Բարիք գործելու շարժիչ ուժը

Հոկտեմբերի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4 28 հասցեում բնակվող Նավասարդյան ընտանիքին: Կարիքավոր ընտանիքի չորս անդամները հաշմանդամ են: Ընտանիքի հայրը՝ տան միակ աշխատողը, մահացել է հինգ ամիս առաջ: Նավասարդյան ընտանիքը բնակվում է հանրակացարանի տարրական պայմաններից զուրկ մեկ սենյականոց բնակարանում և ի վիճակի չէ անգամ փոխել պատուհանի ապակին, որ կոտրվել է մի քանի տարի առաջ: Ընտանիքի մայրը՝ Նավասարդյան Սվետլանան (60 տ.), նշեց, որ բազմիցս դիմել է թաղապետարան՝ պատուհանը փոխելու, տունը վերանորոգելու հարցով, բայց մնացել է անպատասխան: Ընտանիքի երեք զավակներից երկուսը՝ Մարիամը (17 տ.) և Գոռը (24 տ.), սովորում են Էջմիածնի գիշերօթիկ դպրոցում:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Սվետլանան անչափ շնորհակալ էր աջակից Վարդանյան ընտանիքին:

Եկեղեցու հայրերից Սիմեոն Աթոսացին նշում է, որ Տերն այնքան է տալիս, որքան մարդուն անհրաժեշտ է և նաև նրա համար, որ մարդը կարողանա բարին գործել: Մահացու մեղքերից ագահության հետևանքների մասին Հայր Պաիսիոս Աթոսացին ասել է, որ նա, ով նյութական մեծ բարիք է ձեռքբերում, բայց չի փառաբանում Աստծուն ստացածի համար և չի տեսնում իր մերձավորի դժբախտությունը, նա նյութական բարիքի հետ միասին նաև մեծ խնդիրներ է ձեռքբերում: Ուստի Հայր Պաիսիոսը հորդորում է. «Ջանանք, ինչ էլ որ անենք, անենք հանուն Քրիստոսի: Սիրենք մարդուն, այսինքն՝ կիսենք նրա ցավը, ով դժվարության մեջ է: Ուշադիր լինենք, որ մեր գործողություններում չլինեն ինքնահաճություն և շահամոլություն: Հիշենք, որ Քրիստոս տեսնում և հետևում է մեզ, ձգտենք չտրտմեցնել Նրան»:

 

Կարինե Սուգիկյան

05.10.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․