3 Դեկտեմբեր, Գշ
«Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, և ինչ էլ որ Իմ անունով Հորիցս խնդրեք, ձեզ տա: Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց»,- առ այսօր Իր սիրո պատգամն է հնչեցնում Տերն ի լուր աշխարհի (Հովհ. 15:16-17): Եվ առ այսօր եկեղեցին՝ որպես Քրիստոսի Մարմինը երկրի վրա, շարունակում է Տիրոջ ուղենշած ճանապարհով ընթանալ՝ հավատարիմ մնալով Տիրավանդ պատգամին:
Փետրվարի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մինասովա Աննային (37 տ.), ով իր երկու զավակների հետ բնակվում է Մոլդովական 29/1 հասցեում: Աննան ամուսնալուծված է և երեք տարի է, ինչ միայնակ է խնամում իր զավակներին: Երեխաների խնամքով զբաղված լինելու պատճառով՝ նա չի կարողանում աշխատել և փորձում է իրենց ամենօրյա կարիքները հոգալ ընտանեկան նպաստի և ամուսնու կողմից ժամանակ առ ժամանակ տրամադրվող գումարներով:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Աննային հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննան իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:
Իրական սերը Աստծո և մերձավորի հանդեպ միավորում է մարդկանց հավատքի ու սիրո ծառայության միության շուրջ և կյանքի կոչում սիրո պատգամը: Մաքուր, անկեղծ, անձնազոհ սերը ու միությունը համարվում է ճշմարիտ քրիստոնեության նշանը և եկեղեցու հիմնական բնույթը: Այդ պատճառով Քրիստոս ասաց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35):
Կարինե Սուգիկյան