25 Նոյեմբեր, Բշ
Մի պատանի իմացավ, որ աշխարհում մի քար կա, որ ցանկություններն է իրականացնում: Նա շատ կամեցավ գտնել այդ քարն ու սկսեց հարցուփորձ անել մարդկանց, թե որտեղ կարող է այն գտնել: Բայց նրա երկրում ոչ ոք չգիտեր դրա մասին: Պատանին ուրիշ երկրներ ուղևորվեց: Նա մի երկրից մյուսն էր անցնում այնքան ժամանակ, մինչև լսեց մի իմաստունի մասին, ով գիտեր այդ քարի տեղը: Երկար դեգերումներից հետ պատանին գտավ իմաստունին:
- Իսկ դու այսինչ երկրից չե՞ս,- հարցրեց իմաստունը:
- Այո՛,- պատասխանեց պատանին,- հենց այդ երկրից եմ եկել:
- Իսկ այսինչ քաղաքում չե՞ս ապրում, լճափին գտնվող տանը:
- Այո՛, այդտեղ եմ ապրում,- պատասխանեց զարմացած պատանին:
- Դե, ահա՛,- հայտարարեց իմաստունը,- ես գիտեմ, որ այդ հրաշագործ քարը ձեր տանը, քո սենյակի պատի մեջ է դրված:
- Մի՞թե այսքան երկար փնտրելուց հետո կրկին տուն պետք է վերադառնամ,- տրտմեց պատանին:
- Եթե այդքան մեծ ջանքերի շնորհիվ այստեղ չհասնեիր, ապա որտեղի՞ց պետք է իմանայիր, թե կախարդական քարը որտեղ է գտնվում,- պատասխանեց իմաստունը:
«… Աստծո Արքայությունը մեր մեջ է» (Ղուկ. 17:21):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի