկ Եսթերը հեթանոս Արտաշէս թագաւորի կինը դարձաւ (Եսթ. 2, 1-18)։ Արդեօք կարո՞ղ են նրանք ընդհանուր օրէնքից բացառութիւն լինել։ Ոմանք խօսելով, «յաջողուած» խառնամուսնութիւնների մասին, պահանջում են զիջողութիւն այս հարցում իրենց կամ էլ իրենց երեխաների նկատմամբ: Ակնյայտ է, որ թէ՛ Յովսէփը եւ թէ՛ Եսթերը չէին ամուսնացել իրենց անձնական նախաձեռնութեամբ: Պէտք է նկատի առնել նաեւ այն փաստը, որ Յովսէփի՝ Եգիպտոսում մնալու ժամանակ (Ք. ա. 19-18-րդ դդ.), Հիքսոս գերդաստանի օրէնքները, որոնք ունեցել են սեմիտական ծագում, եւ ինչպէս հրէաները, հաւանաբար Յովսէփը ժառանգել էր ճշմարիտ Աստծու մասին գիտելիքները։ Աւելին, Յովսէփն իր ամուսնութեան պահին իր վկայութեամբ հասաւ նրան, որ փարաւոնն ու նրա շրջապատն սկսեցին հնազանդուել ճշմարիտ Աստծուն։

Վերոյիշեալ օրինակները չեն հակասում Հին Կտակարանի խառնամուսնութիւնների ընդհանուր վարդապետութեանը: Նրանք միայն վկայութիւնն են այն բանի, թէ Աստուած երբէք չի թողնի Իր ողորմածութիւնը նրանց հանդէպ, ովքեր, հակառակ իրենց կամքին, գտնւում են դժուարին ու ծանր հանգամանքներում։ Սա լիովին համապատասխանում է Նոր Կտակարանում հաւատացեալ ամուսիններին ուղղուած Տիրոջ այն պատուիրանին, որ չթողնեն անհաւատներին, եթէ իրենց հաճելի է ապրել նրանց հետ, «որովհետեւ անհաւատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է. սուրբ է եւ անհաւատ կինը իր մարդո՛վ» (Ա. Կորն. 7, 14)։ Կեանքի փորձն արդէն ցոյց է տալիս, թէ իւրաքանչիւր «յաջողակ» ամուսնութեան դիմաց գոյութիւն ունեն բազում անյաջող ամուսնութիւններ, որոնց զոհերը եկեղեցի են վերադառնում հոգեկան ծանր վիճակով եւ յաճախ կոտրտուած ընտանեկան կեանքով: Ամուսնութիւնը «յաջողակ» ա՛յն դէպքում է, երբ զոյգերը գտնւում են ներդաշնակ համակեցութեան ու բարգաւաճ գոյակցութեան ճանապարհին, որը չի կարող կտրուել կարճ ժամանակի ընթացքում։ Սակայն որպէս յաջողակ ամուսնութեան չափանիշ է հանդիսանում առողջ հոգեւոր կեանքն ու համատեղ ծառայութիւնը Տիրոջը: Չարժէ մոռանալ, որ նոյնիսկ նման զոյգերի ամուսնութեան համեմատաբար դրական փորձը չի կարող լինել արդարացում՝ խախտելու Տիրոջ այս բացայայտ արգելքը։ Ճշմարիտ հաւատացեալի համար այլափառի կամ անհաւատի հետ ամուսնական խառնակութիւնն ակնյայտօրէն անհնազանդութեան արարք է հանդիսանում Աստծու բարի ու կատարեալ կամքի դէմ:

Նոր Կտակարանում Աստուած շարունակում է ձեւաւորել Իր ընտրեալ ժողովուրդին, այսինքն՝ Քրիստոսի խորհրդական մարմինը հանդիսացող եկեղեցուն, որը ճշմարիտ Երուսաղէմն է։ Իսարայէլի համար սահմանուած հինկտակարանեան աստուածադիր օրէնքները հաւասարապէս կիրառելի են Նոր Կտակարանի եկեղեցում: Նոր Ուխտի ժամանակներում Մովսէսի ընդունած օրէնքներին գերազանցեց Աւետարանի շնորհը, սակայն ուժի մէջ մնաց Տիրոջ պատուիրանն ամուսնութեան վերաբերեալ։ Պօղոս առաքեալն ասում է. «Մի՛ խաբուէ՛ք. չար ընկերակցութիւններն ապականում են լաւ բարքերը» (Ա. Կորն. 15, 33)։ Եթէ նոյնիսկ հաւատացեալը մտադրութիւն ունի փոխելու անհաւատին, շատ աւելի յաճախ տեղի է ունենում հակառակը։ Ակնյայտ է, թէ Պօղոս առաքեալն ամուսնութեան հարցում ենթադրում է քրիստոնեայ զոյգերի հոգեւոր ու կրօնական միասնութիւնը։ Ուրիշ առիթով էլ ասում է. «Միթէ իշխանութիւն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց[7], ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են» (Ա. Կորն. 9, 5)։ Այս թելադրութիւնը պէտք է հիմք լինի իւրաքանչիւր քրիստոնեայի համար. «Երկու մարդ միասին կը գնա՞ն երբեւէ, եթէ չճանաչեն իրար» (Ամոս 3, 3)։ Նոյնպէս ասում է. «Կինը կապուած է իր մարդուն մինչեւ այնքան ժամանակ, որ իր մարդը կենդանի է։ Իսկ երբ նրա մարդը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ ում հետ ուզենայ, բայց միայն Տիրոջով» (Ա. Կորն. 9, 5)։ «Բայց միայն Տիրոջով» ասելով՝ Պօղոս առաքեալն ուսուցանում է, թէ վերամուսնութիւնը հնարաւոր է ամուսնու մահից յետոյ, բայց միայն թէ այն պէտք է լինի հաւատացեալի հետ: Իհարկէ, եթէ այս սահմանափակումը վաւերական է առաջին ամուսնու մահից յետոյ, ապա սա նաեւ վերաբերում է ամուսնութեանն ընդհանրապէս. հակառակ դէպքում դա պարզապէս ոչ մի իմաստ չի ունենայ:

Այլափառների հետ ամուսնութեան դէպքում անհնար է հոգեւոր միասնութիւնը: Ամուսնական կեանքի քրիստոնէական արժէքները բացարձակապէս նոյնը չեն անհաւատի համար։ Հետեւեալ հատուածը «ամուսնութիւն» բառը չի յիշատակում, սակայն Պօղոս առաքեալը Սուրբ Հոգու միջոցով հաւատացեալներին զգուշացնում է այնպիսի միութեան կամ հաղորդակցութեան դէմ, որտեղ կայ պարզ հոգեւոր ու կրօնական անհամատեղելիութիւն: Առաքեալն ասում է. «Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առընչութիւն ունի հաւատացեալն անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։ Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,- ասում է Տէրը»,- եւ մի՛ դիպչէք պիղծ բաներին։ Եւ ես պիտի ընդունեմ ձեզ։ Եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր, եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,- ասում է Ամենակալ Տէրը» (տե՛ս Բ. Կորն. 6, 14-7, 1; Եփես. 2, 1-3)։ Խօսքն այստեղ անհաւատ մարդկանց հետ յարաբերութիւն ունենալու մասին չէ, այլ այդ յարաբերութեան վրայ ստանձնած պարտաւորութիւնների:

Քրիստոնեան, ամուսնանալով այլափառի հետ, պէտք է գիտակցաբար ընդունի այն հաւանականութիւնը, որ իր ամուսինը կամ կինը կարող է երբէք չընդունի Տիրոջ փրկարար շնորհը։ Նա կա՛մ ստիպուած կը լինի ապրել հաւատի մշտական փոխզիջման մէջ, կա՛մ էլ պայքարել՝ փոխելու իր ամուսնու կամ կնոջ համոզմունքը: Իր մէջ մշտապէս կը լինի դժգոհութիւն, որը նա ի վիճակի չէ ազդելու իր ամենամօտիկ անձի վրայ: Նման մարդն ինչպէ՞ս կարող է ներկայ պահին վայելել երջանիկ յաւէրժութիւնը, երբ իր կողակիցը կարող է գտնուել յաւիտենական դժոխքի տանջանքների վայրում:

Հաւատքի ու կեանքի հարցերում ամուսինների մտածողութեան երկակիութիւնը կա՛մ թոյլ չի տայ, որ նրանք լրջօրէն վերաբերուեն հաւատի որեւէ համակարգին, կա՛մ էլ կը դառնայ մշտական վէճերի ու մրցակցութեան պատճառ։ Խառնամուսնութիւններն ամենայն հաւանականութեամբ կը յանգեցնեն չկամութեան կամ դժկամութիւն՝ խորանալու հաւատի մէջ։ Այդպիսի մթնոլորտում մեծացող երեխաները մշտապէս ընտրութեան առաջ են կանգնում, թէ ծնողներից որի՞ն հետեւեն։ Խառնամուսնութիւնն աւելի շուտ երեխաներին տրամադրում է անզօրութեան, դժգոհութեան՝ խորանալու հաւատի հարցերում։ Մեծ հաւանականութիւն կայ, որ խառնամուսնութիւններից ծնուած երեխաները կը հեռանան Աստծուց. «Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, որովհետեւ քո որդուն իմ դէմ կ՚ապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կը կոտորի ձեզ» (Երկ. Օր. 7, 3-4; հմմտ. Նէեմ. 13, 23-27)։

