- Հա՛յր, իսկ մի՞շտ է, որ հոգսը մարդուն հեռացնում է Աստծուց:
- Լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ. երբ հայրը մոտենում է խաղով տարված երեխային ու քնքշորեն շոյում նրա գլուխը, ապա վերջինս, խաղով տարված լինելով, նույնիսկ չի էլ նկատում դա: Նա հայրական փաղաքշանքը կնկատի [այն ժամանակ], երբ մի փոքր կտրվի խաղից: Այդպես էլ մենք, որևէ հոգսով զբաղված լինելով, չենք կարողանում Աստծո սերը զգալ: Չենք զգում այն, ինչ Աստված տալիս է մեզ: Ուշադիր եղի՛ր, թանկագին ուժերդ զուր մի՛ վատնիր ավելորդ հոգսերի ու փուչ մտահոգությունների վրա, որոնք մի օր փոշիանալու են: Սին և ավելորդ բաների մասին մտահոգվելով՝ ֆիզիկապես հոգնում ես և միտքդ աննպատակ ցրիվ ես տալիս, իսկ հետո, աղոթքի ժամանակ, Աստծուն հոգնածություն ու հորանջմունք ես մատուցում՝ այն զոհի պես, որ Կայենը բերեց (Ծննդ. 4:3-7): Իսկ դրանից հետևում է, որ ներքիդ վիճակդ էլ «կայենական» կլինի՝ հոգեկան անհանգստությամբ և հառաչանքով լի, որ կողքիդ գտնվող բանսարկուն է ներշնչելու:
Մեր ուժերի միջուկն աննպատակ չվատնենք, այլապես հետո Աստծո համար մեզ մոտ միայն կեղևներն ու պատիճներն են մնում: Մտահոգությունը սրտից քաշում-հանում է նրա ողջ ներուժը և ոչինչ չի թողնում Քրիստոսի համար: Եթե տեսնում ես, որ միտքդ շարունակ շեղվում է և խորասուզվում հոգսերի մեջ, պետք է հասկանաս, որ գնացել ես ոչ այնտեղ, որտեղ պետք է, և անհանգստանաս, որ հեռացել ես Աստծուց: Հասկանաս, որ գործերն են քեզ ավելի հոգեհարազատ դարձել, այլ ոչ թե Աստված, արարածը, այլ ոչ թե Արարիչը:
Ցավոք սրտի, կատարված աշխատանքից ստացած աշխարհիկ հաճույքը հաճախ նույնիսկ վանականներին է մոլորեցնում: Իհարկե, մարդն արարվել է, որպեսզի ինչ-որ լավ բան անի, որովհետև նրա Արարիչը բարի է: Սակայն վանականը ճգնում է՝ ցանկանալով մարդուց դառնալ հրեշտակ: Այդ պատճառով էլ նա պետք է ամենաանհրաժեշտով սահմանափակի նյութական որևէ բանի համար արվող աշխատանքը: Այդժամ նրա ուրախությունն էլ աճեցրած հոգևոր պտուղներից կբխի, այն կդառնա հոգևոր, և ոչ միայն վանականն ինքը դրանով կհագենա, այլև ուրիշներին էլ առատորեն կհագեցնի:
Բազում հոգսերի ու մտահոգությունների պատճառով մարդը մոռանում է Աստծուն: Հայր Տիխոնն*, իրեն բնորոշ ձևով, ասում էր. «Փարավոնն իսրայելացիներին շատ աշխատանք ու շատ կերակուր էր տալիս, որպեսզի նրանք մոռանային Աստծուն» (հմմտ. Ելք 1:13-14): Մեր ժամանակներում սատանան նյութականով, երկրային հոգսերով ամբողջովին գրավել է մարդկանց: [Նա մարդկանց սովորեցնում է] շատ աշխատել, շատ ուտել, որպեսզի նրանք մոռանան Աստծուն և այդ կերպ չկարողանան կամ ավելի ճիշտ չցանկանան օգուտ քաղել այն ազատությունից, որ նրանց է տրվել՝ հոգին մաքրագործելու համար: Սակայն, բարեբախտաբար, սատանայի կամքից անկախ, լավ բան էլ է դուրս գալիս [այդ շտապողականությունից]՝ մարդիկ մեղքի համար այնքան ժամանակ չեն գտնում, որքան կցանկանային:
* Տես՝ Старец Паисий. Отцы-святогорцы и святогорские истории. Свято-Троицкая Сергеева Лавра, 2001, С. 13-39.
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի