5 Դեկտեմբեր, Եշ
Հայի անկոտրուն ոգին դարերի պատմության իր շղթան անցավ խաչի ճանապարհով: Պատմության էջերից դասեր քաղելով՝ նա չի կարող մոռանալ, որ իր մեծ պարտությունների և կորուստների հետևանքը մշտապես եղել է անմիաբանությունն ու ներքին պառակտումները: Ուստի, երբ այդ ոգին միաբանվեց, չուշացավ նաև սպասելի պտուղը. 24 տարի առաջ սիրո միաբանության ոգուց ծնունդ առավ անկախությունը, և նա իր ուղին սկսեց ընթանալ ազատության դրոշը ձեռքին: Անկախության տոնը պարտավորեցնում է, որ Երկնքի անփոխարինելի պարգևը՝ անկախությունը, հնարավոր է պահպանել և ամրապնդել միայն սիրո և հավատքի շուրջ ազգովի միաբանությամբ՝ հաղթանակներ գրանցելով այն մարտահրավերների դեմ, որ գալիս են ջլատելու և աղավաղելու հայի ազգային և քրիստոնեական դիմագիծը:
Անկախության՝ ազգային միաբանության տոնից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ մեկնեց ուխտագնացության՝ իր աղոթքներում առավելապես հիշելով հայոց երկիրն ու հայոց բանակը: Ուխտավորների ուղին հասավ դեպի Հայաստանի հյուսիս: Լոռվա աշխարհի բարձր սարերն՝ աշնանային գույներով զգեստավորված, հայ ուխտավորին իրենց վեհությամբ Ամենավեհի մասին էին խորհել տալիս: Նրանք խոնարհաբար կրում էին Լոռվա մեծագույն հարստությունները: Այդ հարստություններից երկուսը՝ Հաղպատի և Սանահինի վանքերը, հյուրընկալեցին իրենց ուխտավորներին:
Լոռվա աշխարհն ակամայից հիշեցնում էր մեծ բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի քառյակներից հետևյալ երկտողը.
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից ացնվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին:
Հաղպատի Սբ. Նշան եկեղեցում ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի: Պատարագիչը Հաղպատավանքի նորանշանակ վանահայր Տեր Ղազար քահանա Թորոսյանն էր, ով քարոզին պատգամեց, որ ուխտավորաբար եկեղեցի գալը և աղոթելն իմաստավորվում է, երբ փորձում ենք այդ ամենի միջոցով ճանաչել Աստծուն: «Ամեն մի ուխտավոր իր հոգու խորքում մի երազանք և ցանկություն ունի: Շատ հաճախ մարդը սխալմամբ այնպիսի բան է խնդրում, որ խոչընդոտ է հանդիսանում նրա ճանապարհին: Աստված նայում է մարդու ոչ թե արտաքինին, այլ սրտին և գիտի, թե ինչ է անհրաժեշտ մեզանից յուրաքանչյուրին»,- ասաց Տեր Հայրը:
Սբ. Պատարագի ընթացքին եկեղեցու ավագ խորանի պատին պատկերված Քրիստոսի մարդասեր հայացքը դիպչում և թափանցում էր յուրաքանչյուրի սրտի խորքը: Ամենափրկիչը բացի ունկնդիր լինելուց, Իր ներկայությամբ և կենաց խոսքով մխիթարում, զորացնում և ուրախություն էր պատճառում բոլոր ներկաներին: Ուխտավորն իր ակնապիշ հայացքով կարծես այն նույն խոսքերն ասեր, որ ասաց Պետրոս առաքյալը Քրիստոսին. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք, հավիտենական կյանք տվող խոսքերը Դո՛ւ ունես: Մենք հավատացինք ու իմացանք, որ Դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծո Սուրբը» (Հովհաննես 6:68-69):
Սիրո ճաշից հետո Տեր Ղազարն ուխտավորներին ներկայացրեց Հաղպատավանքի և նրանում դարեր շարունակ պահվող այն Սուրբ Խաչի պատմությունը, որի մեջ զետեղված է Քրիստոսի խաչափայտից մի մասունք: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտավորները հնարավորություն ունեցան մոտենալու և օրհնություն ստանալու այդ օրհնաբեր մասունքից:
Հաջորդ ուխտատեղին Սանահինի վանական համալիրն էր, որտեղ ևս ուխտավորները Տեր Գրիգորի գլխավորությամբ աղոթեցին առ Աստված հանուն հայոց երկրի և բանակի զորացման: Աղոթքից հետո Տեր Հայրն ասաց. «Հայրենասիրությունը խոսքով չէ, որ արտահայտվում է, այլ այն գործ է, սիրո մի դրսևորում, պատվիրանապահություն, քանի որ քրիստոնյան կոչված է սիրելու իր հայրենիքը, իր եկեղեցին և իր նմանին: Հայրենասիրության վառ օրինակները սահմանին կանգնած մեր զինվորներն են: Սեր ունենանք, նվիրում և ներելու կարողություն և թող Աստված խաղաղություն պարգևի մեզ բոլորիս, որին և իրապես արժանանանք մեր ապրած կյանքով»:
Մեծ էին ուխտավորների տպավորությունները, նրանցից մեկն արտահայտվեց՝ ասելով, որ կարծես աշխարհի կենտրոնում լինեի, իսկ տիկին Նինան անմիջական զգում էր վանքի պատերի կենդանի լինելը, նրանց շնչառությունը և այն պատմությունը, որ նրանք կրում էին իրենց մեջ: Սուսաննայի համար հստակ է այն, որ ճամփորդելը քրիստոնյայի համար ուխտ է և առաքելություն:
Քրիստոնյայի նեղ ճանապարհը երկրից դեպի Երկինք ընթացող իմաստավորվում է ուխտի ճանապարհներով՝ նպատակակետ ունենալով հասնել փրկության տապանին՝ եկեղեցուն՝ այն Դռանը, որից ներս մտնողը կփրկվի (Հովհաննես 14:6). հնարավոր չէ արժանանալ փրկության՝ հեռու գտնվելով եկեղեցի տանող ճանապարհներից: Ճանապարհը մատնանշեց մեր Տերը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6), իսկ փրկության հետ կապված ասաց, որ կփրկվի միայն նա, ով հավատա Իրեն, մկրտվի և ապա հաղորդվի կենարար Մարմնին ու Արյանը (Մարկոս 16:16, Հովհաննես 3:18):
Սուրբ Սեղանի առջև միաբանվածներն անշուշտ գիտեին, որ Աստված է աղբյուրը սիրո, միության և ազատության.
Ո՜ր անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով
Ողջ Քո մեջ՝ անմա՜հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով… (Հովհաննես Թումանյան)
Կարինե Սուգիկյան