Նախնի քրիստոնեաների համար միշտ ակնյայտ է եղել այլափառների կամ անհաւատների հետ չամուսնանալը՝ չնայած այն հանգամանքին, որ քրիստոնէական համայնքները շատ փոքրաթիւ էին։ Երուսաղէմում առաքելական ժողովը հեթանոս նորադարձներին պատուիրեց հեռու մնալ պոռնկութիւնից (տե՛ս Ա. Գործ 15, 29), ըստ որի՝ աստուածաբան մեկնիչները ենթադրում են, թէ Հին Ուխտի ամուսնական օրէնքներն ու արգելքները վաւերական են նաեւ քրիստոնեաների համար։ Պօղոս առաքեալը նոյնիսկ թոյլ է տալիս կնոջն ամուսնանալ երկրորդ անգամ, եթէ ամուսինը մահացել է, բայց աւելացնում է՝ «միայն Տիրոջով»։ Ցաւօք, մեր ժամանակներում շատերը չեն ընդունում, որ այլափառի հետ ամուսնութիւնը համարւում էր պոռնկութիւն, քանի որ Եկեղեցին չի օրհնում այդպիսի ամուսնութիւնը։ Էլ չեմ ասում այսօր որքա՜ն ժամանակակից է հնչում անօրինական՝ չգրանցուած համակեցութիւնը, այսինքն՝ այսպէս կոչուած «քաղաքացիական ամուսնութեան» երեւոյթը, որը  մի տեսակ տուրք է դարձել ժամանակակից նորաձեւութեան եւ լայնօրէն գովազդւում ու հաւանութեան է արժանանում բազմաթիւ հասարակական եւ նոյնիսկ քաղաքական գործիչների կողմից, մանաւանդ՝ Արեւմուտքում։ Մարդիկ, ովքեր ապրում են այդ «ամուսնական» կապով, ըստ եկեղեցական կանոնների, չեն կարող մօտենալ եկեղեցական խորհուրդներին, մինչեւ որ կանգ չառնեն շնացող կենակցութիւնից եւ ապաշխարեն: Իսկ եթէ պնդում են իրենց այդ երեւակայական «քաղաքացիական ամուսնութեան» ապրելակերպի իրաւունքի մասին, ապրելով մեղքի կեանքով, քահանան պէտք է մերժի սուրբ Հաղորդութիւն ստանալու նրանց ցանկութիւնը: Յաճախ մարդիկ չեն ընկալում մերժման պատճառը: Բայց սա քահանայի կամ Եկեղեցու մեղքը չէ: Եկեղեցին ոչ մի դէպքում չի կարող փոխզիջման գնալ մեղքի հետ։ Եկեղեցին չի կարող ընկերակցել նրան, ով եսասիրական ցանկութիւնները բաւարարելու համար պատրաստակամօրէն դառնում է Աստծու թշնամի։ Այս մասին է սովորեցնում Յակոբոս առաքեալը. «Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրն այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի» (Յակ. 4, 4): Քրիստոնէութեան մէջ ամուսնութիւնը հասկացւում է որպէս երկու մարդու՝ մէկ միաւորի գոյաբանական այն կապը, որը հաստատւում է Աստծու շնորհիւ եւ անհրաժեշտ է կատարելութեան ու Աստծու արքայութեանը հասնելու համար: Ամուսինների հաւատի ընդհանրութիւնը, ովքեր Քրիստոսի խորհրդաւոր Մարմնի անդամ են, իսկապէս խիստ կարեւոր պայման է քրիստոնէական եւ եկեղեցական ամուսնութեան համար։ Միայն երբ ամուսիններն ունեն միեւնոյն հաւատը, այդժամ ընտանիքը կարող է դառնալ «առտնին եկեղեցի» (տե՛ս Հռոմ. 16, 5: Փիլ. 1, 2), որտեղ ամուսինը, կինն ու իրենց երեխաներն աճում են հոգեւոր կատարելութեամբ եւ աստուածային գիտելիքների շնորհով։ Հաւատի միաձայնութեան եւ համատեղութեան բացակայութիւնն անշուշտ լուրջ սպառնալիք է ամուսնական միութեան ամբողջականութեանը։ Հէնց այս պատճառով է, որ Պօղոս առաքեալն իր պարտքն է համարում զգուշացնել ու կոչ անել բոլոր հաւատաւորներին, որպէսզի ամուսնանան «միայն Տիրոջով» (Ա. Կորն 7, 39), այսինքն՝ նրանց հետ, ովքեր կիսում են իրենց քրիստոնէական համոզմունքները:

Պօղոս առաքեալը հաւատացեալներին խորհուրդ է տալիս չբաժանուել, եթէ արդէն ամուսնացած են անհաւատի հետ. «Բայց միւսներին ես եմ պատուիրում, ոչ թէ Տէրը. եթէ մի եղբայր անհաւատ կին ունենայ, եւ նրան հաճելի լինի ապրել նրա հետ, նրան թող չթողնի։ Եւ մի կին, եթէ անհաւատ մարդ ունենայ, եւ նա ուզենայ ապրել նրա հետ, իր մարդուն թող չթողնի» (Ա. Կորն. 7, 12-13)։ Եւ երկրորդ, պէտք է ապրել խոնարհ եւ արդար կեանքով, որպէսզի, եթէ հնարաւոր է, պարկեշտ ընթացքի շնորհիւ անհաւատին Տիրոջով շահել. «Անհաւատ մարդն իր կնոջո՛վ է սուրբ. սուրբ է եւ անհաւատ կինն իր մարդո՛վ. ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը լինեն. մինչդեռ հիմա սուրբ են։ Իսկ եթէ անհաւատն ուզում է բաժանուել իր կողակցից, թող բաժանուի. քանի որ այսպիսի դէպքում հաւատացեալ եղբօր կամ քրոջ վրայ հարկադրանք չկայ. քանզի Աստուած մեզ խաղաղութեան կոչեց։ Ի՞նչ գիտես, դո՛ւ, կի՛ն, թէ քո մարդուն փրկելու ես. կամ ի՞նչ գիտես, դո՛ւ, մա՛րդ, թէ քո կնոջը փրկելու ես» (Ա. Կորն. 7, 14-16)։ «Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ» (Ա. Պետր. 3, 1-5)։

Շատերն են արդարացնում իրենց ամուսնութեան որոշումը՝ պնդելով, թէ Աստուած ասում է, որ ամուսինն ու կինը մէկ մարմին են (տե՛ս Ծննդ. 2, 24) կամ էլ շեշտում են առաքեալի հետեւեալ խօսքերը. «Անհաւատ մարդն իր կնոջո՛վ է սուրբ. սուրբ է եւ անհաւատ կինն իր մարդո՛վ» (Ա. Կորն. 7, 14)։  «Ի՞նչ գիտես, դո՛ւ, կի՛ն, թէ քո մարդուն փրկելու ես. կամ ի՞նչ գիտես, դո՛ւ, մա՛րդ, թէ քո կնոջը փրկելու ես» (Ա. Կորն. 7, 16)։ Սա առաւել տարածուած փաստարկ է, որ դրդում է եւ աջակցում այլափառների կամ անհաւատների հետ խառնամուսնութեանբ։ Դեռեւս երկրորդ դարում էին այսպէս պատճառաբանում այն մարդիկ, ովքեր հրաժարւում էին հնազանդուելու ու կատարելու Տիրոջ խօսքը: Ահա՛ թէ ինչպէս է առաքեալի խօսքերը փայլուն կերպով վերլուծում վաղքրիստոնէական նշանաւոր աստուածաբան Տերտուղիանոսը. «Տեսնելով, թէ ինչպէս է քրիստոնեայ կինն այսօր ամուսնանում հեթանոսի հետ, եւ յիշելով նախկին նմանատիպ դէպքերը՝ զարմանում եմ նրանց համարձակութեանն ու իրենց խորհրդատուների կեղծաւորութեան վրայ, քանի որ Աստուածաշունչը դա ոչ մի տեղ թոյլ չի տալիս: Ես հարցնում եմ, թէ արդեօ՞ք նրանք գայթակղւում են կորնթացիներին ուղղուած նամակի առաջին գլխի այն համարից, որն ասում է. «Բայց միւսներին ես եմ պատուիրում, ոչ թէ Տէրը. եթէ մի եղբայր անհաւատ կին ունենայ, եւ նրան հաճելի լինի ապրել նրա հետ, նրան թող չթողնի։ Եւ մի կին, եթէ անհաւատ մարդ ունենայ, եւ նա ուզենայ ապրել նրա հետ, իր մարդուն թող չթողնի. որովհետեւ անհաւատ մարդն իր կնոջո՛վ է  սուրբ. սուրբ է եւ անհաւատ կինն իր մարդո՛վ. ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը լինեն» (Ա. Կորն. 7, 12-13)։ Սովորաբար այս օրէնքը որոշ քրիստոնեաներ մեկնաբանում են բառացիօրէն՝ հասկանալով որպէս անհաւատների հետ ամուսնանալու թոյլտուութիւն: Բայց բաւական պարզ է, որ այս տեքստը վերաբերում է միայն այն քրիստոնեաներին, ովքեր դարձի եկան արդէն իսկ ամուսնացած լինելով, որն ապացուցւում է հետեւեալ խօսքերով. «Եթէ մի եղբայր անհաւատ կին ունենայ»։ Նա չի ասում. «Եթէ անհաւատ կին է առնում»: Ուզում է ասել, թէ ով որ արդէն ամուսնացել է անհաւատի հետ եւ ապա դարձի եկել, պէտք է մնայ իր կնոջ հետ։ Այլ կերպ ասած, նորադարձները պէտք չէ մտածեն, թէ պարտաւոր են թողնել իրենց կանանց, որոնք իրենց հաւատին խորթ են դարձել: Նա նոյնիսկ աւելացնում է հետեւեալ հիմնաւորումը՝ ասելով. «Աստուած մեզ խաղաղութեան կոչեց», եւ՝ «Ի՞նչ գիտես, դո՛ւ, կի՛ն, թէ քո մարդուն փրկելու ես. կամ ի՞նչ գիտես, դո՛ւ, մա՛րդ, թէ քո կնոջը փրկելու ես» (Ա. Կորն. 7, 15-16): Վերջապէս այս մեկնաբանութիւնը հաստատւում է նաեւ վերջում. «Աստուած ինչպէս որ կանչեց, թող նա այնպէս էլ ընթանայ» (Ա. Կորն. 7, 17): Սակայն, կարծում եմ, կանչում են հեթանոսներին, այլ ոչ քրիստոնեաներին: Եթէ նա խօսէր նրանց մասին, ովքեր քրիստոնեայ են դարձել նախքան իրենց ամուսնութիւնը, ապա թոյլ կը տար, որ վերջիններն ամուսնանան որեւէ մէկի հետ, բայց սրան կը հակասէին նրա յաջորդ խօսքերը. «Իսկ երբ նրա մարդը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ ում հետ ուզենայ, բայց միայն Տիրոջով» (Ա. Կորն. 7, 39): Այս խօսքերի իմաստը ոչ մի կասկած չի թողնում, որ մենք չչարաշահենք «ազատ է ամուսնանալու՝ ում հետ ուզենայ» խօսքերը (Ա. Կորն. 7, 14. 16), այլ նաեւ աւելացնում է՝ «միայն քրիստոնեայի հետ»։ Այսպիսով, սուրբ առաքեալը, ով ցանկանում է այրիներին ու չամուսնացածներին ամուրիութիւն, եւ իրեն դնում է մեզ որպէս օրինակ, թոյլ է տալիս նորից ամուսնանալ միայն քրիստոնեայի հետ։ Սա է միակ պայմանը, որ նա առաջ է քաշում։ Ասում է՝ «միայն քրիստոնեայի հետ», եւ «միայն» բառն ունի օրէնքի մեծ ուժ եւ իշխանութիւն՝ դարձնելով այն բացարձակ անհրաժեշտութիւն։ Այս բառը հրամայում է, համոզում եւ յորդորում, պարտաւորեցնում եւ սպառնում։ Առաքեալի կարծիքն այնքան պարզ ու պերճախօս է իր կարճութեամբ, ինչպէս աստուածային ամէն մի խօսք, որ հնազանդութիւն է պահանջում»: Արդեօք ակնյայտ չէ՞, թէ, ըստ առաքեալի նախատեսած արգելուած ամուսնութիւնների պատճառով որքա՜ն վտանգներ են սպառնում հաւատացեալին։ Առաջին հերթին, քրիստոնեայի մարմինը պղծելու վտանգն է՝ դիպչելով անհաւատի մարմնին: «Բայց,- մէկն ասում է,- քրիստոնէութեան մէջ մտած հեթանոսի եւ ամուրի քրիստոնեայի միջեւ կարո՞ղ է արդեօք լինել այնպիսի տարբերութիւն, որպէսզի նրանք խուսափեն պղծումից, որպէսզի մէկին արգելուած լինի ամուսնանալ անհաւատի հետ, իսկ ուրիշին թոյլատրուի ապրել իր ամուսնացած կնոջ հետ։ Սուրբ Հոգու օգնութեամբ պատասխանում եմ: Տէրը նախընտրում է, որ ամուսնութիւնը չիրականացուի, քան որ թողնել ամուսնալուծութիւնը: Նա արգելում է ամուսնալուծութիւնը՝ բացառութեամբ, երբ կինը շնանում է (Մատթ. 19, 9). եւ ուղղակիօրէն խրախուսում ժուժկալութիւնը: Այնպէս որ, առաջինը պարտաւոր է մնալ իր հեթանոս կնոջ հետ, իսկ երկրորդն իրաւունք չունի ամուսնանալ հեթանոսի հետ։ Ըստ Սուրբ Գրքի՝ այն հեթանոսները, ովքեր հաւատքի եկան ամուսնութիւնից յետոյ, ոչ թէ պղծւում են նախկինում ամուսնացած կանանց հետ միութեամբ, այլ կարող են նաեւ սրբացնել նրանց, հետեւաբար, պարզ է, որ այն տղամարդիկ, որոնք հաւատացին նախքան ամուսնանալը, չեն կարող սրբացնել այն հեթանոսներին, որոնց հետ ամուսնանում են, քանի որ Աստծու շնորհը սրբագործում է միայն նրանց, ում գտնում է ամուսնացած, իսկ այն, ինչ մի շնորհը չի սրբագործում, անմաքուր է, եւ անմաքրութիւնը չունի բաժին սրբութեան մէջ. այն ինքն իրենով է պղծում եւ կործանում։ Այնպէս որ այն քրիստոնեաները, ովքեր ամուսնանում են հեթանոսների հետ, մեղաւոր են շնութեան մէջ ու պէտք է առանձնացուեն եւ չխառնակուեն հաւատացեալների հետ՝ ըստ առաքեալի այն խօսքի, որը նոյնիսկ արգելում է այդպիսիների հետ հաց ուտել (տե՛ս Ա. Կորն. 5, 11): Արդեօք համարձակութիւն ունե՞նք կանգնելու Տիրոջ դատաստանի առջեւ ամուսնական այդպիսի համաձայնագրով: Ինչպէ՞ս կարելի է Նրա արգելածն անուանել օրինական ամուսնութիւն: Մի՞թէ պոռնկութիւն չէ արգելուած ամուսնութիւնը: Մի՞թէ Աստծու տաճարը չի պղծւում նրա մէջ գտնուող հեթանոսի ներկայութեամբ, եւ Քրիստոսի մարմինը՝ դիպչելով պոռնիկի մարմնին: Մե՛նք չենք մեր անձի տէրը, այլ գնուած ենք Տիրոջ Արեամբ։ Պղծելով մեր մարմինը՝ մենք պղծում ենք Նրան։ Աստուած յստակ արգելեց ձեզ ամուսնանալ հեթանոսների հետ, որպէսզի չպղծուի Քրիստոսի մարմինը, եւ յատկապէս առաւել ծանր է կամաւոր մեղքը: Որքա՜ն աւելի հեշտ է խուսափել նրանից, այդքան աւելի յանցանք է զիջել նրան: Եկէք այժմ տեսնենք, թէ առաքեալը յետագայ ի՛նչ վտանգներ կանխատեսեց ոչ միայն մարմնի, այլ նաեւ հոգու համար: Անհաւատների հետ մեր ամէնօրեայ շփումն արդեօք աստիճանաբար չի՞ թուլացնում մեր հաւատը: Եթէ վատ մարդկանց հետ շփումը վնասակար է եւ ապականում է լաւ բարքերը (Ա. Կորն. 15, 33), ապա ինչի՞ն կը յանգեցնի նրանց հետ կենակցութիւնը: Իւրաքանչիւր քրիստոնեայ կին պէտք է հաճելի լինի Աստծուն։ Ինչպէ՞ս կարող է նա երկու տիրոջ ծառայել՝ Աստծուն եւ իր ամուսնուն, այն էլ՝ հեթանոսին։ Վերջապէս, հեթանոսին հաճոյ լինելով՝ նա կամայ թէ ակամայ անխուսափելիօրէն հեթանոս է դառնում արտաքին տեսքով, զարդարուելու [ու շպարուելու] ցանկութեամբ եւ ինքն իրեն հոգ տանելով։ Ի վերջոյ, [հեթանոսն] անկողնում անամօթ յանդգնութեամբ [բաւարարում է սեփական բնազդները], մինչ դեռ ճշմարիտ քրիստոնեան կատարում է ամուսնական իր պարտականութիւնները՝ յարգելով իր իսկ [կողակցի բնական] անհրաժեշտութիւնը, համեստօրէն եւ առանց ծայրայեղութեան, կարծես թէ Աստծու առջեւ:

Նման ամուսինը որքա՜ն քիչ համատեղելի է քրիստոնեայի պարտականութիւններին: Ի վիճակի՞ է արդեօք կինը կատարելու իր քրիստոնէական պարտականութիւնները՝ իր ձեռքի տակ ունենալով դեւի ծառային, որին վերջինս յանձնարարել է խոչընդոտել այդ պարտականութիւնները կատարելուց: Պէտք է գնալ հսկումի՞. այդ պահին ամուսինը ժամադրութիւն կը նշանակի բաղնիքում: Երբ ծոմ պահելու օրը գայ, հէնց այդ օրն ամուսինը ընկերներին կը հրաւիրի խնջոյքի: Ուխտագնացութեան օ՞ր է. հէնց նոյն օրը աւելի քան երբեւէ շատ աշխատանքներ կը լինեն տանը: Արդեօք նա թոյլ կը տա՞յ կնոջը՝ շրջանցել գիւղերն ու աղքատ խրճիթներն՝ այցելելու եղբայրներին: Ո՞ր ամուսինը կը ցանկանայ գիշերը կնոջը թողնել, որ գնայ [հոգեւոր] եղբայրների հետ աղօթելու գիշերային հաւաքների ժամանակ: Արդեօք նա կարո՞ղ է դիմանալ, եթէ կինը գիշերն անցկացնի Զատկի տօնակատարութիւնը: Արդեօ՞ք նա հանգիստ հոգով կը թողնի նրան մասնակցելու Տիրոջ ընթրիքին (Ա. Կորն. 11, 20), որը,  ըստ հեթանոսների, վատ համբաւ է վայելում: Կարո՞ղ է արդեօք համբերել, երբ կինը գաղտնի բանտ գնայ եւ համբուրի նահատակի շղթաները: Համբուրելով ողջո՞յն տայ եղբայրներին, հաւատացեալների ոտքերը լուանալու համար ջո՞ւր մատուցի, նրանց հետ Ընթրիքի, հացին ու գինուն հաղորդակի՞ց լինի, ժամանակը ծախսի խոկումի եւ աղօթքի համա՞ր: Եթէ [իր տուն] գայ մի օտարական, ապա ինչպիսի՛ ընդունելութիւն կը սպասուի նրան ուրիշի տանը: Իսկ երբ անհրաժեշտ լինի հաց բաշխել աղքատներին, շտեմարանի դռները կողպուած կը լինեն: «Բայց,- մէկն ասում է,- կան նաեւ այնպիսի հեթանոսներ, ովքեր ամէն կերպ աջակցում են քրիստոնեաներին»: Աւելի վատ: Հեթանոսները պէտք չէ իմանան մեր բարի գործերի մասին, եւ մենք պէտք չէ բարի գործեր կատարենք իրենց հովանաւորութեան ներքոյ: Հովանաւորը գիտէ, թէ ինչ ենք մենք անում. եթէ մենք թաքնւում ենք նրանից, երբ նա մեզ չի հովանաւորում, ապա վախենում ենք նրանից: Ու քանի որ Աստուածաշունչը սահմանում է բարի գործեր կատարել՝ դրանց մասին ուրիշներին չտեղեկանացնելով եւ առանց վախի, ուրեմն, դու կը խախտես կա՛մ այն, կա՛մ ուրիշ արգելք: Կա՛մ տեղեակ կը պահես ամուսնուդ, եթէ նա տեղեակ է քո գործերի մասին, կա՛մ էլ պէտք է վախենաս նրանից ու վախեցած կերպով բարեգործութիւն անես: «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն» (Մատթ.7, 6): Իսկ «ձեր մարգարիտները» քրիստոնեայի կրկնուող բարի արարքներն են իւրաքաչիւր օր: Որքա՜ն շատ դուք թաքցնէք դրանք, այդքան հեթանոսների մօտ աւելի ուժեղ հետաքրքրասիրութիւն կը գրգռէք: Կարո՞ղ ես արդեօք գաղտնի խաչակնքել մահճակալիդ մէջ կամ էլ լքել որեւէ անմաքրութիւն: Եթէ դու գիշերն աղօթես, արդեօք քեզ կախարդ նա չի՞ համարի: Մի՞թէ ամուսինդ չի նկատի, որ դու իւրաքանչիւր կերակրից առաջ գաղտնօրէն ինչ-որ բան ես ուտում: Եւ երբ իմանայ, թէ դա պարզապէս հաց է, ապա ի՞նչ կը մտածի քո մասին իր տգիտութեամբ: Արդեօք նա չի՞ դժգոհի նման գաղտնիքների համար եւ նոյնիսկ չի՞ կասկածի, թէ փորձում ես թունաւորել իրեն: Նրանք աջակցո՞ւմ են եւ պաշտպանո՞ւմ: Այո՛, պաշտպանում են, որպէսզի յետոյ ոտնատակ անեն, ծաղրեն իրենց կանանց՝ նրանց գաղտնիքները պահելով միայն այն նպատակով, որ օգտագործեն միայն նրանց դէմ, երբ վերջիններս դժբախտութիւն ունենան հաճելի չլինելու իրենց: Այո՛, պաշտպանում են, որպէսզի ստանան նրանց օժիտը, ինչը որ նրանց մոռանալ է տալիս քրիստոնեայ անունը. եւ լռել, մինչեւ որ ցանկանան տիրել հարստութեանը՝ իրենց կանանց մատնելով դատավարութեան: Այս պատճառով է, որ շատ կանայք չէին ուզում հաւատալ, մինչեւ որ չզգացին այս ամէնն իրենց սեփական տխուր փորձով, մինչեւ որ խոշտանգումների պատճառով ուրացան հաւատը: Ուրեմն, Աստծու աղախինը պէտք է ապրի օտար դեւերի՝ պահպանիչ-ոգիների[8] հետ՝ նշելով հեթանոսական տօներն ու թագաւորների ծննդեան օրերը, կուլ տալով բուրաւէտ ծուխը տարուայ սկզբին եւ ամէն ամիս: Նա ստիպուած տնից դուրս է գալիս այն դարպասներով, որոնք զարդարուած են դափնիներով ու լապտերներով, կարծես թէ դա հասարակաց տուն է: Ամուսնու հետ մասնակցելով [հեթանոսական] տօներին եւ գինարբուքներին, նա, որ սովոր է ծառայել սուրբերին, երբեմն ստիպուած պիտի լինի ծառայել ամբարիշտներին: Որպէս իր ապագայ դատապարտութեան նշան՝ արդեօք չի՞ ընդունի այն, որ հակուած է նրանց, ում ինքը նախկինում դատապարտում էր: Ո՞ւմ ձեռքերից նա պէտք է ընդունի կերակուրը: Ո՞ւմ գաւաթից պէտք է ըմպի: Ի՞նչ երգեր պէտք է լսեն միմեանցից: Դրանք կը լինեն թատերական, գինետնային, պանդոկային մեղեդիներ: Արդեօք նրանց մէջ կը նշուե՞ն յիշատակումներ Աստծու մասին, խնդրանքներ Քրիստոսին ուղղուած, մտորումներ՝ ոգեշնչուած Սուրբ Գրքի ընթերցմամբ, հոգեւոր մխիթարութիւն եւ Աստծու օրհնութիւն: Նրանց մէջ ամէն ինչ խորթ է, թշնամական, ոչ պիտանի, շեղուած՝ փրկութեան ճանապարհից:

Այս ամէնը կարող են նաեւ տեղի ունենալ որեւէ ամուսնացած քրիստոնեայ կնոջ հետ, բայց նրան արդարացնում է Աստծու պատուիրանը, որ պէտք չէ բաժանուել իր ամուսնուց՝ յուսալով նրան հաւատի բերել: Եթէ Աստուած հաշտւում է նման միութեան հետ, ուրեմն, անշուշտ, կ՚օգնի հաւատարիմ կնոջն ու կը փրկի նրան իր երկիմաստ անյարմարութեան վիճակից: Թերեւս նա հեթանոս ամուսնուն իր հանդէպ այնքան մեծ յարգանք կը ներշնչի, որ նրա մէջ չի գտնի ո՛չ բռնակալ, ո՛չ էլ դաւաճան: Նա կը սկսի զարմանալ իր կնոջ բարի գործերով, կը տեսնի, թէ շատ առումներով նա իրենից առաւել արժանաւոր է. եւ գուցէ իր մէջ աճող յարգանքը կարող է դարձի բերել նրան: Բայց այլ բան է տեղի ունենում այն կնոջ հետ, ով գիտակցաբար մտնում է արգելուած ամուսնութեան մէջ: Այն, ինչ Աստծուն հաճելի չէ, վիրավորում է Նրան: Իսկ ինչը որ Նրան վիրաւորում է, դժբախտութիւն է բերում: Ընդ որում, հեթանոսներից ոչ մէկը չի լինում այդքան բարի քրիստոնեաների նկատմամբ, որքան նրանցից առաւել ամբարիշտներն են: Դրա համար գտնւում են այնպիսինները, որոնք պատրաստ են ամուսնանալ նրանց հետ: Սա է այն բանի լաւագոյն փաստարկը, թէ հեթանոսի հետ միութիւնը չի կարող երջանիկ լինել: Դեւն այն հաստատում է, իսկ Աստուած արգելում… Բացի դրանից, ինքներս մեզ հարցնենք, թէ արդեօք օրէնքին նա չի՞ հակասում, եթէ մենք Աստծու պատուիրանների ճշմարիտ յետեւողներն ենք: Ի վերջոյ, չէ՞ որ հեթանոսների խիստ տէրերն էլ թոյլ չեն տալիս, որ իրենց ծառաներն ամուսնանան ոչ իւրայինների հետ, որպէսզի նրանք չգայթակղուեն, չլքեն իրենց պարտականութիւնները, իրենց տէրերի գաղտնիքները բերաններից դուրս չթռցնեն օտարներին: Արդեօք նրանց չի՞ պատժի իրենց տէրը, ասելով, թէ նրանք, չնայած արգելքին, ծանօթութիւններ են հաստատում ուրիշ ստրուկների հետ։ Մի՞թէ երկրային արգելքները երկնայիններից աւելի խիստ են։ Եթէ հեթանոս կինը, ամուսնանալով հեթանոսի հետ, կորցնում է իր ազատութիւնը, մի՞թէ քրիստոնեայ կինը, ամուսնանալով դեւի ծառայի հետ, կը մնայ ազատ։ Իհարկէ, նա կը ժխտի, թէ Տէրն առաքեալի միջոցով արգելել է նրան, բայց միակ պատճառն իր հաւատի թուլութիւնն է եւ աշխարհիկ հաճոյքների համար պատրաստակամութիւնը… Ինչպէ՞ս նկարագրել ամուսնութեան պարգեւած երջանկութիւնը՝ Եկեղեցու խորհուրդներով եւ իր աղօթքներով սրբագործուող, երկնքում հրեշտակների աւետումով եւ Հայր Աստծու օրհնութեամբ: Չէ՞ որ երկրի վրայ երեխաները չեն ամուսնանում առանց հայրերի համաձայնութեան: Որքա՜ն հաճելի պէտք է լինի միեւնոյն յոյսով, ծառայութեամբ եւ հաւատով նուիրագործուած երկու սրտերի միացումը: Իրօք, նրանք երկուսը մէկ մարմին են: Ուր որ մէկ է մարմինը, այնտեղ մէկ է հոգին։ Նրանք աղօթում են միասին, ծնկի գալիս միասին, ծոմ պահում միասին, հաստատում եւ աջակցում են միմեանց: Նրանք հաւասար են Աստծու Եկեղեցում եւ Աստծու ընթրիքին, ինչպէս նաեւ իրար հետ կիսում են հալածանքներն ու հանգիստը, ոչինչ իրարից չեն թաքցնում, միմեանցով չեն ծանրանում: Նրանցից իւրաքանչիւրին հիւանդութեան ժամանակ կարելի է ազատ այցելել, իսկ եթէ կարիքաւոր է, նաեւ աջակցել գումարով: Իրենց համար ողորմութիւն տալու նեղուածութիւն չկայ, սուրբ խորհուրդների արարողութիւններին ներկայ գտնուելու վտանգ չկայ, ամէնօրեայ պարտականութիւնները կատարելու խոչընդոտներ չկան, գաղտնի մկրտուելու ու շշուկով աղօթքներ մրմնջալու կարիք չկայ: Նրանք միասին են երգում սաղմոսներ եւ օրհներգութիւններ՝ փորձելով իրար գերազանցել Աստծուն գովաբանելով: Տէրն ուրախանում է՝ տեսնելով իրենց միաբանութիւնը, խաղաղութիւն է ուղարկում իրենց օջախին ու բնակւում նրանց մէջ: Իսկ որտեղ Նա է, այնտեղ չի մտնի չարութեան ոգին: Ահա՛ թէ ինչ է սովորեցնում մեզ առաքեալը: Խորապէս մտածի՛ր այս ամէնի մասին, որպէսզի չհետեւես որոշ կանանց օրինակին…»[9]:

 

 


[1]     «Այլափառ» ասելով՝ հասկանում ենք այլ հաւատք ունեցող, տարբեր դաւանանքի տէր, այլակրօն, այլակրօն, չարափառ, սնափառ, աղանդամոլ կամ էլ անհաւատ մարդ։

[2]      Կանոնագիրք Հայոց, «Կանոնք Առաքելականք», ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երեւան, 1964, էջ 47 (մէջբերումը ներկայացուած է թարգմանաբար)։

[3]     Киприан, епископ Карфагенский, Книга о падших.

      Տե՛ս http://lib.pravmir.ru/library/readbook/661 (առ 21/03/2017)։

[4]     Ընդհանրական Եկեղեցու մի խումբ անուանի Հայրեր՝ Կղեմես Աղեքսանդրացին, Կիպրիանոսը, Յուստինոս Փիլիսոփան, Տերտուղիանոսը, Իրինէոս Լիոնացին (Լուգդոնացին), Աթենագորաս Փիլիսոփան, ինչպէս նաեւ Որոգինեսն ու շատ ուրիշներ, համարում են, թէ «Աստծու որդիները» ընկած հրեշտակներն են, որոնցից առաջացան խառնածին աժդահաները, հսկաները կամ չար ոգիները։ Եկեղեցու մէկ ուրիշ խումբ Հայրեր՝ Յովհան Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին, Կիւրեղ Աղեքսանդրացին, Կիւրեղ Երուսաղէմացին, Օգոստինոսը եւ շատ ուրիշներ, համարում են, թէ «Աստծու որդիները» Սէթի սերնդի ժառանգներն են։

[5]     Համաձայն խոստմանը՝ ընտրեալ որդին, տե՛ս Գաղ. 4, 22-28; Եբր. 11, 17-18։

[6]   Ուրիշ թարգմանութիւններում գրուած է՝ «եւ օտար աստծու աղջկանը այր եղաւ»։         

[7]     Ուրիշ թարգմանութիւններում «կանանց» փոխարէն գրուած է՝ «Քրիստոսով քոյր-կիներ»:

[8]      Տան օջախի պահպանիչ-ոգիներին, որոնց երկրպագում էին օրացոյցի իւրաքանչիւր ամսուայ օրերին եւ ընտանեկան տօնակատարութիւններին, երիտասարդ կանայք զոհ էին մատուցում անմիջապէս հարսանիքից յետոյ, երբ ամուսնու տուն էին մտնում։

[9]     Тертуллиан, К жене. Книга вторая.

      Տե՛ս http://www.tertullian.org/russian/ad_uxorem_rus.htm (առ 30/03/2017)։

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

03.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․