22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ապրիլի 6-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 9-ի «Ա» դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պամության ուսուցչուհի Գայանե Գրիգորյանի նախաձեռնությամբ, այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Այցը, ինչպես նշեց մանկավարժը, ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտները եկեղեցում քահանայի բացատրությամբ ծանոթանային Հայ եկեղեցու ճարտարապետական կառուցվածքին, արարողությունների ժամանակ գործածվող աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին և հոգևորականի զգեստներին: Մինչ ճանաչողական դասը, աշակերտները, Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, «Տերունական աղոթք»-ն ասացին: Տեր Հայրը աշակերտներին նախ ներկայացրեց, թե ճարտարապետական ինչպիսի հորինվածք ունեն հայկական եկեղեցիները, ինչ խորհուրդներ ունեն եկեղեցական շենքի տարբեր կերպերը՝ բազիլիկ, խաչաձև և բոլորաձև, և որոնք են եկեղեցիների պարտադիր տարրերը: Աշակերտները տեղեկացան, որ Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածինը եռանավ բազիլիկ եկեղեցի է, ունի գավիթ և եկեղեցուն կից գտնվում է Ս. Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը: Սրբապատկերների վերաբերյալ Տեր Հայրը նշեց, որ հայ եկեղեցին պատկերահարգ եկեղեցի է և ոչ պատկերապաշտ, և որ սրբապատկերն աստվածության որևէ մաս չի պարունակում, այլ նյութ է, որը հնարավորություն է տալիս «օրինակ» վերցնելու «նախատիպից» (Հիսուսից, Աստվածամորից կամ պատկերված որևէ սրբից):
Այնուհետև Տեր Վահանը Վաչագան սարկավագ Դոխոլյանի օգնությամբ աշակերտներին ներկայացրեց աստվածապաշտական գրքերը, եկեղեցական սպասքներն ու հոգևորականների զգեստները՝ նշելով նրանց գործածման ժամանակը, նպատակը և խորհուրդը:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման պատմությունից բացի աշակերտները ծանոթանացան նաև Ս. Անանիա առաքյալի վարքաբանությանը և այցելեցին առաքյալի մատուռ-դամբարան:
«Կարևոր է, որ ձեր սովորածը հիշեք և արժևորեք՝ որպես ազգային և հոգևոր ժառանգություն: Պահպանեք կյանքի գնով մեզ հասած եկեղեցու սրբությունները՝ Տիրոջ վարդապետության միջոցով դառնալով ճշմարիտ քրիստոնյա: Հավատով, Աստծո խոսքով ու Նրա ներկայությամբ ավելի հեշտությամբ կանցնեք ձեր կյանքի ընթացքը և որքան գեղեցիկ լինի ձեր ներքին «ես»-ը, այնքան գեղեցիկ կլինի ձեր արտաքին կյանքը»,- ասաց Տեր Վահանը և հորդորեց չմկրտված աշակերտներին մկրտվել՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լիարժեք զավակները դառնալու համար:
Ճանաչողական դասն իր բարի պտուղները տվեց. աշակերտների մոտ ցանկություն առաջացավ Ս. Պատարագի մասնակցելու և Հաղորդություն ստանալու: «Չենք մոռանա այս դասը, հետաքրքիր էր և տպավորիչ»,- ասացին 108 միջնակարգ դպրոցի 9-ի «Ա» դասարանի աշակերտները և իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Տեր Վահանին՝ ճանաչողական և հագեցած դաս ունենալու կապակցությամբ:
Կարինե Սուգիկյան