23 Դեկտեմբեր, Բշ
Բուրվառը շղթաներից կազմված և մանր բոժոժներով զարդարված խնկարկելու սպասք է, որի մեջ դրվում է կրակն ու խունկը: Այն բուրմունք, խունկ վառելու փոքր վառարան է, անուշահոտության համար գործածվող կրակի փոքր տուփ, կրակարան: Գմբեթաձև է, խաչագլուխ կափարիչով: Բուրվառի բուն մասը, հիմնական կառույցը, ունի մի ծածկ, որ կախված է հիմնական մասի վրա շղթաներով: Շղթաների վերևի մասը ամրացված է կլոր մի հարմարության, որի վրա կա մի օղ, բուրվառը որևէ տեղից ամրացնելու համար: Բուրվառի չորս շղթաների վրա ամրացված կան փոքր բոժոժներ, զանգակներ, որոնք բուրվառի շարժման ժամանակ հաճելի երաժշտական ձայն են հանում:
Բուրվառի հիմնական կառույցի մեջ դրվում է մի փոքր կրակ, որի վրա էլ խունկ, որը բուրվառակրի շարժման հետ միասին վառվում է՝ ծխում և բուրում: Բուրվառի օգտագործումը վերցված է Հին Ուխտից:
Բուվառը օգտագործվում է Սուրբ Պատարագի և ծիսակատարությունների ժամանակ՝ իբրև խնկարկելու և բույր սփռելու միջոց: Խնկարկում են Տերունական և սրբերի պատկերների, Սուրբ Սեղանի, Սուրբ Հաղորդության նշխարի առջև, ինչպես նաև ժողովրդին: Այս ամենից զատ աստվածապաշտության մեջ խնկարկում են՝
1. «Տեր զի բազում»-ը երգելիս
2. Ավետարան կարդալիս
3. «Օրհներգություն» շարականի ժամանակ
4. «Փառք ի բարձունս» երգելիս
5. Անդաստանի ժամանակ
6. «Սուրբ Աստված» երգելիս
7. «Լոյս զուարթ»-ի երկրորդ մասը՝ «Եկեալքս»-ը երգելիս
8. Նախատոնակի ժամանակ:
Բուրվառով հիմնականում խնկարկում է սարկավագը, որին եպիսկոպոսը ձեռնադրության ժամանակ հանդիսավորապես հանձնում է բուրվառը և խնկարկել տալիս: Սակայն զանազան արարողությունների ժամանակ խնկարկում են նաև և՛ հանդիսադիրը, և՛ ժամարարը, և՛ որևէ քահանա կամ վարդապետ:
Հին ժամանակ խունկ ծխելու համար գործածվում էր խնկանոցը: Խնկարկողը ներքևից բռնած մոտեցնում էր սեղանի և պատկերների առաջ և խնկի ծուխը ծխվում էր ամեն տեղ:
Խնկանոցը բուրվառի բուն մասն է փոքր պատվանդանով, չունի շղթաներ և չի շարժվում: Դրվում է հաստատուն տեղում: Խնկանոցի մեջ լցվում է կրակ, վրան դրվում է խունկ՝ ծխելու համար: Սրանով այն տարբերվում է խնկամանից, որի մեջ պարզապես պահվում է խունկը: Խնկանոցը յուրօրինակ չշարժվող բուրվառ է: Այսօրվա դրությամբ եկեղեցում այս ամանը չի գործածվում: Այն շատ հարմար է դնել ննջեցյալների դագաղի մոտ, գերեզմանատանը:
Խնկանոցը խորհրդանշում է Սբ. Մարիամ Աստվածածնին, իսկ նրանում խունկի բուրումը՝ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը: Այն խորհրդանշում է նաև քրիստոնեական եկեղեցին, որն իր մեջ կրում է փրկության ավետիսի անուշահոտությունը: Այս պատճառով խնկանոցները հաճախ պատրաստվում են եկեղեցու տեսքով: Նրանց վրա պատկերվում են նաև Տիրոջ տնօրինությունները՝ սկսած ավետումից, մինչև խաչելություն և հարություն: