26 Նոյեմբեր, Գշ
«Մարդկանցից ո՞վ կարող է ճանաչել մարդու խորհուրդները, եթե ոչ նույն ինքը՝ մարդու հոգին, որ նրա մեջ է» (Ա Կորնթ. 2:11): Ըստ Տիրոջ խոսքի՝ մարդուն հատուկ է հոգու այնպիսի խորություն, որի մեջ դիմացինը չի կարող խորամուխ լինել, ուստի որևէ անձի մասին կարծիքը կարող է մակերեսային լինել: Այսինքն՝ հնարավոր է մարդուն տարբեր տեսանկյուններից բնութագրել, բայց խորությամբ նրան ճանաչելու հնարավորությունը տրված է միայն իրեն, եթե, իհարկե, մարդը ցանկանում է ճանաչել ու բացահայտել իրեն Աստծու առաջ: Ինքն իրեն և Աստծուն ճանաչելը հնարավորություն է տալիս հեռու մնալ դատելու մեղքից: Ինքնահայեցողությունը հոգևոր ուղու սկիզբն է, ինչի շնորհիվ մարդը փոխում է թե՛ իր, թե՛ աշխարհի և թե՛ Արարչի հանդեպ իր հարաբերությունը: Տերը յուրաքանչյուրին պարգևել է սեփական մեղքերը տեսնելու շնորհը: Սակայն, մարդն ուրիշների թերություններով ու մեղքերով զբաղված լինելով՝ չի տեսնում իրենը, այդ պատճառով ընկնում է դատապարտության մեղքի մեջ և զրկվում Աստծու շնորհից: Ս. Հովհաննես Կղեմաքոսն ասել է. «Ինչպես ջուրը հանգցնում է կրակը, այդպես էլ դատապարտելն է վերացնում Աստծու շնորհը»:
Այլ բան է դատելը, այլ բան՝ դատողություն անելը: Դատողությունը, Հայր Պաիսիոս Աթոսացու խոսքի համաձայն, աստվածային շնորհ է, սակայն չարն այն շահագործելով՝ այնպես է անում, որ մարդիկ դատեն և մեղանչեն, իսկ արդար դատում է միայն Աստված, որովհետև միայն Նա է ճանաչում մարդկանց սրտերը. «Քանի որ չգիտենք Աստծու արդար դատը, արտաքնապես «աչքներիս երևացածով» ենք դատում, այդ պատճառով էլ անկումներ ենք ունենում և դիմացինին ենք անարդար համարում: Այսինքն՝ մեր մարդկային դատը մի մեծ անարդարություն է: Քրիստոս ասում է. «Աչքներիդ երևացածի պես մի՛ դատեք, այլ ուղիղ դատաստան արեք» (Հովհ. 7:24):
Մարդուն դատելու իրավունք տրված չէ: Նա այդ իրավունքը կունենար, եթե անմեղ լիներ: Այդ մասին Քրիստոս ասաց անառակ կնոջը քարկոծողներին. «Ձեր միջից անմեղն ի՛նքը թող առաջին քարը գցի նրա վրա» (Հովհ. 8:7): Քանի որ միայն Աստված է անմեղ, ուստի Նա միայն իրավունք ունի դատելու, իսկ մարդը դատելով՝ փորձում է իրեն վերագրել այն իշխանությունը, որ Աստծուն է պատկանում: Հայրաբանական գրականությունը նշում է, որ դատապարտության մեղքի մեջ ընկածին էլ Տերը շարունակում է Իր սերը ցուցաբերել և թույլ է տալիս, որ դատապարտողն ընկնի այն մեղքի մեջ, որում դատապարտել է դիմացինին, որպեսզի զղջա և գիտակցի, որ մեղքի մեջ է ընկել:
Մի օր, երբ Ս. Հովհաննես Սանդուղքին հարցրին, թե հոգսաշատ աշխարհում ապրելով և ընտանիք ունենալով՝ ինչպե՞ս կարելի է փրկվել: Նա պատասխանեց, որ հնարավոր է փրկվել՝ մերձավորին չդատելով: Այդ ուղին փրկության տանող ամենակարճ ուղին է, Տերը Ինքը խոստացավ. «Մի՛ դատեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի. մի՛ դատապարտեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատապարտի» (Ղուկ. 6:37):
Գուցե մարդու արարքն արժանի է դատապարտության, բայց եկեղեցու հայրերը հորդորում են չդատել անձին, որ Աստծու պատկերն ու նմանությունն է կրում: Քանի որ չի բացառվում, որ հաջորդ օրը նա ապաշխարի ու նորոգի իր կյանքը: Այսինքն՝ մարդիկ տեսնում են դիմացինի մեղքը, բայց չեն տեսնում նրա ապաշխարությունը: Ս. Իսահակ Ասորին ասել է. «Սիրի՛ր մեղավորին, բայց ատի՛ր նրա գործերը և աղոթի՛ր նրա համար, որպեսզի հաճելի լինես Աստծուն, Ով զայրույթով չլցվեց մեղավորների հանդեպ, այլ աղոթեց նրանց համար: Մի՛ արհամարհիր մեղավորին իր թերությունների պատճառով, որպեսզի ինքդ էլ չընկնես այն փորձության մեջ, որի մեջ նա է գտնվում»: Երբ Քրիստոս առևտրականներին դուրս հանեց տաճարից, պայքարեց անօրինության դեմ, քանի որ Սուրբ Գրքում գրված է. «Քո տան նկատմամբ Իմ ունեցած նախանձախնդրությունը պիտի այրի Ինձ» (Հովհ. 2:17): Նմանօրինակ դեպքերի կարող են հանդիպել բոլորը, երբ ինչ-որ մեկի արարքը դուրս է գալիս բարոյահոգևոր շրջանակից, այս դեպքում կարիք է առաջանում արձագանքելու և մարդուն կարգ ու կանոնի կոչելու: Ավետարանում գրվածը, թե՝ «արդար դատաստա՛ն արեք» (Հովհ. 7:24) վերաբերում է մարդկանց գործերին և ոչ թե անձերին: Սուրբ Գրքում նաև կարդում ենք. «Ո՞վ ես դու, որ դատում ես Աստծու ծառային: Տերն Ի՛նքը գիտի միայն, կանգո՞ւն է նա իր հավատի մեջ, թե՞ ընկած: Բայց վստահ եղեք, որ նա կանգուն պիտի մնա, որովհետև Տերը կարո՛ղ է նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4): Երբ հանդիպում ենք մեղսալից երևույթի, պետք է նշենք, որ տվյալ երևույթը մեղք է: Այլ բան է, երբ ասվում է, որ հղիության արհեստական ընդհատումը մեղք է, մանկասպանություն, այլ բան է, երբ ասվում է, որ կինը, ով այս մեղքն է գործել, թող աստվածային մեծ պատժի արժանանա: Տարբերությունն ակնհայտ է, անհրաժեշտ է դատել երևույթների մասին, քանի որ ոչ ոք իրավունք չի տվել մարդուն՝ այլ մարդկանց դատավորը դառնալու և դատավճիռ կայացնելու:
Փարիսեցու և մաքսավորի մասին պատմող ավետարանական առակում նկարագրված է, թե ինչպես են նրանք տաճարում աղոթում: Փարիսեցին աղոթում էր Աստծուն և շնորհակալություն հայտնում իր առաքինությունների համար: Նա չէր ստում, ասում էր ճշմարիտը, բայց նա այդ ամենի համար չդատվեց, այլ այն պատճառով, որ իր աղոթքի մեջ մաքսավորին մատնանշելով՝ ասաց. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշ մարդկանց նման հափշտակող, անիրավ, շնացող չեմ, կամ նման չեմ նաև այս մաքսավորին. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ ամբողջ եկամուտի տասանորդը տալիս եմ տաճարին» (Ղուկ. 18:11):
Իսկ ի՞նչ անել մերձավորի մեղքերը տեսնելիս, այս դեպքում եկեղեցու հայրերը հորդորում են. «Երբ տեսնես մեղքի մեջ ընկածին, ապա առավել ուշադրություն դարձրու ոչ թե նրա գործած մեղքին, այլ նրա մյուս արարքներին և կտեսնես, որ նա շատ այլ գործերում ավելի լավն է, քան դու: Իմաստուն մարդը, երբ խաղող է ուտում, ընտրում է քաղցր և ոչ խակ պտուղները: Այդպես և առաքինի մարդը, երբ նայում է դիմացինին, ուշադրություն է դարձնում նրա առաքինություններին, իսկ ոչ խելամիտ մարդն ուշադրություն է դարձնում դիմացինի մեղքերին» (Ս. Բարսեղ Մեծ): «Եթե որևէ մարդասպանի, գողի, հարբեցողի կամ անառակի տեսնես ընկած՝ ոչ ոքի չդատես, քանի որ Աստված նրանց սանձը բաց է թողել, իսկ քոնը դեռ Իր ձեռքում է պահում: Եվ եթե հանկարծ Տերը քո սանձը բաց թողնի, ապա դու կարող ես ավելի անարգ վիճակում հայտնվել՝ նույն մեղքի մեջ ընկնել, որի համար ուրիշին ես դատում, և կործանվել: Այնպես որ ոչ ոքի մի՛ դատիր, իսկ ավելի լավ է՝ աղոթի՛ր Աստծուն փորձանքի մեջ հայտնված այդ մարդկանց համար»,- ասել է ծայրագույն վարդապետ Գաբրիել Ուրգեբաձեն: Մի վանական հարցնում է իր ուսուցչին՝ ի՞նչ անեմ, երբ տեսնում եմ եղբորս մեղքը. պատմե՞մ, թե՞ ծածկեմ այն: Ուսուցիչը պատասխանում է՝ ինչպես, որ վերաբերվես մերձավորիդ մեղքերին, այնպես էլ Աստված կվերաբերվի քո մեղքերին:
Մկրտությամբ մարդ ազատվում է ադամական մեղքից, իսկ հետագայում գործած մեղքերից ազատվում է ապաշխարության և հաղորդության խորհուրդների միջոցով: Աստծուց ներում ստացած անձը, երբ տեսնում է մերձավորի մեղքը կամ հավատում է նրա վերաբերյալ խոսակցություններին և սկսում է դատել ու չարախոսել, ի՞նչ պատասխան է տալու Տիրոջ հետևյալ խոսքին. «Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի, որովհետև աղաչեցիր ինձ: Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ընկերոջը, ինչպես ես ողորմեցի քեզ» (Մատթ. 18:32-33):
Երբ մարդ ընկնում է ինչ-որ մեղքի մեջ, ցանկանում է, որ իր հանդեպ ներողամիտ, համբերատար ու հանդուրժող լինեն և պատրաստ է իր համար արդարացումներ գտնել: Այդ մոտեցումն էլ անհրաժեշտ է ունենալ նաև այլ մարդկանց դեպքում: Դատելու մեղքի մեջ ընկնելու առաջին պատճառն, ըստ երանելի աբբա Դորոթեոսի, սիրո բացակայությունն է. «Եթե մարդն իր մեջ սեր ունենար, ապա կարեկցանքով կնայեր իր մերձավորի թերություններին, ինչպես ասված է՝ «Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ, որովհետև «սերը պատճառ է լինում, որ ձեր բազում մեղքերը ներվեն» (Ա Պետր. 4:8), «սեր ունեցողը չար բան չի խորհում» (Ա Կորնթ. 13:5): Աստծու և մարդկանց հանդեպ մեծ սեր ունեցող սրբերը կույր չէին և տեսնում էին մեղավորին, բայց նրանք չէին ատում ու դատում մեղավորին, չէին խորշում նրանից, այլ կարեկցում էին, հորդորում, մխիթարում, բժշկում էին ինչպես հիվանդ անդամի և անում էին ամեն ինչ, որպեսզի նա փրկվի: Օրինակ՝ մայրը, որ անկարգ որդի ունի, ոչ թե խուսափում և խորշում է նրանից, այլ փորձում է սիրով ուղղել նրան: Այդպես էլ սրբերը միշտ սիրով օգնում էին, հորդորում, որպեսզի մեղավորը ժամանակի ընթացքում ուղղվի և ոչ մեկը նրանից վնաս չկրի»:
Այնուհետև երանելին, շարունակելով իր հորդորը, ասում է. «Որպեսզի հեռու մնանք կործանարար մեղքից՝ դատելուց, օգնենք միմյանց, ինչպես կօգնեինք մեր մարմնի անդամներին: Եթե ինչ-որ մեկն իր ձեռքի, ոտքի կամ այլ անդամի վրա վերք ունենա, մի՞թե կխորշի իրենից և կկտրի իր մարմնի անդամը, անգամ եթե վերքը թարախակալած լինի: Մի՞թե անմիջապես չի մաքրի այն և չի բուժի բոլոր հնարավոր միջոցներով: Այդպես և մարդիկ պետք է կարեկցեն ու օգնեն միմյանց, քանի որ մեկ մարմնի անդամներ են, ինչպես առաքյալն է ասում. «Միացած լինելով Քրիստոսին՝ մենք բոլորս մեկ մարմին ենք» (Հռոմ. 12:5) և «Եթե մարմնի մեկ անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամը պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26)»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը