26 Նոյեմբեր, Գշ
Կյանքի իմաստը կյանքի մեջ է, այն էլ՝ աստվածահաճո կյանքի մեջ: Տիրոջ խոսքի համաձայն՝ աստվածահաճո կյանքով ապրողին մահից հետո սպասում է հավիտենական երանելի կյանքը (Մատթ. 25:34): Եթե մահից հետո երանելի կյանքի խոստումը չլիներ, ապա բարոյական ոչ մի հիմք, գիտելիք ու ձեռքբերում որևէ նշանակություն չէին ունենա, ի՞նչ նշանակություն կունենար, թե ինչքան և ինչպես ապրեց մարդը, եթե գերեզմանից այն կողմ ոչինչ չլիներ: Տիրոջ խոսքի համաձայն՝ գերեզմանից այն կողմ մարդը հաշիվ է տալու Աստծուն՝ իր ապրած կյանքի համար (Մատթ. 25:40): Այդ պատճառով քրիստոնյան մինչ գերեզմանը իր ողջ ջանքն ու եռանդը ծառայեցնում է իր հոգու մաքրագործմանը՝ ի տարբերություն այն անձանց, որոնց ուշադրության կենտրոնում միայն մարմինն է: Այսօր աշխարհում ամեն ինչ ուղղված է նրան, որ մարդը գոհացնի միայն իր մարմինը և ոչ հոգին: Այսինքն՝ մարդը, հավիտենականն անտեսելով, զբաղված է ժամանակավորով՝ բաց թողնելով Աստծուն նմանվելու և Նրա որդին դառնալու փրկարար հնարավորությունները:
Տիրոջ կողմից ընձեռնված փրկարար հնարավորություններից մեկը բարի գործն է՝ հոգևոր ու նյութական օգնություն ցուցաբերելը Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդկանց: Հունվարի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նազարյան Արմենուհուն (44տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Արմենուհին ամուսնալուծված է և իր զավակների հետ բնակվում է Արարատի մարզի Ձորակ գյուղի Տիգրան Մեծ փ. 2-րդ նրբ. 13 բն. հասցեում: Սոցիալապես անապահով վիճակում գտնվող բազմազավակ ընտանիքի հինգ զավակներից չորսն անչափահաս են և ունեն առողջական խնդիրներ: «Զավակներիցս երեքը տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, իսկ չորրորդ զավակս, գլխին հարված ստանալու պատճառով, նյարդային խանգարում է ստացել»,- ասաց Արմենուհին՝ նշելով, որ ինքը ևս առողջական խնդիր ունի, ինչի պատճառով չի աշխատում և իրենց կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի ու երեխաներից մեկին տրամադրվող թոշակի գումարներով: Բազմազավակ ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:
Կարինե Սուգիկյան