ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իրագործել սոցիալական ծրագրերի իր շարքը:
Դեկտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Կարապետյան Թոռնիկին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները: «Անցյալ տարի փետրվար ամսին ինսուլտից մահացավ կինս: Ես և երկու դուստրերս այժմ բնակվում ենք վարձակալությամբ Բաբաջանյան 103/8 հասցեում: Մասնագիտությամբ վարորդ եմ, բայց չեմ կարողանում գտնել համապատասխան աշխատանք, որպեսզի կարողանամ հոգալ ընտանիքիս կարիքները: Արտագնա աշխատանքի էլ չեմ կարողանում մեկնել՝ երեխաներիս խնամելու պատճառով»,- ասաց Թոռնիկը:
Մարդու երկրային կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից (Ղուկաս 12:15): Աստված յուրաքանչյուր պահի կարող է ընդհատել մարդու երկրային ուղին, և յուրաքանչյուրն արժանանում է նրան, ինչը որ ինքն է պատրաստել իր համար: Տիրոջ կամքն է, որ մարդիկ Իրենով հարստանան, քանի որ ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի (Մատթեոս 16:26): Ս. Գրիգոր Աստվածաբանը երկրային փառքն ու հարստությունը համարում է մանկական խաղալիքներ:
«Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել լսելու մահամերձ մարդկանց խոստովանությունները: Խոստովանելիս նրանք երբևէ չեն զղջացել այն մասին, թե չեն հասցրել վաստակել միլիոններ, չեն կառուցել շքեղ առանձնատուն կամ էլ աշխատանքի մեջ չեն հասել հաջողությունների: Բայց մարդիկ իրենց կյանքի վերջին ժամին առաջին հերթին ափսոսել են նրա համար, որ չեն հասցրել բարին գործել, օգնել և աջակցել հարազատներին, անգամ պատահական ծանոթներին: Եվ երկրորդ՝ համարյա բոլորին մահից առաջ տանջել է այն միտքը, թե որքան քիչ ժամանակ են տրամադրել իրենց երեխաներին… »,- ասել է եպիսկոպոս Տիխոնը (Շեվկունով):
«Վերջին ժամանակներում մարդկանց կփրկի սերը, խոնարհությունը և բարությունը. բարությունը կբացի դրախտի դարպասը, խոնարհությունը կառաջնորդի դեպի այնտեղ, իսկ սերը ցույց կտա Աստծուն» (Հայր Գաբրիել):
Կարինե Սուգիկյան